Ջիգարխանյանի սկանդալը` շոուի թեմա. ինչու են հայ արվեստագետները «բերանները ջուր առել». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյանի սկանդալը` շոուի թեմա. ինչու են հայ արվեստագետները «բերանները ջուր առել». armeniasputnik.am

Վերջերս ռուսական հեռուստաալիքներով աշխույժ քննարկվում է մեր հայրենակից, հռչակավոր դերասան Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքը: Իհարկե, պարզ է, որ այս լուրը հարուստ նյութ է ռուսական ձանձրացնող ու կրկնվող հեռուստաշոուների համար: Ուղղակի, այս դեպքում պետք է օգտագործվի շոուի կանոնների արհեստավարժ օգտագործումը: Այսինքն` եթե հեռուստաալիքով հեռարձակվող տվյալ շոուի ժամանակ հմուտ շոումենը Արմեն Ջիգարխանյանի կողմնակիցն է, իսկ նույն ժամին «Ռոսիա Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող նմանատիպ հաղորդաշարում Անդրեյ Մալախովը դառնում է կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի կողմնակիցը:

Հանդիսատեսի հետաքրքրությունը շարժող, հեռուստավահանակի կոճակները անընդհատ սեղմելու միջոց: Իսկ եթե սկսում ես լուրջ վերլուծել, հասարակ ընտանեկան կոնֆլիկտ է, որի բարձրաձայնելը անգամ մեր ազգային մենթալիտետին հարիր չէ: Ինչևէ… Թողենք, որ մեծ դերասանն ինքը լուծի իր անձնական խնդիրները, իսկ այժմ սթափ ու հստակ: Այսքան ժամանակ, ի նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության նոր ժամանակաշրջանը, մեծ արտիստի մասին շատ քիչ է հիշվել, այն էլ` բացասական կողմից։ Հիշենք Բաքվի հետ փոխհարաբերություններ և մշակութային կապեր ստեղծելու անհաջող փորձը: Ես չէ, որ պետք է խոսեմ Արմեն Ջիգարխանյան դերասանի որակի և ավանդի մասին հայկական և համաշխարհային կինոյում:

Ուղղակի կուզեի հիշել նրա սիրված կերպարները հայ կինոյում: Ուստա Մուկուչը «Եռանկյունի» ֆիլմում և Մխիթար Սպարապետը «Հուսո Աստղում»: Կերտված կերպարներ, որոնք ազգային գաղափարի փայլուն խորհրդանիշեր են: Այս հիանալի դերասանական մեկնաբանություններով դաստիարակվել է մի քանի սերունդ: Մնացել է արձագանքը հայ գիտնականի՝ Արտյոմ Մանվելյանի, «Բարև ես եմ» հայտնի ֆիլմից: Էլ չեմ ուզում հիշեցնել հանրահայտ Սերոբին` իր հայկական ավանդական բնավորությամբ` «Հարսնացուն Հյուսիսից» ֆիլմում:

Որպես դերասան Արմեն Ջիգարխանյանը հայ բեմի, հայ կինոյի ու ռուսական բեմարվեստի և կինոյի հսկաներից է: Կասկածողը ուղղակի դիլետանտ է, բեմարվեստից ու կինոյից չհասկացող ու չգնահատող: Ի՞սկ որպես մարդ, որպես հասարակության «ոսկե անդամ» և, ընդհանրապես, որպես հայ մտավորական, ի՞նչ գործերով կարող ենք հիշել նրան:

Իհարկե, հարցը կարող է դիտվել նաև այլ տեսանկյունից. ասել թե՞ պարտադիր է արդյոք բարեգործությունը և հասարակական գործունությունը արվեստագետի համար: Իհարկե ոչ, բայց մեզ` հայերի, և փոքր ազգերի համար այն եթե ոչ պարտադիր, ապա նախընտրելի է: Որովհետև մեծ արվեստագետի ճիշտ հասարակական գործունությունն ու ազդեցությունը հավաքական ուժ ունեն:

Հիշենք 1988-ը: Անկախության Հրապարակի հարթակին կանգնած մեր մեծերին: Նրանք ժողովրդի հետ էին: Չանվանարկեմ: Հիշենք նույն Թումանյանին և Շառլ Ազնավուրին: Օրինակները հազարավոր են: Հարց է ծագում` ինչու՞ բացի Արմենչիկից, հայկական կողմից, ռուսական շոուներում, ոչ մի լուրջ հայ կամ այլ ազգի արվեստագետ ելույթ չունեցավ ի պաշտպանություն մեծն դերասանի: Ես խոսեցի շատ արվեստագետների հետ, ոմանք ուղղակի չուզեցին խոսել, իսկ ոմանք էլ զբաղված էին: Հարցը մեր մեծ հայրենակցի պատվի ու արժանապատվության մասին էր:

…Եվ ոչ մի արձագա՞նք: Ի՞նչումն է գաղտնիքը: Գուցե՞ Ջիգարխանյանի իներտ ու կոսմոպոլիտ վերաբերմունքը դեպի ազգը, ազգայինը: Չեմ կարողանում մտաբերել ոչ մի հանդիպում մեր զինվորների հետ, խրախուսական խոսք կամ որևէ բարեգործական միջոցառում մանկատանը կամ դպրոցում: Չեմ հիշում որևէ քաջալերող խոսքը ազգի ու նրա նոր ճակատագրի մասին: Միայն շահավետ ու անգույն գովազդային տեսահոլովակներ: Ինչևէ… Չգցեմ ո՛չ Ձեր, ո՛չ էլ իմ տրամադրությունը: Ցանկանամ, որ մեծ դերասանը հաղթող դուրս գա բազմամիլիոնանոց վեճերում և ընտանեկան կոնֆլիկտում: Իսկ մեր գիտակցության մեջ թող միշտ վառ մնա նահապետական ու բարի ուստա Մուկուչը, ավանդապահ Սերոբը և մտավորական Արտյոմ Մանվելյանը:

armeniasputnik.am