Սայաթ-Նովա փողոցի վրա ապրում էր մի մարդ, որը ծնվել էր 1902 թ-ին Շուշի քաղաքում: Առաջին անգամ նրան տեսել եմ 1980թ-ին: Չորրորդ դասարանում էինք: Դպրոցում ընդունված էր՝ իրար ազգանունով էինք դիմում, չգիտեմ խորհրդային համակարգի սովորություն էր, թե՝ ինչ: Դասընկերուհիս իմ մասին պատմելիս տանը միշտ ասել էր «Հովհաննիսյանի հետ տեղ ենք գնում»: Այդ Հովհաննիսյանը ես էի: Մի անգամ երկուսով բարձրացանք իրենց տուն, որ ասենք «տեղ ենք գնում»: Տեղը սովորաբար մզկիթի բակի Երևանի պատմության թանգարանն էր: Չգիտեմ, շա՞տ էինք սիրում թանգարանը, թե տեղն էր մատչելի: Չորրորդ դասարանի երկու աշակերտ զանգում են իրենց տան մեխանիկական զանգը, իսկ այդ զանգից էլ ոչ մի տեղ չկար ու հաճախ հենց միայն զանգը տալու համար բարձրանում էինք իրենց տուն:
Դուռը բացում է ընկերուհուս յոթանասունութամյա պապը: Կլոր, բարի ժպիտով, բաց ճակատով Հովսեփ պապը, ու ընկերուհիս հերթական անգամ ասում է. «Հովհաննիսյանի հետ տեղ ենք գնում»: Տնեցիները սկսում են հարցեր տալ. «Բա ե՞րբ եք գալու, բա ո՞ւր եք գնում»: Ու ինչ-որ մեկը վերջապես հարցնում է. «Բա ո՞ւր ա հիմա Հովհաննիսյանը»՝ վստահ լինելով, որ Հովհաննիսյանը դասատուներից է: Առանց որևէ տարօրինակ բան գուշակելու` դասընկերուհիս, մատն ինձ վրա տնկելով, ասում է. «Հես ա Հովհաննիսյանը»: Հովհաննիսյանը, տվյալ պահին դպրոցական համազգեստի գոգնոցի թևը կախված, մատերը թանաքոտ, մազերը գանգուր ու շատ ինքնավստահ ներկայանում է: Հովսեփ պապի գլխավորությամբ ևս չորս հոգի մի քրքջոց են դնում, որի իմաստը ես ու դասընկերուհիս, իհարկե, հասկանալ չէինք կարող: Ընտանիքը մոտ մի տարի Հովհաննիսյան ազգանվան տակ նկատի էր ունեցել որևէ ուսուցչի: Ուրախ օր էր:
Մի քանի տարի առաջ, Հովսեփ Յուզբաշյանի դուստրը՝ ընկերուհուս մայրն ու արդեն վաղուց մեր ընկերը՝ Տատյանա Յուզբաշյանը, ինձ տվեց հոր ձեռագիր հուշերն ու առաջարկեց կարդալ, միգուցե մի հետաքրքիր բան ստացվի: Կարդացի, նորից կարդացի, մի քանի անգամ կարդացի անհարթ ձեռագրով ռուսերեն հուշերը, քանի որ Հովսեփ Յուզբաշյանը դպրոց է հաճախել արդեն Թիֆլիսում: Հուշերը ռուսերեն էին, բայց անընդհատ հիշեցնում էին Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն: Գիրք սարքելու միտքն այդ նմանությունից առաջացավ:
Հովսեփ Յուզբաշյանը պատմում էր Շուշիի իրենց տան մասին, քաղաքի տեսքի, մարդկանց, նրանց հագուստի, խանութների, խնջույքների, հումորների մասին: Սկզբում թվաց, թե կրկնությունը շատ է, հետո, զգացի, որ նա չի կրկնում, նա փորձում է հագեցնել իր կարոտն` անընդհատ, նորից պատմելով տան դիրքի, տան սպասքի, սենյակների մասին, թե որ սենյակը դեպի ուր է դուրս գալիս: Կարող է թվալ, թե անհետաքրքիր էր անընդհատ կարդալ նույնը, բայց ես կարդում էի մեծ հարգանքով ու նույնքան մեծ հաճույքով, որովհետև ամեն տողի մեջ զգում էի այդ տարիքն առած մարդու արցունքները, մանավանդ, որ ինքը հաճախ էր տողերում պատմում, թե ինչ է կատարվում հետը, երբ հիշում է բոլոր այդ մանրամասները:
