«Վերջապես գտա իմ երկիրը, իմ տունը, իսկ առաջ ես չգիտեի՝ ինչ եմ, ով եմ… Դա շատ վատ զգացում է, երբ չգիտես՝ ինչ պիտի ասես, երբ հարցնում են՝ լիբանանցի ես, սիրիացի ես, թե ինչ ես:
Հիմա ես կարող եմ ասել՝ հայ եմ ու հայաստանցի եմ»,- ասում է 29-ամյա Ջոնի Կոնդակջյանը, որի կյանքի պատմությունը իսկական դրամատիկ սյուժե է: Ջոնին ծնվել է Հալեպում: Մայրը 5 դուստր ուներ, երբ ծնվում է ինքը: Նշում եմ՝ մայրը, որովհետև Ջոնիի հայրը քույրերի հետ կապ չուներ:
Ասենք՝ իր հետ էլ կապ չուներ, քանի որ ընդամենը կենսաբանական հայր էր, որ որդու ծնվելուց հետո անհետացել էր: Ջոնին 11 տարեկան էր, երբ մայրը քաղցկեղից մահացավ: Երեք ավագ քույրերն արդեն ամուսնացել էին ու տեղափոխվել Կանադա և Սիրիայի հեռավոր քաղաքներից մեկը:
Ինքն ու իրենից 2 տարով մեծ քույրը մնացել էին որբ ու անօգնական: Այդ ժամանակ մորեղբայրը, որ ապրում էր Լիբանանում, մեծ դժվարությամբ (քանի որ երեխաներն անձնագիր չունեին) իրեն ու քրոջը տեղափոխում է Լիբանան և տեղավորում արաբական գիշերօթիկներից մեկում:
Երկու տարի անց մորեղբայրը նույնպես մահանում է: Միակ խնամակալն աշխարհում մնում է Լիբանանի հեռավոր քաղաքներից մեկում սարերի վրա ծվարած գիշերօթիկը. «Չկա աշխարհում մեկը, որ մեծացած լինի գիշերօթիկում և քեզ ասի, որ այնտեղ լավ էր: Բայց մի բան կա, որ առաջ չէի հասկանում և ընդդիմանում էի, թե ինչու է էսպես, ինչու են կոպիտ, ինչու պետք է առավոտյան այս ժամին զարթնեմ, իմ անկողինը ես հավաքեմ և այլն: Հիմա հասկանում եմ՝ այդ ամենը նաև ինչքան կարևոր էր ինձ համար ու հետագայում ինչքան անհրաժեշտ»:
Ամբողջությամբ՝ ankakh.com