Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ հասարակության մեջ չպետք է լինի որևէ կասկած, և դրա համար ամեն ինչ պետք է անի Պաշտպանության նախարարը: Եթե չարաշահումների մասին լուրերը հաստատվեն, ապա շատ մարդիկ պետք է հրաժարական տան:
Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով ցնցված է մամուլի՝ հիմնադրամի մասին վերջին շրջանի տեղեկություններից: Նա նշեց, անձամբ մտածել է, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում նման բան չի կարող լինել:
«Լուրջ ցավ եմ ապրում, որովհետև անձամբ ես մտածում էի, որ մարդիկ, որոնք նախաձեռնել են, պաշտպանության գործող նախարարն ամեն ինչ պետք է անի՝ նման կասկածներ չծագեն: Պիտի հիշեցնեմ Շարմազանովի խոսքերը, որ «ով որ ձեռք տա, շան տղա ա: Փաստորեն, եթե այդ կասկածները հաստատվեն, ուրեմն՝ ստացվում է՝ մեր ազգը շան տղաներից է բաղկացած … ես հարցնում եմ՝ մեր ազգում միայն շան տղանե՞ր են, մեր մեջ մարդկություն, խիղճ չի մնացե՞լ: Եթե այս լուրը հաստատվի, ապա կարծում եմ՝ շատ մարդիկ պետք է հրաժարական տան: Եվ նախարարը պիտի ասի, քանի որ ես էի սրա երաշխավորը և ես եմ այս գաղափարի առաջ տանողն ու պաշտպանը եղել, ձեզ, ժողովուրդ ջան, հավատացրել եմ, բայց այդպես չեղավ, շան տղերքը մեր մեջ շատ էին, ուրեմն՝ հրաժարական եմ տալիս»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Զոհված և վիրավորված զինծառայողների համար ստեղծված ապահովագրական հիմնադրամի շուրջ մեծ աղմուկ է հասունանում, հնչում են նաև մտահոգություններ, որ մի քանի միլիոնի չարաշահումներ են տեղի ունենում, ըստ էության՝ 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին։ Չնայած եռամսյակային հաշվետվություններում գումարների շրջանառության հետ կապված թվերը կարգավորված են ներկայացվում, բայց իրականում պատկերն այլ է»:
Երբ ապրիլյան պատերազմից հետո ջրի երես ելան մի շարք հանգամանքներ, այդ թվում, որ տանկերում վառելիք չի եղել, Պաշտպանության նախարարությունում առանց փակագծերը բացելու պաշտոնանկությունների շարք եղավ, որոշ՝ ռազմական գործին առնչվող փորձագետներ հայտարարեցին, որ սրանից հետո բանակից գողացողը պետք է դատվի պատերազմի օրենքներով: Անահիտ Բախշյանը համաձայն է ու ասում է. «Քանի մեր երկրում ընդամենը խոսում ենք, այսպես ասած՝ հասարակական ամոթանք ենք տալիս, պարսավանքի ենք ենթարկում, բայց դատարանն իր խոսքը չի ասել և դրանք չեն պատժվում առավելագույն պատիժներով, ուրեմն՝ շարունակվելու է այս ամեն ինչը»:
Իսկ այս դեպքում, ըստ Անահիտ Բախշյանի, ամենալավ գաղափարն իսկ դառնալու է զրո: Մասնավորապես, հիմա էլ, կրկին, Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակներում պաշտպանության նախարարը երաշխավորում է, որ երիտասարդներ, գնացեք, ծառայեք, եկեք՝ գիտությամբ զբաղվեք. խոսքը տարկետման սահմանափակումների մասին երեկ չէ՝ առաջին օրը ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի մասին է, որն ուղեկցվել է ուսանողների բազմամարդ դասադուլներով: Անահիտ Բախշյանը, որն անձամբ կողմ է օրենքին, ասում է, որ սրանից հետո արդեն կասկածի տակ է առնելու այս գաղափարը ևս: Եթե, իհարկե, իր ձևակերպմամբ, շան տղերքը կապ չունենան օրենքի կիրարկման հետ:
Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը տևական ժամանակ բարձրաձայնում էր Արցախում գործող «Մարտիկ» բարեգործական հիմնադրամի միջոցների՝ ոչ նպատակային, հռչակված նպատակներին ծառայելու. հոգաբարձուների խորհրդի ոչ թափանցիկ աշխատաոճի մասին և անգամ՝ բաց նամակ էր գրել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է փլուզվում մարդկանց հավատն ու վստահությունը պետական այրերի կողմից շահարկվող բարեգործական նպատակների հանդեպ:
Այսօր էլ, անդրադառնալով թեմային, ասաց. «Ո՞նց անենք, ո՞նց անենք, որ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կանչի այդ Արթուր Աղաբեկյանին, ասի՝ Արթո՛ւր, բավական ա, ես պարտավոր եմ հաշվետու լինել այդ հարցում, պարտավոր եմ ասել՝ ինչ եղան հիմնադրամի գումարները,արի՝ ասա, տեսնեմ ՝ ինչ եղավ: Կամ կարող է ինչ-որ մի բանի համար են ծախսել, որ չեն ուզում ասել, թող ինչ-որ ձևով հասկացնեն, բայց էսպես չի կարելի: Կասկածը խլուրդի նման ընկել է մեր երկրի պատերի արանքը՝ քարերն իրարից պոկում է: Չի կարելի սա այլևս հանդուրժել»:
Շարունակելով՝ Անահիտ Բախշյանն ասաց, որ հասարակության ներսում կասկածի որդը սպանելու մեկ ճանապարհ կա. վերհանել, գտնել, պատժել, բռնել գողացողի ձեռքը և անգամ՝ կտրել: