Նիկոլայ Ամոսովի անունը հայտնի դարձավ ոչ այն ժամանակ, երբ նա սկսեց կատարել սրտի իր առաջին վիրահատությունները: Փառքը գտավ նրան, երբ առողջ ապրելակերպի մասին նրա գրած գրքերը սկսեցին կարդալ տասնյակ-հազարավոր մարդիկ: Մարդը, ով դարձավ սրտի վիրահատությունների պիոները, շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում պատասխանատվություն, երկաթյա նյարդեր և կյանք ու մահ:
Ապագա վիրաբույժը մանկաբարձուհու որդի էր: Մայրը նրան մենակ էր մեծացնում. ապրում էին գրեթե աղքատության մեջ: Բուհից հետո գործնական բժշկությամբ նա ստիպված էր զբաղվել` ռազմադաշտային պայմաններում վիրահատություններ կատարելով. սկսվել էր պատերազմը: Ճակատամարտի դաշտերով զինվորական հոսպիտալը տեղաշարժվում էր ձիերի վրա, և նրա` 5 հոգուց բաղկացած թիմի ձեռքի տակով ողջ պատերազմի ընթացքում անցան ավելի քան 40 000 վիրավորներ:
Ծանր սրտային արատներով երեխաներին օգնելու առաջին փորձերը նա արեց 1955թ.: Արյան արհեստական շրջանառություն ապահովող Ամոսովի ապարատի օգնությամբ 1-ին հաջող վիրահատությունը կատարվեց 1960թ.: Իսկ 1962թ. Ամոսովը հորինեց արհեստական հատուկ սրտի փականներ: Նա իր մնացած գաղափարները ևս կիրականացներ, եթե իր սեփական սիրտը թույլ տար: Նրա օրգանիզմը հյուծված էր, նա կեղեքում էր իրեն յուրաքանչյուր սխալի, վիրահատության ժամանակ մահվան ամեն դեպքի համար: Սրտի արատ ունեցող մի փոքրիկի մահից հետո Ամոսովն ընկավ խորը դեպրեսիայի մեջ: Այս վիճակը հաղթահարելու համար նա սկսեց գրի առնել իր զգացողությունները: Այսպես լույս տեսավ նրա 1-ին գիրքը «Գիտություն և կյանք» ամսագրում՝ 3 միլիոն տպաքանակով: Այդ գիրքը հետո վերատպվեց 10 մլն տպաքանակով և նրան հանրահայտ դարձրեց ողջ երկրով մեկ: Իր հանդեպ խստությունը, զարմանալի անկեղծությունը, խիզախությունը և հիվանդների նկատմամբ գթասրտությունը նրան սիրելի դարձրին բոլորի համար:
Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ, երբ արդեն տարիքով բավականին մեծ Ամոսովը ծանր հիվանդությունից հետո ձեռնոց նետեց ծերությանը` ծանրաբեռնվածության ու սահմանափակումների իր սեփական համակարգը հորինելով, նրան, շունչը պահած, հետևում էր ողջ երկիրը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ն. Ամոսովի` առողջ ապրելակերպի հիմնական սկզբունքները:
Հույս մի ունեցեք, որ բժիշկները Ձեզ առողջ են դարձնելու
Նրանք կարող են կյանք փրկել, նույնիսկ բուժել հիվանդությունը, բայց հետո ինքներդ Ձեզ վրա պետք է հույս դնեք հանգիստ ապրելու համար: Ես որևէ կերպ չեմ վիճարկում բժշկության հզորությունը, սակայն գիտեմ, որ մարդն ինքն է իր առողջության շինարարը: Բժիշկը բուժում է հիվանդությունը, սակայն առողջություն ինքներդ պիտի հայթայթեք, քանի որ այն մեր ամբողջ ֆիզիոլոգիայի, օրգանների պահուստային հզորությունն է:
Այդ ուժերը մեզ պետք են նորմալ պահելու համար ֆունկցիոնալ ցուցանիշները հանգիստ և ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածության ժամանակ, ինչպես նաև չհիվանդանալու համար, իսկ հիվանդանալու դեպքում` հնարավորինս չմեռնելու համար: Այդ ուժերը մեզ պետք են, ասենք, վարժություններ կատարելիս կամ վազելիս արյան զարկերակային ճնշումը և սրտի ռիթմը թույլատրելիից 1.5 անգամից ավելի չբարձրանալու, իսկ անխուսափելի շնչարգելությունը՝ շուտ անցնելու համար, որպեսզի չվախենանք միջանցիկ քամուց, իսկ մրսածությունը շուտ անցնի առանց դեղերի, և ընդհանրապես, որպեսզի լավ աշխատենք, քնենք, ուտենք ու խմենք: Իսկ այդ ուժերը դեղերով ձեռք չես բերի, այլ միայն մարզումներով, վարժություններով ու ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, աշխատանքով, ցրտին ու տապին, սովին ու գերհոգնածությանը դիմանալու կարողությամբ:
Հիվանդանում են բոլորը
Նորմալ կենսագործունեությանը խանգարող տարատեսակ ֆունկցիաների խանգարումներ բոլորի մոտ էլ պատահում են: Դրան նպաստում են արտաքին գործոնները` վարակներ, էկոլոգիա, հասարակական ցնցումներ, ինչպես նաև՝ սեփական ոչ խելամիտ վարքը, երբեմն էլ բնածին արատները: Պնդում եմ, որ մարդու բնույթը գերակշիռ դեպքերում ամուր է: Ճիշտ է, մանր-մունր հիվանդություններն անխուսափելի են, սակայն լուրջ դրանք դառնում են ոչ խելամիտ կենսակերպ վարելուց, մարզված չլինելուց: Աղքատությունը, սթրեսները 2-րդ տեղում են:
Պահուստային ուժերի մարզումը խելամտորեն պիտի կատարվի
Սա նշանակում է՝ խելամտորեն, բայց համառ կերպով: Արտառոց ոչինչ չեմ հորինել: Պետք է հետևել ստորև ներկայացվող 3 գլխավոր կետերին:
– Կերակուրը պետք է շատ քիչ քանակությամբ ճարպեր պարունակի, օրական անպայման 300 գ բանջարեղեն և միրգ, և որպեսզի քաշը չբարձրանա «հասակ-100կգ» բանաձևից:
– Մարմնամարզություն: Այն բոլորին է պետք, իսկ երեխաներին և ծերերին` հատկապես: Քանի որ հիմա աշխատավայրում գրեթե ոչ ոք ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի ունենում, ապա պետք հիշել, որ օրական մեկ ժամ սպորտով զբաղվելը պարտադիր է:
Բայց նորմալ մարդը դա անելու համար բնավորություն չի ցուցաբերում: Կարելի է գոնե 20-30 րոպե մարմնամարզությամբ զբաղվել. Սա մոտավորապես 1000 անգամ շարժում է ենթադրում, ցանկալի է՝ 2 կգ կցագնդերով: Խորհուրդ եմ տալիս դա անել հեռուստացույցի առջև նորություններին հետևելիս: Եվ քայլեք օրական 2 կմ: Վազքն ընդհանրապես իդեալական տարբերակ կլինի:
Եվ ամենաբարդը` սեփական հոգեբանության կառավարում
Սովորեք կառավարել Ձեզ, իշխել ինքներդ Ձեզ վրա: Դա անելու շատ եղանակներ կան: Ես, օրինակ, երբ շատ լարված եմ լինում, ուշադրությունս կենտրոնացնում եմ ռիթմիկ շնչառության և մկանները թուլացնելու վրա: Իհարկե, ավելի լավ է տվյալ դեպքում ակտիվ մարմնամարզությամբ զբաղվել, քանի որ դա այրում է ադրենալինի ավելցուկը, և անոթները և այլ օրգաններ փրկվում են սպազմից: Կենդանիները, օրինակ, սթրեսսը հաղթահարում են փախուստվ կամ միմյանց հետ կռվելով:
Ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ հիվանդանում
Կարծում եմ, որ մարդկանց 90%-ը ճիշտ կենսակերպ վարելու դեպքում առողջ կլինի: Բայց դրա համար կամքի ուժ է պետք, որը մարդիկ մեծ մասամբ չունեն:
Եվ վերջում. ՃԻՇՏ ԲԺԻՇԿ ԸՆՏՐԵՔ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը