Նոր արշավ քրիստոնեության դեմ. «Հայր մեր» աղոթքի փոփոխության մասին
Advertisement 1000 x 90

Նոր արշավ քրիստոնեության դեմ. «Հայր մեր» աղոթքի փոփոխության մասին

Տերունական աղոթքի փոփոխությունն անթույլատրելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով աղոթքի տեքստում փոփոխություններ կատարելու մասին մամուլում տարածված լուրերը, նման կարծիք է հայտնել կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքով` ըստ Աստվածաշնչի` Տերունական աղոթքն առաքյալները ստացել են Հիսուս Քրիստոսից` որպես ավանդ, ուստի դրա ճշգրտությունը վիճարկելը կարող է հանգեցնել քրիստոնեության և այլ կրոնների հարաբերություններում նոր ճնշումների։

«Նման աղոթք աշխարհի որևէ այլ կրոնում չկա։ Սա կարևորագույն աղոթքն է, որը մարդուն բարձր է դասում մարդ–բնություն, մարդ–տիեզերք հարաբերությունների մեջ։ «Մարդ ուղղահայաց կարող է կանգնել ու դիմել Աստծուն և ոչ թե այլ կրոնների պես ընկնել գետնին ու ասել` ես ցեխի կտոր եմ, փոշեհատիկ եմ։ Այս աղոթքով Հիսուսը մարդուն բարձրացրեց այն մակարդակին, որ կարողանա տիեզերական զգացողություններ ունենել և իրեն Աստծո որդի համարել` ասելով` Հայր մեր»,– ասում է Խաչատրյանը։

Աղոթքի նկատմամբ ցանկացած թերահավատություն, Վարդան Խաչատրյանի համոզմամբ, կարող տարաբնույթ մեկնաբանությունների և քրիստոնեություն դեմ նոր քարոզարշավի առիթ դառնալ։ Առավել ևս, որ Եվրոպայում տիրող մթնոլորտը նման փոփոխություններ ձեռնարկելու համար բարենպաստ չէ։

«Այդպիսի շռայլություն չի կարելի թույլ տալ հատկապես Ֆրանսիայում, որտեղ բնակչության մեծ մասն ուղղակի կասկածով է լցված քրիստոնեության հանդեպ»,– նշում է Խաչատրյանը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Տերունական աղոթքը փոխելու նախաձեռնությունը ոչ այնքան Հռոմի պապի, որքան ֆրանսիական կաթոլիկների նախաձեռնությունն է։

Հիշեցնենք` արևմտյան մամուլի հաղորդումների համաձայն` Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մտադիր է փոխել տերունական աղոթքի տեքստը, քանի որ նրա կարծիքով՝ «Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն» տողը ժամանակին արամեերենից սխալ է թարգմանվել։

«Դա սխալ թարգմանություն է, որովհետև ենթադրել է տալիս, թե Աստված է մեզ տանում փորձության»,- արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է Ֆրանցիսկոս պապը: Նա նաև նշել է, որ քրիստոնյաները սովոր են համարել, որ դեպի մեղք դրդողը սատանան է:

Աստվածաբան կրոնագետը վստահ է, որ Տերունական աղոթքի հայերեն տարբերակը չի կարող թարգմանության խնդիր ունենալ։ Այն հայերենում այլ կերպ է հնչում, քան անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։

armeniasputnik.am