Շատ հետաքրքիր մարդիկ տվեց այդ ընտանիքը, բոլորը կրթվեցին Շուշիի գիմնազիայից մինչև Բեռլինի ու այլ եվրոպական քաղաքների համալսարաններում, բոլորն ինչ-որ հետք թողեցին քաղաքների ու մարդկանց կյանքում:
Հովսեփ Յուզբաշյանի քրոջ՝ Սառայի ամուսինը, հայտնի Գրիգոր Սաղյանն էր՝ բժիշկ-թոքաբան, որը տեղափոխվեց Հայաստան Առաջին հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, Դիլիջանում ստեղծեց մանկական տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնը: Գրիգոր Սաղյանն Աղասի Խանջյանի անձնական բժիշկն էր, որը չստորագրեց Խանջյանի ինքնասպան եղած լինելու եզրակացությունը: Գնդակահարվեց 1937թ.-ին:
Ես սիրեցի նրանց Շուշիի ընտանիքը, թեև չէի տեսել ու չէի կարող տեսնել: Այդ ընտանիքի սերունդներին շատերս գիտենք, նրանց մի մասն ապրել և ապրում է Երևանում. կոմպոզիտոր Արմեն Բուդաղյանը թոռն է Սառա Յուզբաշյանի և Գրիգոր Սաղյանի, հայտնի ծնոտաբան Գրիգոր Էմիլի Խաչատրյանը ծոռն է Սառա Յուզբաշյանի և Գրիգոր Սաղյանի, արևելագետ Կարեն Յուզբաշյանը Նիկիտա Յուզբաշյանի որդին է: 1973-1988թթ. լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանի մայրը՝ Նինան, նույնպես ծնվել ու մեծացել է Շուշիում, Շուշիում հայտնի դեղագործ Սարգիս Շաքարյանի դուստրն է և Հովսեփ Յուզբաշյանի մորեղբոր աղջիկը:
Հուշերը կարդալիս հասկացա, որ անպայման ուզում եմ մարդիկ կարդան, թե հազար ութ հարյուրականներին և ինը հարյուրականների սկզբին ինչեր ուներ Շուշին, ինչ քաղաք էր Շուշին իր «Շուշի-կրեդիտ» բանկով, Խանդամիրյանի թատրոնով, դեղատներով, արվեստանոցներով, Խուբլարովների հրուշակեղենի խանութով, խնջույքների ժամանակ պարած վալսերից փոքրիկ Հովսեփի հիշողության մեջ մնացած «vis –a-vis» «a gauch» արտահայտություններով, «Բեքեր» մակնիշի դաշնամուրով, «Շուշիի լիստոկ» և «Ղարաբաղ» թերթերով, Շուշիի հումորով, որից շռայլորեն մեջբերում է Հովսեփ Յուզբաշյանը:
Թե ինչպես Շուշիում հայտնի Թագուշ-խանումը, որն իր գեղեցկությունից բացի հայտնի էր նաև սեփական սալոնով, որտեղ հավաքվում էին դերասաններ, գրողներ, մեծահարուստներ, Մոսկվայից եկած իր քրոջ պատվին մեծ խնջույք է կազմակերպում ու անհավանական ուտեստներ մատուցում, որ մոսկվաբնակ քրոջից հետ չմնա և երբ վերջում հարցնում է քրոջը, թե ինչպես է անցնում խնջույքը, մոսկվաբնակ քույրը պատասխանում է. «Վեչեռը լավ ա, բայց դիսցիպլինա չկա»: Ինչին Թագուշ-խանումը կարծելով, թե «դիսցիպլինան» թխվածքի տեսակ է, պատասխանում է. «Քուռանամ, կանդիտեր Կրիքորը տորթերը ղարկալ ա, դիսցիպլինան ղարկալ չի»:
Ամբողջությամբ՝ hetq.am