Ընկույզն օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ, հանքանյութեր և ճարպաթթուներ է պարունակում։ Fithacker.ru կայքը ներկայացրել է ընկույզի օգտակար հատկությունները։
- Սիրտ։ Ընկույզի պարբերական օգտագործումը կանխարգելում է սրտի հիվանդությունների առաջացումը, նվազեցնում արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։
- Ուղեղ։ Ընկույզը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում, որը լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը և կարող է նվազեցնել ճանաչողական հիվանդությունների առաջացումը։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են լավացնել հիշողությունը և ճանաչողական կարողությունները։
- Քաշի նվազեցում։ Ընկույզը շատ կարևոր է քաշը կարգավորելու համար։ Չնայած ընկույզի կալորիականությունը բավական բարձր է, քիչ քանակով օգտագործելու դեպքում այն կօգնի ավելորդ քաշի դեմ պայքարում։
- Դիաբետ։ Հետազոտությունների համաձայն՝ կանայք, ովքեր շաբաթվա ընթացքում 28 գրամ ընկույզ են օգտագործում, 24 տոկոսով քիչ են հակված 2-րդ տիպի դիաբետի առաջացմանը։ Ընկույզն օմեգա-3 և 6 ճարպաթթուներ է պարունակում, որոնք կարևոր նշանակություն ունեն 2-րդ կարգի դիաբետի կանխարգելման գործում։
- Տղամարդու առողջություն։ Ըստ որոշ հետազոտությունների՝ ընկույզը լավացնում է սպերմայի որակը։
- Օգտակար է մաշկի համար։ Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են պահպանել խոնավությունը՝ դրան թարմություն և փայլ հաղորդելով։ Բացի այդ՝ ընկույզը կարող է օգնել նվազեցնել բորբոքումը և մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Ընկույզը վիտամին E է պարունակում, որը հայտնի է՝ որպես հակաօքսիդանտ. այն մաշկին փայլ է հաղորդում, այն դարձնում հարթ և արագացնում ապաքինումը։
- Օգտակար է վարսերի համար։ Ընկույզը վիտամին B7 է պարունակում, որը կարող է ամրացնել մազերը, նվազեցնել մազաթափությունը և լավացնել մազերի աճը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը