Հայաստանում մասնագիտական կողմնորոշման այսօրվա պահանջը ոչ թե մասնագիտության ընտրությունն է, այլ նպատակի ճիշտ սահմանումը, կարիերայի ճիշտ պլանավորումը, մասնագիտությունից-զբաղմունք անցումն ու կարողությունների զարգացումը:
Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի» ղեկավար Հայկուհի Գևորգյանը:
Նա կարևոր քայլ համարեց հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների ներդրումը՝ նշելով, որ նախատեսվում է մի քանի դպրոցներում մասնագիտական կողմնորոշման սենյակներ ստեղծել:
«Դա իրենից ենթադրում է, որ յուրաքանչյուր աշակերտ կունենա իր պորտֆոլիոն և, հետևաբար, պատկերացում կկազմի աշխատաշուկայի այսօրվա իրավիճակի մասին: Հույս ունեմ, որ 2018 թվականին բոլոր դպրոցներում կլինեն նման դասասենյակներ»,- ասաց նա:
Հայկուհի Գևորգյանի խոսքով` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդի մոտ գործատուն նախ և առաջ անձնային որակներն է կարևորում, որ նա լինի պատասխանատու, պարտաճանաչ և կարողանա սովորել: «Այդ ամենից հետո նոր գործատուն հաշվի է առնում տվյալ երիտասարդի մասնագիտական կարողությունները»,- հավելեց Հայկուհի Գևորգյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության և նախատեսման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանն էլ մեծագույն սխալ համարեց մասնագիտություն ընտրելիս աշխատաշուկայում ընդունված և նորաձև մասնագիտությունները հաշվի առնելը:
«Աշխատաշուկայում կան պարզապես ավելի քիչ և ավելի շատ պահանջված մասնագիտություններ: Մասնագիտություն ընտելիս պետք է անպայման հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները»,- հավելեց բանախոսը: