Վահե Չիլյանին հանդիպեցինք Արցախի զորամասերից մեկում: 18 տարեկան է, բանակում ծառայում է արդեն հինգ ամիս: Ասում է. «Չեմ էլ զգացել, թե այդ հինգ ամիսներն ինչպես են անցել. ոնց որ մի շաբաթ առաջ եկած լինեմ: Կարծում եմ՝ նույն կերպ էլ կանցնեն ծառայությանս մյուս ամիսները»:
Նախքան բանակ գնալը պատկերացում չի ունեցել բանակային կյանքի, ծառայության ընթացքի մասին. «Իմացածս այն էր, ինչ լսել էի մարդկանցից ու տեսել հեռուստացույցով: Ինձ ասում էին, որ դժվար է լինելու, շատ դժվար, միգուցե չդիմանաս, բայց ինչ եկել եմ ծառայության, ոչ մի խնդիր չեմ ունեցել, հենց առաջին օրվանից ժպիտը դեմքիս է»: Մեզ հետ զրույցն էլ սկսեց ու ավարտեց ժպիտով:
Խնդրեցինք մի փոքր պատմել իր առօրյայի մասին, թե ինչպես է հարմարվել բանակային կյանքին. նախ, ուղղում մտցրեց. «Իմ չէ, մեր առօրյան, այստեղ բոլորս նույնն ենք, առօրյան, նույնիսկ մտքերն են նույնը,-հետո շարունակեց,-առավոտ վեր ենք կենում, արագ հագնվում, գնում ենք ֆիզիկական պատրաստության, դրանից հետո՝ ճաշարան, դե, հետո էլ՝ դասերով: Հարմարվելու հետ կապված խնդիր չի եղել, այստեղ վատ բան չեմ տեսել, ընտրել եմ մի քանիսին՝ որպես լավ ընկեր, մեծամասամբ, նրանց հետ եմ շփվում, բայց մյուսների հետ էլ կապը պահում եմ, որովհետև չգիտես՝ կարող է վաղը կամ մյուս օրը մարտական դիրքում հենց նրանց հետ կանգնած լինեմ. պետք է մեկը մյուսի հանդեպ լավ լինի»:
Դեռևս մարտական հերթապահություն չի իրականացրել, ասում է՝ շատ շուտով: Արդեն տրամադրված է:
Չարենցավանում հարազատները Վահեին անկասկած կարոտում են, Վահեն էլ՝ նրանց, բայց ասում է՝ դա խնդիր չէ:
«Զինվորի մոտ հիմնական դժվարությունները սկսվում են նաև հենց այն պահին, երբ մտածում է տան մասին: Ես խնդիր չունեմ, միշտ լավին եմ տրամադրված: Հիմա էլ, որ խոսում եմ, զգում եմ, որ հարազատներս հանգիստ են, ոգևորվում են, որովհետև ամեն զրույցի ժամանակ միայն լավի մասին ենք խոսում, չնայած, որ ինձ ճանապարհելիս տխուր էին, հուզվեցին: Նույնիսկ վերջին պահին, որ ուզում էի ավտոբուս բարձրանալ, գրկել էին, բաց չէին թողնում»:
Զինվորը դեռևս չի մտածել՝ ինչով է ցանկանում զբաղվել ծառայությունից հետո, սակայն վստահ է՝ բանակում անպայման կգտնի պատասխանը:
Սյուզի Մուրադյան