Հաջողության շատերս ենք ուզում հասնել, և կան մարդիկ, որոնք մեր իսկ ցանկությունը կարողանում են «հաջողությամբ» վաճառել մեզ։ Լավ է, եթե դրա հետ մեկտեղ մենք ստանում ենք կոնկրետ գիտելիք և ուղղորդված խորհրդատվություն։ Վատ է, երբ պարզ ստորադասական խորհուրդները փաթաթում են մեր վզին՝ իբրև պրոֆեսիոնալ կարծիք։
Ցավոք, թրեյնինգների դաշտում ամենաթողություն է, քանի որ դրանք, հատկապես՝ հաջողությանը վերաբերողները, անցկացնում են կիսագրագետ անձինք, իսկ իսկապես փորձառուներն այս ֆոնին սովորաբար չեն էլ ցանկանում երևալ՝ հասկանալով, որ թերիներն այնքան շատ են, որ հնարավոր է՝ թերկրթվածության ստվերն իրենց վրա էլ ընկնի ու խանգարի։ Հատուկենտ մասնագետներ են, որ մարտնչող տգիտության դեմ պայքարում են գիտելիքի սվիններով ու փորձի վրա հիմնված օրինակներով, սակայն նրանց գտնելն իսկապես ավելի բարդ է․ թերի ասելիք ունեցողներն իրենց շատ ավելի լավ են գովազդում ու տարածում։
Կյանքը փոխել հորդորող մի թրեյներ կա, ներքին խոհանոցներում հայտնի է որպես այս ու այն բիզնեսն իր անունից ներկայացնող (հիմնադիր է, գաղափարի հեղինակ, հետո միշտ ինչ-որ բան այն չի գնում, ու նա իր «ֆանտաստիկ» գաղափարները «նվիրում է» իրական հեղինակներին․․․Լավ հեքիաթ է, չէ՞), ու թրեյնինգների ընթացքում էլ փաստում է, թե այս ու այն խոշոր գործարարի հետ ջերմ-մտերիմ հարաբերությունների մեջ է, խոստանում է ակտիվներին աշխատանքի տեղավորել իրենց մոտ, սակայն մի քանի ճշգրտումներից հետո պարզվել է, որ որոշ գործարարներ տվյալ թրեյների անունն անգամ չգիտեն։
Թրեյնինգները հիմնականում անցնում են «առավոտյան պետք է մարմնամարզությամբ զբաղվել», «եթե նպատակ ունեք, բաժանեք այն մասերի, ու սկսեք մաս-մաս կատարել», «երբ աշխատանքը սիրում ես, այն դառնում է հոբբի, իսկ հոբբիով զբաղվելիս միայն հաճույք ես ստանում, աշխատանքը պիտի հաճույք պարգևի» կոնտեքստի մեջ։ Այս մասնագետը հորդորում է իր սեմինարների մասնակիցներին անընդհատ փոխել իրենց կյանքն ու անընդհատ ավելի լավը դառնալ, իսկ ինքը երկու-երեք տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ սովորել գրագետ գրել` տարրական տառասխալներ է անում՝ ինչն այդքան էլ բարդ չէ։ Տրամաբանական հարց․ արժե՞ վստահել «կյանքի ուսուցչի», որը չի էլ փորձում հենց իրեն ավելի լավը դարձնել։ Կամ՝ չի կարողանում։
Մեկ ուրիշ ծանր դեպք նույնպես կա․մի բարետես երիտասարդ էլի կյանքափոխման թրեյնինգներ է անցկացնում՝ մասնակիցներին բաժանելով սեփական նկարով բլոկնոտներ։ Իսկ երիտասարդի անունը․․․ Չէ, նա ո՛չ Ալբերտ Էյնշթեյնն, ո՛չ Ցուկերբերգը, ո՛չ էլ տեղական՝ Ռուբեն Վարդանյան։ Եվ ես նույնպես կիսում եմ ձեր զարմանքը՝ անձին նման կարևորություն տալու թեմայով։ Անունը պետք էլ չի տալ, քանի որ այն ձեզ ոչինչ էլ չի ասի։ Եվս մեկ տրամաբանական հարց․արժե՞ վստահել մի երիտասարդի, որը գաղափարին ուշադրություն դարձնելու փոխարեն՝ ընկել է կերպի ետևից, ու չնայած նրան, որ դեռ շատ անցնելիք ճանապարհ ունի, սեփական պատկերով իրեր է սկսել արտադրել։
Երկու հարցերի դեպքում էլ պատասխանն ակնհայտ է թվում, բայց արի ու տես, որ շատերն են նրանց վստահում։ Վստահում են թրեյնինգների ոլորտում փորձ չունեցողները, աշակերտներն ու ուսանողները, որոնք հուսով են լավ կապեր գտնել թրեյնինգների ժամանակ ու լավացնել «սիվիների» պարունակությունը։
Բայց հմուտներին սրանով չես խաբի։ Իսկ սխեման շատ պարզ է գործում․ որքան անփորձ են երիտասարդները, այնքան ավելի հեշտ է նրանց քեզնով անելը։ Որքան շատ ես քեզնով անում, այնքան ավելի հայտնի ես դառնում։ Իսկ երիտասարդներին սովորեցնում ես պարզ ճշմարտություններ։ Եվ եթե անգամ ոմանք իրոք ունեն դրանք լսելու կարիքը, թրեյներները պետք է այդ մակարդակից ավելի բարձր կանգնած լինեն։ Բայց քանի որ այս մակարդակը ձեռնտու է շատերին, անփորձները խայծը կուլ են տալիս, հեշտ տարբերակով գումար աշխատել սիրողները դառնում են թրեյներ, իսկ իսկապես՝ բիզնեսի, տնտեսագիտության, կյանքի մեջ փորձ ունեցողների մեծ մասը մնում են շվաքում, քանի որ ոտք չեն ուզում մեկնել վերջիններիս հետ։
Ի՞նչ անել՝ խայծը կուլ չտալու համար։ Թրեյնինգներն, իրականում, հրաշալի որոշում են, եթե տեղին են ու ինֆորմացիոն։ Եթե որոշել եք որևէ թրեյնինգի գնալ, համացանցում ռուսերեն կամ անգլերեն (գերմաներեն, ֆրանսերեն․․․) լեզվով փնտրեք ու այդ թեմայով կարդացեք տասից տասնհինգ հոդված՝ տարբեր աղբյուրներից։ Կարդացեք ուշադիր ու անշտապ, կարող եք նշումներ անել։ Երբ գնաք թրեյնինգի, առաջին իսկ պահից պետք է զգաք, որ այստեղ չեն վերաշարադրում վերոնշյալ հոդվածները։ Եվ եթե նման միտում եք տեսնում, ուղղակի գնացեք։
Կյանքի հմտություններ մեզ կարող են սովորեցնել մարդիկ, որոնք գործնականորեն են բախվել շատ լուրջ խնդիրների, որոնք տեսել են շատ ավելի, քան մեր առօրյա խնդիրներն են։ Բիզնես խորհրդատվություն կարող են անցկացնել մարդիկ, որոնք բախտի բերմամբ չեն հարստացել, որոնց չեն դասավորել աշխատանքի՝ ծանոթով կամ գեղեցիկ աչքերի համար։ Նրանք մի քանի անգամ սննկացման եզրին են հայտնվել, և սովորաբար, շատ փոքր տարիքից բանվոր կամ մատուցող են աշխատել․նման մարդիկ կան մեր իրականության մեջ, բայց ցավոք, նրանց մասին գիտեն քչերը, քանի որ մենք նախընտրում ենք գումար վատնել ու լսել մարդկանց, որոնք վերաշարադրում են մեզ պարզ ճշմարտություններ, քանի որ ծույլ ենք ու չենք ուզում թրեյնինգների պատրաստված գնալ՝ գոնե տասից տասնհինգ հոդված կարդալով։
Մի թույլ տվեք, որ սեփական գրագիտությունը շտկել չցանկացող կամ սեփական անձով չափից դուրս ու դեռևս անտեղի հետաքրքրված անձինք ձեր ուղեղը աղբով լցնեն՝ սովորեցնելով այն, ինչը դուք, այսպես թե այնպես, սովորելու եք։
Կան հրաշալի մասնագետներ, որոնց ավելի դժվար է գտնել, բայց՝ հնարավոր է։ Որոնք ավելին են, քան տասից տասնհինգ կարդացած հոդվածը։ Որոնք կյանքի սեփական փորձից խոսելիս ստիպում են փշաքաղվել ու գիտակցել, որ հասարակ կենցաղը չպիտի կոտրի քեզ՝ եթե այս մարդը հիմա այստեղ է՝ սիրով ու աչքի փայլով լեցուն։
Դե իսկ թրեյներներից մի խնդրանք ունեմ․խնդրում ենք հիշել, որ բոլորը չեն, որ խայծը կուլ են տալիս։ Որ լուրջ մասնագետները ծիծաղում են ձեզ վրա՝ ոչ թե որ նախանձում են, այլ որովհետև անզեն աչքով էլ տեսնում են ձեր անկրթությունը։ Եվ եթե իսկապես ուզում եք ոլորտում առաջատար լինել, պետք է ուղղակի մասնագետ լինեք։ Լինեք, և ոչ թե՝ թվաք։
Եվ որպես ամփոփում՝ թեմատիկ անեկդոտ․
– Բարև ձեզ, սկսում ենք «Ինչպես մեկ օրում վաստակել մեկ միլիոն դրամ» սեմինարը։ Հարց հանդիսատեսին․ որքա՞ն արժեր սեմինարի տոմսը։
– Հազար դրամ։
– Որքա՞ն նստատեղ կա սրահում։
– Հազար նստատեղ։
– Շնորհակալություն, սեմինարն ավարտված է։
Սյունե Սևադա