Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին
Advertisement 1000 x 90

Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին

Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը: Գարդասիլով պատվաստման հակառակորդները, վկայակոչելով Բիլ Գեյթսի խոսքերը, նշում են, որ այդ պատվաստանյութը ստեղծվել է բնակչության թիվը կրճատելու համար: Պատվաստման կողմնակիցներն էլ ընդդիմախոսներին մեղադրում են անտեղյակության և «դավադրությունների տեսությանը» հավատալու մեջ՝ նշելով, որ նրանց շրջանում բժիշկներ չկան: Բայց բանն այն է, որ գարդասիլի դեմ հանդես են գալիս նաև բազմաթիվ բժիշկներ: Նրանց հիմնական փաստարկը հետևյալն է. գարդասիլը վտանգավոր է, իսկ դրա արդյունավետությունն ապացուցված չէ: NEWS.am Medicine-ի թղթակիցն այդ թեմայով զրուցել է մանկաբույժ և վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ:

Ինչո՞ւ եք դեմ մարդու պապիլոմավիրուսի դեմ գարդասիլով պատվաստմանը:

1957 թվականին Գերմանիայում GmbH դեղագործական ընկերության կողմից ստեղծվեց, այնուհետև ամբողջ աշխարհում կիրառության մեջ դրվեց տալիդոմիդ դեղամիջոցը, որը ոչ բարբիտուրատային տրանկվիլիզատոր էր, շատ արդյունավետ և հավանության էր արժանացել բոլոր պատկան կառույցների, այդ թվում՝ FDA-ի կողմից: Կիրառության 4 տարիների ընթացքում աշխարհում ծնվեցին ավելի քան 10.000 արատավոր երեխաներ՝ կույր, համր, առանց վերջույթների, որոնցից շատերը ապրում են մինչ օրս, և աշխարհն առերեսվեց նախադեպը չունեցող մի աղետի հետ, որը հետո պետք է կոչվեր տալիդոմիդային ողբերգություն:

Մարդկությունը սթափվեց, իսկ բժշկությունն ընկրկեց իր իսկ ստեղծած արտադրանքի առաջ: Պարզ դարձավ, որ յուրաքանչյուր արդյունավետ դեղամիջոց չէ, որ կարելի է օգտագործել: Այդպիսով ի հայտ եկավ դեղամիջոցի կիրառության երկրորդ չափորոշիչը` անվտանգությունը:

Ուսումնասիրել եմ FDA-ի և CDC-ի կայքերը և չեմ գտել գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ բավարար ապացույցներ, որոնք լիարժեք կհիմնավորեն դրա արդյունավետությունն ու անվտանգությունը: Փոխարենը կան ռուսալեզու և անգլալեզու հարյուրավոր հոդվածներ՝ ինչպես հանրամատչելի, այնպես էլ մասնագիտական, որոնք վկայակոչում են գարդասիլի վնասակարությունը, թերարդյունավետությունը, մի քանի տասնյակի հասնող, այդ թվում՝ ծանր կողմնակի ազդեցությունները`ցնցումային համախտանիշ, դեմիելինիզացնող նեյրոպաթիաներ, կաթվածներ, վերջույթների տրեմոր, ուշագնացություն, սուր տարածուն ուղեղաբորբ,  սուր իդեոպաթիկ պոլիռադիկուլոնևրիտներ, տրոմբոէմբոլիկ բարդություններ և իդիոպաթիկ արյունացան, լիմֆադենոպաթիաներ, Գիեն Բարրի համախտանիշ, աուտոիմուն հոդա- և անոթաբորբեր, ձվարանների դիսֆունկցիաներ, վաղաժամ սեռական ինվոլյուցիա, կյանքի հետ անհամատեղելի անաֆիլակտիկ ռեակցիաներ և այլն:

Ըստ որոշ գնահատականների՝ զարգացած երկրներում, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ռիսկը կազմում է 1.4/100.000 բնակչի հաշվով, ավելի շատ մարդ տառապում է ՄՊՎ-ի պատվաստման կողմնակի ազդեցություններից և բարդություններից, քան մահանում է քաղցկեղից: Գարդասիլի օգտագործումը որպես արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման միջոց մասնագիտական վեճերի և տարաձայնությունների առարկա է ամբողջ աշխարհում, որն առնվազն կասկածի տակ է դնում դրա օգտագործման նպատակահարմարությունը, իսկ կասկածելի դեղերով և պատվաստանյութերով (գոնե մեզ հայտնի) ես չեմ պատվաստի իմ երեխային, հետևաբար՝ խորհուրդ չեմ տա և ոչ մեկին:

Պատվաստումն արվում է 13 տարեկանում, իսկ արգանդի վզիկի քաղցկեղն առաջանում է հիմնականում 40 տարեկանից հետո, հետևաբար անհնարին է գնահատել պատվաստանյութի արդյունավետությունը կիրառման կարճ ժամանակահատվածում, նույնիսկ զգայուն տիպերի համար: Վստահ եմ, որ բժիշկների, ասել է թե՝ գիտակ մարդկանց բացարձակ մեծամասնությունն իր երեխային նման պատվաստում չի անի: Խոսքը ոչ թե առհասարակ չանելու, այլ գոնե մի 3 տարով հետաձգելու մասին է, որովհետև 10.5 տարին բավարար ժամանակ չէ՝ գնահատելու համար դրա լիարժեք արդյունավետությունն ու հեռահար կողմնակի ազդեցությունները:

Անվտանգության չափորոշիչը բժշկության զինանոցից դուրս է մղել հարյուրավոր դեղամիջոցներ՝ ստեղծված աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունների կողմից, ըստ որում՝ որոշները 20 և ավելի տարի կիրառությունից հետո: Վերջին 3 տարիներին, երկարատև օգտագործումից հետո, Հայաստանի շուկայից նույնպես հետ են կանչվել շատ արդյունավետ դեղեր` անվտանգ չլինելու պատճառով: Նիզորալ՝ ստեղծված 1976 թվականին (Բելգիա), տիբերալ` 1977թ. (Շվեյցարիա), Մերիդիա`1988թ. (Մեծ Բրիտանիա), բիոպարոկս`1996թ. (Ֆրանսիա) և բազմաթիվ այլ օրինակներ: Հայկական դեղաբանական միջավայրն ավելի անպաշտպան է. այսօր մենք կիրառում ենք դեղեր, որոնք չեն կիրառվում կամ պարզապես արգելված են նույնիսկ արտադրողի երկրում:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանհամար:

Թիրախային խմբերի մշտադիտարկում և սքրինինգ: Իհարկե՝ հայտնի է, որ պատվաստումը շատ ավելի արդյունավետ և մատչելի միջոց է, քան սքրինինգը (ԱՄՆ-ում 2005 թվականին ՄՊՎ-ի հետ առնչվող ծախսերի 80%-ը կատարվել է սքրինինգի համար՝ 8 մլրդ-ից 6.4-ը), սակայն գարդասիլով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ամենևին արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստում չէ. գարդասիլը կարող է կանխել միայն ՄՊՎ-ի որոշ շիճատիպերով վարակը և, գուցե, դրանցով պայմանավորված քաղցկեղի առաջացումը: Այդ պատվաստանյութը չի կանխում ՄՊՎ-ի մյուս տիպերով վարակն ու դրանցով պայմանավորված քաղցկեղը, ինչպես նաև քաղցկեցի առաջացման բազմաթիվ այլ պատճառները, ուստի սքրինինգի անհրաժեշտությունը չի վերանում: Կարելի է պատվաստանյութի ձեռքբերման համար ծախսվող գումարը ներդնել կրթական հանրամատչելի զանգվածային տեղեկատվական ծածկույթ ապահովելու և թիրախային խմբերի սքրինինգ հետազոտման համար:

Այն, որ արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրը չափազանց արդիական է և դրա վերահսկումը՝ կարևոր, կասկածից վեր է, բայց ո՛չ կասկածելի միջոցներով: Մենք սխալվելու իրավունք չունենք:

Դուք առհասարակ դեմ եք պատվաստումներին, թե՞ միայն գարդասիլին:

Պատվաստանյութերը բժշկագիտության և մարդկության մեծագույն հայտնագործություններն են, որոնց շնորհիվ փրկվել և փրկվում են տասնյակ միլիոնավոր կյանքեր: Հայտնի է, որ շատ ավելի դյուրին է կանխել հիվանդությունը, քան բուժել այն: Պրակտիկ աշխատանքում ամեն օր շփվում եմ պատվաստումների խնդրի հետ և գրեթե առանց բացառության բոլոր հիվանդները քննարկում են, 20%-ը` վիճարկում, իսկ շուրջ 10%-ը՝ մերժում պատվաստման նպատակահարմարությունը (ըստ որում՝ վերջինների թիվը շարունակ աճում է): Իմ տեսակետը հստակ է. եթե չկան հակացուցումներ, պատվաստում պետք է արվի: Եվ արվում է իմ բազմահազար պացիենտների 99%-ին: Ես բացատրում եմ, որ ինչպես բժշկական ցանկացած մանիպուլյացիա կամ դեղամիջոցի կիրառում, պատվաստումը նույնպես ռիսկեր է պարունակում, բայց դրանք կառավարելի են և անհամեմատելի չպատվաստվելու պոտենցիալ ռիսկերի հետ: Այդ իսկ պատճառով դեմ եմ իմ երկրում որևէ կասկածելի պատվաստանյութի կիրառմանը, որը պատվաստման նկատմամբ շարունակ աճող անվստահության պատճառով գերզգայուն հասարակության մեջ կարող է վարկաբեկել ամբողջ կոնցեպցիան և առաջացնել բուռն բացասական ալիք: Իսկ գարդասիլից ծանր կողմնակի ազդեցությունների հավանականությունը չափազանց մեծ է:

Եթե պատվաստանյութի արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ, ինչո՞ւ են ԱՀԿ-ն, ԳԱՎԻ-ն, իսկ Հայաստանում՝ մեր առողջապահության նախարարությունն այդքան եռանդով լծվելդրա ներդրման գործին:

Այսօր դեղագործական ընկերություններն են կառավարում աշխարհը. ստեղծում են վիրուսներ, հետո «պայքարում» դրանց դեմ: Դեղագործական արդյունաբերության տարեկան շրջանառությունն աշխարհում ավելին է, քան զենքի, թմրամիջոցների, պոռնոինդուստրիայի ամբողջ արտադրանքի շրջանառությունը միասին:

med.news.am