Նախ, հակիրճ նկարագրեմ, թե ինչ է նշանակում «հուզական ինտելեկտ» ասվածը: Առհասարակ դիմացինին հեշտորեն հասկանալու և արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու, ինչպես նաև՝ առօրյա խնդիրներ լուծելու համար, մենք պետք է կարողանանք հասկանալ նրա հույզերն ու զգացմունքները: Իսկ դա հասկանալու համար պետք է ունակ լինենք գիտակցել և ճանաչել սեփական հույզերի և զգացմունքների առաջացման աղբյուրները: Այդ ամենի գիտակցումն ու ճանաչումն անվանում են հուզական ինտելեկտ:
Եթե երեխան սկսի ճանաչել և հասկանալ սեփական հույզերն ու զգացմունքները, կարողանա դրանք կառավարել, դրան մեկտեղ՝ ունակ լինի ճանաչել նաև դիմացինի հույզերը, ապա նա շատ հեշտորեն կկարողանա փոխհարաբերվել ցանկացածի հետ: Ապագայում կկարողանա կառավարել սեփական կյանքն ու իրականացնել երազանքներն ու մտահղացումները:
Հուզական ինտելեկտի առկայությունը կարևոր է ցանկացած տարիքում, որպեսզի ունենանք գիտակցված, լիարժեք և երջանիկ կյանք: Այն կարևոր է նաև, որպեսզի մենք դիմացինի հետ կառուցենք վստահելի, կայուն և ներդաշնակ փոխհարաբերություններ:
Եվ այսպես, ինչպե՞ս զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը.
- Կարգավորեք սեփական հույզերն ու օրինակ ծառայեք նրա համար դրական տեսանկյունից
Շատ են դեպքերը, երբ երեխան՝ լինելով սեփական հույզերի և զգացմունքների գերին, գտնվում է անկառավարելի վիճակում, ինչը հունից հանում է նույնիսկ ամենախելամիտ ծնողին: Այնինչ ծնողը, պահպանելով սեփական հուզական հավասարակշռությունը, պետք է օգնի երեխային՝ հասկանալ և գիտակցել իր հետ կատարվելիքը: Ուժեղ, հանգիստ և հավասարակշռված ծնողի ներկայությամբ նա պետք է սովորի ավելի լավ հասկանալ ինքն իրեն և կառավարել իրավիճակը: Պետք է հիշել, որ երեխան միշտ չէ, որ կանի այն, ինչ իրեն ասում եք, սակայն նա միշտ կանի այն, ինչ դուք եք անում: Երեխաները սովորում են կառավարել սեփական հույզերը մեծահասակի օրինակով: Ամենածանր հուզական իրավիճակում, եթե դուք պահպանեք հանգստություն և ցուցաբերեք հավասարակշռված վարք, ապա երեխայի համար դա կլինի ազդանշան, որ ամեն ինչ կառավարվում է, և նրան վտանգ չի սպառնում: Պետք է հիշել, որ մեղադրանքները, սպառնալիքները և պատիժը չեն ապահովի սպասելի արդյունք: Նման իրավիճակում երեխան ոչ մի բան չի սովորի: Նրան պետք են հասկանալի բացատրություններ, պարզ կանոններ, թույլատրելիի հստակ սահմաններ, որոնք չեն խախտվի իր հետ ապրող մեծահասակների կողմից, ինչպես նաև՝ հանգստություն, հարգանք և ապրումակցում: Օրինակ, երեխային կարելի է բացատրել, որ իրենց սիրելի բազմոցը կկոտրվի, եթե նա շարունակի անընդհատ թռչկոտել դրա վրա, և բացատրելուց հետո անպայման առաջարկել այլընտրանք՝ որևէ հետաքրքիր կամ նոր խաղ, որը պետք է խաղալ միասին:
- Թույլատրեք երեխային արտահայտել բոլոր հույզերը, սակայն սահմանափակեք բացասական գործողությունները
Պետք է սահմանափակել երեխայի այն գործողությունները, որոնք կարող են վնասել իրեն կամ իրեն շրջապատող մարդկանց և առարկաները: Օրինակ, երեխան չպետք է հատի ճանապարհը՝ առանց ձեր ձեռքը բռնելու, չի կարելի աղբը նետել հատակին, կամ հրել այլ երեխաների, խաղալ ապակյա կամ սուր իրերի հետ, և այլն: Այն իրավիճակներում, երբ ձեր երեխայի գործողություններն անթույլատրելի են, դուք պետք է ձևակերպեք հստակ կանոններ, բացատրեք դրանք երեխային, նշեք թույլատրելիի սահմանները և, հնարավորության դեպքում՝ առաջարկեք այլընտրանք: Սահմանափակումների հետ մեկտեղ՝ թույլատրեք երեխային արտահայտել այն հույզերը, որոնք կապված են ձեր գործողությունների հետ: Դրանք կարող են լինել հիասթափության, անբավարարվածության, զայրույթի, դժգոհության տեսքով:
Երեխաները զգում են սեփական հույզերը ցույց տալու անհրաժեշտություն, և նրանց համար կարևոր է, որ մենք այդ հույզերը լսենք և տեսնենք: Երեխային սենյակ ուղարկելու փոխարեն՝ որտեղ նա իր ճնշող հույզերի հետ կմնա մենակ, ցույց տվեք, որ հասկանում եք նրան և աջակցում՝ անկախ ամեն ինչից: Երբ հույզերի «փոթորիկը» կանցնի, երեխայի մոտ կառաջանա ավելի խորը և ջերմ հուզական կապ ձեզ հետ, քանի որ բարդ իրավիճակում դուք աջակցել եք նրան: Միայն դրանից հետո, երբ երեխայի հուզական վիճակը հանդարտվել է, նրան կարելի է բացատրել իր վարքի անընդունելի կողմերը: Ձեր օգնությամբ նա ավելի արագ կսովորի կառավարել սեփական հույզերը՝ իրեն չզգալով մերժված և անտեսված:
- Փորձեք հասկանալ, թե երեխայի որ զգացմունքներն ու պահանջմունքներն են անցանկալի վարքի պատճառը
Առանց բացառության, բոլոր երեխաներն էլ ցանկանում են ունենալ ջերմ և սերտ հարաբերություններ իրենց ծնողների հետ: Նրանք ձգտում են իրենց դրսևորել լավ կողմերով և ընդունված լինել մեր կողմից: Այն, ինչ մենք անվանում ենք «վատ պահվածք»՝ իրականանում առաջանում է այն բուռն հույզերի և զգացմունքների պատճառով, որոնց դեմ երեխան չի կարողանում պայքարել, ինչպես նաև այն կարևոր պահանջմունքների հետ, որոնք չեն բավարարվում: Պետք է հիշել, որ, եթե մենք անտարբեր լինենք այն իրական պատճառի նկատմամբ, ինչը դրդում է երեխային նման վարքի, ապա նրա պահվածքն աստիճանաբար կդառնա անտանելի և անկառավարելի: Հետևաբա՝, պետք է ուշադիր լինել և փորձել հասկանալ վարքի հիմնական սկզբնաղբյուրը՝ կարևորելով երեխայի յուրաքանչյուր խոսքային և վարքային դրսևորումը:
Սովորեք հասկանալ ինքներդ Ձեզ, սովորեցրեք Ձեր երեխաներին հասկանալ իրենց հույզերն ու զգացմունքները, որպեսզի մարդկային փոխհարաբեությունները կառուցելիս լինեք ազնիվ և ներդաշնակ:
Կամիլա Խաչատրյան