Հունվարի 3-ը, 4-ը և 5-ը այսուհետ կլինեն աշխատանքային օրեր՝ ըստ օրենքի։ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում և հաստատվելուց հետո սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վաղուց էր նշում, որ ամանորյա հանգստյան օրերը շատ են և նպատակահարմար չէ այդքան շատ ժամանակ կորցնել հանգստի վրա։ Սակայն օրենքի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն սոցիալ-տնտեսական նպատակահարմարությամբ, այլ մշակութային, ավանդույթների և հայկական ոգու հետ առնչվող գործոններով։
Առաջարկում ենք կարդալ այդ հատվածը՝ որոշման նախագծի պաշտոնական հիմնավորումից.
«Մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը։ Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը։
Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները։ Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին։ Այն նաև պետական տոն էր, որովհետև հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով։
Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ։ Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսևորումները։ Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի և ժողովրդի համար պատմական պահերը։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով»,- նշվում է որոշման նախագծում։
Սակայն նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը, ըստ հիմնավորման, նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
«Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը:
Սրան գումարենք 15 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան:
Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում, աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ` գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները. ստացվում է` տարեկան 41 օր վճարվող արձակուրդ: Մեծ Բրիտանիայում ազգային տոներն կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր:
Հնդկաստանում `12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ`21), Թաիլանդում` 6 օր (ընդհանուր` 22) և Ֆիլիպիններում` 5 օր (տոների հետ միասին` 20)։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,- նշվում է որոշման նախագծում։
Նախագծի հեղինակները համոզված են, որ դրա ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը և կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից: