Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. armeniasputnik.am

Իրանի տարածքում այսօր տեղի ունեցած երկրաշարժը վկայում է` տարածաշրջանում տարվա ընթացքում նկատված սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։

Ավելին, նրա խոսքով` ակտիվությունը դեռ շարունակվելու է, մասնավորապես` Հայաստանի և Արցախի տարածքներից դեպի արևելք և հարավ–արևելք, ասել է թե` Իրանի և Ադրբեջանի տարածքներում։

«Իրանի և Ադրբեջանի տարածքում վերջին շրջանում տեղի ունեցած երկրաշարժերը, եթե կարելի է այսպես ասել` իրենց դրական կողմն ունեն։ Նման համեմատաբար ոչ ուժեղ երկրաշարժերի շնորհիվ լիցքաթափվում է տարածաշրջանում կուտակված սեյսմիկ էներգիան»,– ասում է Պետրոսյանը։

Այժմ սեյսմիկ ակտիվ են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքները, Թուրքիայի` արևելյան և Իրանի` հյուսիսային հատվածը։ Առավել մեծ ակտիվություն, սակայն, նկատվում է Իրանում ու Ադրբեջանում։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքին` Հրաչյա Պետրոսյանի խոսքով` 2017թ–ի ընթացքում այստեղ գրանցվել է 193 երկրաշարժ, որից 26-ը` 3 բալ և ավելի ուժգնությամբ։ Ամենաուժեղը ցնցումը, 5 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել ս.թ. փետրվարի 28-ին Կապան քաղաքից 3կմ դեպի հյուսիս–արևմուտք։ Ու թեև մասնագետները 5 բալն ուժեղ երկրաշարժ չեն համարում, բայց Հրաչյա Պետրոսյանը հիշում է, որ տեղի բնակչության շրջանում այն խուճապ էր առաջացրել։

Իրանում վերջին ուժեղ և միջին ուժգնությամբ երկրաշարժերը գրանցվել էին Իրան–Իրաք սահմանային հատվածում, նոյեմբերի 12-ին և դեկտեմբերի 6-ին։ Նոյեմբերի 15-ին միջին ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաև Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում։

Մասնագետի դիտարկմամբ` այս տվյալները վկայում են այս երկրների տարածքներում առկա սեյսմիկ ակտիվության մասին։ Բայց ցնցումների հաճախակիությունը, Հրաչյա Պետրոսյանի խոսքով, վտանգավոր չէ, քանի որ դրանք նպաստում են կուտակված էներգիայի լիցքաթափմանն ու կանխում առավել ուժեղ ցնցումների հավանականությունը։

armeniasputnik.am