«ԴՐՍՈՒՄ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՍ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԷՐ»
– Գագիկ, 21 տարի Արգենտինայում ապրելով, մշտապես մասնակից եք լինում հայապահպանության ծրագրերին…
– Այո, որովհետև դրսում ապրելով` արժևորում ես այն ամենը, ինչը հայրենիքում քեզ համար սովորական բան էր, քանի որ բոլորը հայ են, խոսում են հայերեն: Երբ այս տարի 5 տարեկան տղայիս առաջին անգամ բերեցի Հայաստան, զարմացած ասաց` պապա, այստեղ բոլորը հայերեն են խոսում: Ասացի` այո, սա այն երկիրն է, որտեղ հայեր են ապրում, և բոլորը հայերեն են խոսում: Հայրենիքից դուրս ապրելուց ես զգում, թե ինչ ազգի ես պատկանում, ով ես դու: Բայց պետք է մեր երկրում ապրելով հասկանանք ու արժևորենք, թե մենք ով ենք: Հովհաննես Շիրազն ասում է` այն հայը, որ դրամ ունի և չի ծախսում իր ազգի համար, այն հայը, որ տաղանդ ունի և չի օգտագործում` ի նպաստ իր ազգի, ուրեմն` թքած ունեմ այդ տաղանդի վրա էլ, այդ դրամի վրա էլ… Հզոր խոսք է:
«ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ ՃԱՆԱՊԱՐՀ ԿՏՐԵԻ»
– Դուք 2015-ին առաջին երաժիշտն էիք, որ Արարատի գագաթը նվաճեցիք դուդուկով և ամենաբարձունքում հնչեցրիք դուդուկի երաժշտությունը:
– Համենայնդեպս, ասում են` նման փաստ մինչ այդ չի արձանագրվել, բայց պիտի ասեմ, որ դա վաղեմի երազանք էր, ինչը, թեպետ դժվարություններով, բայց իրականացրեցի: Իրոք, շատ դժվար էր բարձրանալը, բայց ամեն հայ, եթե առողջությունը ներում է, իսկ եղանակային պայմանները բարենպաստ են, ուրեմն` կհասնի մինչև գագաթ: Մեզ օգնեց եղանակը և Արարատ լեռան ուժը, որը մեզ բարձրացրեց մինչև գագաթ: Իսկ երբ արդեն Արարատ լեռան գագաթում էինք, ու նվագում էի դուդուկ, անբացատրելի էին զգացողություններս, որոնք չեմ կարող բառերով նկարագրել: 23 տարի ապրելով Հայաստանում` Էջմիածնում, ու թեպետ Արարատն աչքիդ առաջ էր, բայց նաև հեռու էր, ու կարծում էիր, որ անկարելի է նվաճելը: Փաստորեն` Արարատ լեռան գագաթին հասնելու համար պետք է Արգենտինայից ճանապարհ կտրեի` հասնելու Վան, Բայազետ:
«ՇԱՏ ՏԽՈՒՐ ԿԼԻՆԵՄ, ՈՐ ՏՂԱՍ ՀԱՅԵՐԵՆ ՉԽՈՍԻ»
– Գագիկ, տիրապետում եք միանգամից 4 երաժշտական գործիքի` շվի, կլարնետ, դուդուկ և ուդ, սակայն նախապատվությունը տալիս եք դուդուկին: Ձեր որդին է՞լ է հետաքրքրված դուդուկով:
– Նա դեռ փոքր է, չեմ կարող ասել, բայց ամենակարևորը, որ տվյալներ ունի: Նա, ծնվելով Արգենտինայում, հայ է, երբ երաժշտություն է լսում կամ ֆիլմեր ենք նայում, ու դուդուկի ձայն է հնչում, իր սենյակից վազելով գալիս ասում է` պապա, դուդուկ են նվագում, արդեն դա մեծ բան է: Որտեղ մենք ապրում ենք, հայախոսներ քիչ կան, բայց որդուս հետ հայերեն եմ խոսում, զուգահեռ` նաև իսպաներեն, որպեսզի կարողանա հայերենը սովորել: Շատ տխուր կլինեմ, որ տղաս հայերեն չխոսի: Կուզենայի անքան լավ լիներ Հայաստանում, որ ոչ մի հայ չմտածի հայրենիքից դուրս ապրելու մասին, այլ միայն օտար երկիր գնան զբոսաշրջիկի կարգավիճակով: Ամեն անգամ, երբ լսում եմ, որ իմ օրինակով Հայաստանից արտագաղթ կա, շատ եմ ցավում: Մի խոսք կա` ասում է, երբ բոլոր բարեկամներով շրջապատված էինք, չէինք գիտակցում, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ ենք, բայց այսօր, երբ չկան այդ մարդիկ, ու դու, ունենալով դրամ, աշխարհի ամենաաղքատ մարդն ես: Մի օր բոլորս անպայման հետ կգանք Հայաստան: Համենայնդեպս, ուրախ չեմ, որ արտասահմանում եմ ապրում, որ 2 լեզվով եմ երեխայիս հետ խոսում… Դրսում ապրող ամեն մի հայ պետք է մտածի իր հաջողությունը կիսել իր Հայաստանի հետ և կենացներից զատ հայրենիքին օգտակար լինի գործով:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Ամբողջությամբ՝ iravunk.com