Դուռը չենք բացելու, հացադուլը կդադարեցնենք միայն այն դեպքում, երբ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը կասեցվի. ԵՊՀ ուսանողներ. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դուռը չենք բացելու, հացադուլը կդադարեցնենք միայն այն դեպքում, երբ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը կասեցվի. ԵՊՀ ուսանողներ. tert.am

12.56
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի դիմաց շարունակվում է ուսանողների դասադուլի ակցիան, որին միացել են նաև Կոմիտասի անվան Կոնսերվատորիայից 30 ուսանող: Ուսանողներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց.«Մենք չէինք  կարող անտարբեր լինել, պետք էր սատարել: Մենք պետք է ցույց տանք, որ արվեստի բուհը՝ Կոնսերվատորիան ուսանողության կողքին է»:

Կոնսերվատորիայի ուսանողը նաև մեկնաբանեց, թե որքանով են իշխանության փաստարկները տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի ընդունման համար հիմնավոր: «Իշխանության փաստարկները հիմք ունեն, բայց այլ ճանապարհով պետք է կոռուպցիայի խնդիրները հանրապետությունում լուծել»:

Կոնսերվատորիայի ուսանողները նշեցին, որ դեռ որևէ խնդիր չեն ունեցել իրենց բուհի ղեկավարության հետ: Ավելին՝ նրանք նշեցին, որ հատկապես երաժիշտների համար օրենքի ընդունումը խնդրահարույց կլինի։

«Շատ վտանգավոր է: Եթե երաժիշտը երկու տարի չնվագի չի կարող շարունակել, պետք  է տարկետման հնարավորությունը պահել»,-ասաց ուսանողներից մեկը:

12.30 
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եկել է ԵՊՀ այն մասնաշենք, որտեղ 5 ուսանողներ հացադուլ են սկսել: Նա փորձեց ուսանողներին  համոզել դադարեցնել հացադուլը: Անվտանգության աշխատակիցները տեղում աշխատող լրատվամիջոցներին թույլ չտվեցին հանդիպումը նկարահանել:

Լսարանից դուրս գալով` Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ կոչ է արել ուսանողներին դադարեցնել հացադուլը, քանի որ դա պայքարի ծայրահեղ գործիք է:

«Նրանք շատ առողջ են պետք մեր հասարակությանը և՛ այս, և՛ այլ պայքարների համար: Թեև իրենք շատ հաստատակամ են իրենց որոշման մեջ, բայց ես կփորձեմ շարունակել համոզել, որ դադարեցնեն»,-ասաց Միրզոյանը:

Միրզոյանը նաև ասաց, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին տեղեկացրել է ուսանողների հացադուլի մասի և որ նրանք վճռական են տրամադրված։

«Այս պահին Արտակ Զաքարյանի արձագանքը դրական չէր, բայց հորդորեցի մտածել այն մասին, որ իշխանությունը պետք է զիջման գնա, ուրիշ լուծում է պետք, չորով օրենքն անցկացնելը լուծում չէ»,-ասաց պատգամավորը:

12.01 
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի և ի աջակցություն ներսում՝  լսարանում գտնվող 5 ուսանողների հացադուլի ակցիայի:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը կոչ արեց քաղաքացիներին, ուսանողներին միանալ իրենց ակցիային և սատարել հացադուլ իրականացնող իրենց ընկերներին: Նա նշեց, որ դեռ երկար ժամանակ գտնվելու են այդ տարածքում:

11.53

Ազատություն ռադիոկայանը մոտեցել է ԵՊՀ այն լսարանին, որտեղ հացադուլ են իրականացնում հինգ ուսանողներ: Նրանց թվում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով էլ «Ազատությանը» դռան ետևից տեղեկացրեց, որ իրենց հացադուլն անժամկետ է, իրենք գիշերելու են լսարանում, իսկ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը կասեցվի:

«Մենք սկզբունքորեն որոշել ենք, որ դուռը պետք է չբացվի՝ հաշվի առնելով հանգամանքները, որ մեզ դուրս կհանեն ու կդադարեցնեն գործընթացը, որոշել ենք ոչ մի դեպքում դուռը չբացել, նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ ուզենան մեզ միանալ»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նա Ազատության հետ զրույցում նաև ասաց, որ ԱԺ-ն չցանկացավ, որ ուսանողները միանան քննարկմանը, իսկ հացադուլ իրականացնելով ուսանողները փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայն կարող է ազդեցություն ունենալ և պետք չէ անտարբեր լինել:

Դավիթ Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հետ կապ հաստատելու, բանակցելու փորձեր արվել են միայն ԵՊՀ ղեկավարության կողմից՝ ի դեմս պրոռեկտորի, իսկ իշխանության ներկայացուցիչներից որևէ արձագանք չեն ստացել:
Դավիթը հորդորել է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել դրսում հավաքված և դասադուլի ակցիան իրականացնող իրենց ընկերներին:
ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը հավաստիացրեց, որ ֆիզիկական ուժ չի կիրառվի ԵՊՀ լսարանում փակված և հացադուլ իրականացնող ուսանողների հանդեպ:

11.15
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում շարունակում է հացադուլը 4 ուսանողների հետ:

Հացադուլ հայտարարած ուսանողները «Ազատություն» ռադիոկայանից համաձայնություն են ձեռք բերել լսարանից օնլայն հեռարձակմամբ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, սակայն համալսարանի ղեկավարությունը թույլ չի տալիս գնալ լսարան և առաջարկում է, որ Դավիթ Պետրոսյանը դուրս գա լսարանից և հայտնի իր տեսակետը: 

10.57
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթեր էր մտել, որում տեղեկացրեց՝ հացադուլ են սկսել, իսկ հացադուլի հիմնական նպատակը հասարակական անտարբերության, ինչպես նաև տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարելն է:

Պետրոսյանը կոչ արեց լսարանի դուռը չջարդել, սադրանքների չգնալ, քանի որ իրենց նպատակն արդար է, խաղաղ:

10.50
ԵՊՀ 5 ուսանողներից մեկը, ովքեր այսօր առավոտից հացադուլ են հայտարարել, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն է:

Նախաձեռնության մյուս անդամ Վահան Կոստանյանը տեղեկացրեց, որ հացադուլ իրականացնող 5 տղաներից 4-ը ծառայել են բանակում:

Իսկ հացադուլի նպատակն է ապացուցել, որ իրենց պայքարը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ է, ոչ թե բանակից խուսափելը կամ դասալքության քարոզը։

10.48
Տարկետման սահմանափակումների դեմ գրեթե մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաների մասնակից ուսանողներն այսօր կրկին հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ:

Դասադուլի ակցիայի մասնակիցներին ողջունեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը: Նա հիշեցրեց, որ այսօր ԱԺ-ում քննարկվելու է, իրենց դիտարկմամբ, խնդրահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ուսանողական ընկերներից 5-ը հացադուլ են սկսել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

«Մեր ընկերներից մի քանիսը ԵՊՀ լսարաններից մեկում հացադուլ են սկսել ուսանողության շրջանում անտարբերության պատճառով: Մենք բոլորս մեղավոր ենք, որ մեր ընկերներից հինգը դիմել են այդ քայլին: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր շարքերը ժամերի ընթացքում մի քանի տասնյակով ավելանան»,-ասաց Կոստանյանը:

Այնուհետև ուսանողները բաժանվեցին խմբերի և շրջեցին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներով:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում շրջելով լսարաններով՝ ուսանողներն իրենց ընկերներին կոչ արեցին միանալ դասադուլի ակցիային և այսպիսով կանխել իրենց մյուս ուսանող ընկերների հացադուլը։

Լսարաններից մեկում դաս անցկացնող դասախոս Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ողջունեց ուսանողների պայքարը։
«Լավ է, որ ուսանողներն իրենց իրավունքները պաշտպանում են, իրենց իրավունքն է՝ մասնացել դասերին, թե չմասնակցել: Իրենք են նախապատվությունը տալիս՝ որտեղ լինեն այս պահին, իսկ հացադուլը շատ ծայրահեղ քայլ է։ Ես էլ կփորձեմ այցելել նրանց, համոզել, որ պայքարի այլ միջոցներ ընտրեն, բայց ընտրությունը նրանցն է»,-ասաց նա։

Իսկ Արևելագիտության ֆակուլտետի մեկ այլ դասախոս՝ Ռուբեն Մելքոնյանը, նշեց, որ օրինագծի վերաբերյալ տեսակետ հայտնելու ավելի ճիշտ հարթակ պետք է գտնել, իսկ ինքն այդ քննարկումներին պատրաստ է մասնակցել։

«Դասադուլն առանց ֆակուլտետային բաժանումների կարող է լինել: Ուսանողները կարող են իրենց իրավունքները տարբեր կերպ բարձրաձայնել, դասապրոցեսը չպետք է տուժի, այն հատվածը, որ ցանկանում է դասի նստել, չպետք է տուժի»,- ասաց Մելքոնյանը:
Իսկ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ ուսանողների դասադուլը ճիշտ չի համարում:

«Ճիշտ չէ, ուսումնական  գործընթացն իր հունով գնում է, ով ուզում է մասնակցել դասադուլին մասնակցում է, ով չէ՝ չի մասնակցում: Ես այս օրենքի նախագիծը համարում եմ անհրաժեշտ ու կարևոր, որովհետև չունեմ հստակ տվյալներ, թե վերջին 20 տարիների ընթացքում ովքեր օգտվել են այս իրավունքից, գիտության ոլորտում ինչ հաջողությունների են հասել: Չեմ կարող ասել՝ նման նախագիծը ինչ վնասներ կարող է տալ»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

Ուսանողներն ակցիան շարունակեցին՝ վերադառնալով ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Այստեղից էլ որոշեցին շարժվել դեպի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենք, որտեղ էլ հացադուլ է իրականացնում 5 ուսանող:

tert.am