2003 թ. դեկտեմբերի 11-ը հռչակվել է Լեռների միջազգային օր՝ ի նպաստ լեռնային գոտիների ճանաչման ու զարգացման:
Ունենալով լեռնային երկիր՝ առանձնապես լավ չգիտենք մեր առանձնահատկությունները, այնինչ պարտավոր ենք: Խնդրի նրբություններին անդրադարձել ենք Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) հիմնադիր, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության անդամ Տիգրան Շահբազյանի հետ:
– Որքանո՞վ է լեռնային տուրիզմը զարգացած Հայաստանում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, և առհասարակ ի՞նչ ունենք առաջարկելու ոլորտի սիրահարներին:
– Անկախության հաստատումից առաջ մարդիկ ժայռամագլցման պարապմունքների կամ պարզապես ճամփորդության համար գնում էին Խորհրդային Միության տարածքում գտնվող հետաքրքիր ու բարդ լեռները: Մերը քիչ էր ուսումնասիրված: 90-ականներին սոցիալական վիճակի վատթարացման պատճառով մարդիկ ուղղակի դրա գումարն ու տրամադրությունը չունեին, և միայն 2000-ականներից լեռնագնացությունը սկսեց որոշ զարգացում ապրել Հայաստանում: Մարդկանց, հատկապես՝ կիրակիները բնության գրկում անցկացնողներին, ձգում են լեռնային արշավները, որ հանգստի ոչ միայն նոր, այլև մատչելի տեսակ են:
– Հայկական աշխարհագրական նախագիծ. ի՞նչ է դա, ի՞նչ հաջողություններ ունեք:
– Նախագիծը ստեղծվել է 2012-ին, զբաղվում ենք աշխարհագրական տուրիզմով՝ շեշտը դնելով բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների ծանոթության վրա: Լեռնային տուրիզմի զարգացմանն է ուղղված արդեն 3 տարի գործող և ընթացքի մեջ գտնվող «Մերն է» նախագիծը, որի նպատակն է վերելքներ իրականացնել դեպի Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները: Չնայած անհաղթահարելի գագաթ չունենք, «Մերն է» նախագծի իրականացման առաջին ամիսներին յուրաքանչյուր արշավից առաջ նախօրոք ուսումնասիրում էինք տարածքը: Սակայն ընթացքում նոր տարբերակ ձևավորվեց. մարդկանց տանում ենք չուսումնասիրած երթուղիով, ուսումնասիրում ենք միասին: Գագաթներ կան, որոնք առաջինը մենք ենք հաղթահարում, դա շատ հետաքրքիր է արշավորդների համար: Սակայն կան մի քանի ժայռոտ լեռներ, որոնք առանձնացրել եմ նախապես մենակ բարձրանալու համար: Հայաստանի նման քիչ տեղեր կան, որ փոքր տարածքի վրա այդքան հետաքրքիր երևույթներ ունենան տեսնելու ոչ միայն բնության, այլև պատմամշակութային հուշարձանների առումով: Ուղղակի պետք է պրպտել, գտնել: Հայաստանի լեռնաշղթաների ամենաբարձր կետերը բարձրանալուց հետո մեր կայքում գրում ենք հավաքած բոլոր տեղեկությունները, որոնք չես գտնի ո՛չ գրքերում, ո՛չ համացանցում:
Ամբողջը՝ ankakh.com