24/7 Վտանգված ճանապարհին. chai-khana.org
Advertisement 1000 x 90

24/7 Վտանգված ճանապարհին. chai-khana.org

Արդեն  22 տարի է ամուսիններ Սուսաննա և Մուրադ Եղյանները ձմերուկ, սեխ են աճեցնում և օգոստոսից մինչև հոկտեմբերի վերջ վաճառում իրենց հողակտորի հարևանությամբ` Մեղրի-Երասխ մայրուղու վրա գտնվող տաղավարում: Եղյանների, ինչպես նաև ճանապարհի այս հատվածի մյուս տաղավարները գտնվում են մշտական վտանգի տակ, քանի որ ադրբեջանական դիրքերից մոտ 1,5 կմ հեռավորության վրա են: Սակայն գումար վաստակելու համար, նրանք ստիպված են այստեղ վաճառել իրենց բերքը, քանի որ այլ հնարավորություն չունեն:

«Օր ու գիշեր այստեղ են, որ վաճառենք ամբողջ բերքը: Մեր աշխատանքն այս ճանապարհի վրա ամեն պահ վտանգված է. սահմանը դիմացն է, թեկուզ կրակոց չկա, բայց դե թշնամու աչքի առաջ ենք»,-ասում է 56-ամյա Սուսաննա Եղյանը:

349 կմ երկարությամբ Երասխ-Մեղրի ճանապարհն անցնում է Հայաստանի արևմուտքով`  Թուրքիայի սահմանից ոչ շատ հեռու և ձգվում է մինչև Հայաստանի հարավը` Իրանի հետ սահմանը: Ճանապարհը սկսվում է հենց այնտեղից, որտեղ տեղակայված է Եղյանների տաղավարը, այն մի քանի կիլոմետր է հեռու Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանից:

Ճանապարհն այլ վտանգներ ևս ունի` միշտ  ծանրաբեռնված է մարդատար և բեռնատար մեքենաներով:

«Պատահել է մեզ շատ մոտիկ հեռավորության վրա վթար է եղել: Գիշերն էլ ընդհանրապես չի լուսավորվում»,-ասում է Սուսաննա Եղյանը:

Դարչնագույն ծղոտե տաղավարում նստած Սուսաննան ամեն անգամ մեքենայի արգելակման ձայնի հետ ինքնաբերաբար վեր է թռչում տեղից:

Չնայած բոլոր դժվարություններին, այս ճանապարհն ավելի անվատանգ է, քան նրանց նախկին հողակտորները, որոնք գտնվում էին Երասխից 9կմ հեռավորության վրա` Պարույր Սևակ գյուղում: Ադրբեջանական սահմանից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղի մյուս բնակիչներն էլ ստիպված էին թողնել Սևակի իրենց հողատարածքները և հողակտորներ վերցնել Երասխ-Մեղրի մայրուղու հարևանությամբ, քանի որ սահմանի պատճառով այնտեղ անհնար էր մշակել:

Իսկ Երասխ-Մեղրի մայրուղու հարևանությամբ գտնվող հողատարածքներն էլ սակավ բերրի են, և առատ բերք ստանալու համար գյուղացիները ստիպված են ամեն տարի փոխել հողատարածքը, նույն տեղում երկրորդ տարին տնկելու դեպքում, բերքը հաջող չի լինում:

«Այս վտանգի մեջ վաճառում ենք մեր բերքը, որ կարողանանք ապահովել ընտանիքի ապրելու կամ ավելի ճիշտ գոյատևելու խնդիրը: Կուտակում ենք մի ամբողջ ձմեռվա պաշար, եթե այդպես չանենք, սոված կմնանք»,-ասում է 60-ամյա Ապավեն Աբրահամյանը:  

Որպես սահմանային գոտու բնակիչներ, նրանք ունեն որոշ արտոնություններ` 2016 թ-ից գյուղացիների ջրի վարձը կիսով չափ զեղչվում է, 5000 դրամ նրանց աջակցում են ամեն ամսվա հոսանքը վճարելիս, և պարարտանյութ են գնում 1000-2000 դրամ ավելի էժան:

Բեռնատար և մարդատար մեքենաներին վարորդներին ձմերուկ և սեխ վաճառելը գյուղացիներին տալիս է այնքան եկամուտ, որ նրանք կարողանում են դրանով գոյատևել ձմռանն ու գարնանը: Իսկ չվաճառած բերքն էլ փոխանակում են այլ գյուղերում` տարատեսակ մթերքների հետ:

Ամբողջը՝ chai-khana.org