Google-ը Չինաստանի մայրաքաղաքում կբացի արհեստական ինտելեկտի մշակման գիտահետազոտական կենտրոն: Ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել է Global Times չինական առաջատար թերթը, դա ընկերության առաջին օբյեկտն է լինելու Ասիայում՝ Նյու Յորքում, Տորոնտոյում, Լոնդոնում և Ցյուրիխում արդեն գոյություն ունեցող կենտրոնների հետ միասին:
«Չինաստանը միտված է արհեստական ինտելեկտի զարգացմանը. դա ոչ միայն գիտական հանրակցության խնդիրն է, այլև պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը»,- հրատարակությունը ներկայացնում է CCID Consulting կոնսալտինգային ընկերության աշխատակից Սյան Յանի կարծիքը:
Ինչպես տեղեկացրել են Google-ում, ընկերությունը պլանավորում է Պեկինի կենտրոնի աշխատանքին ակտիվորեն ներգրավել օտարերկրյա և չինացի գիտնականների:
«Մենք հուսով ենք, որ այն յուրատեսակ մագնիս կդառնա երիտասարդ կրեատիվ մասնագետների համար, որոնք կարող են նպաստել բեկումնային
գաղափարների հայտնվելուն»,- հավելել է Google Clood-ի գլխավոր գիտական խորհրդատու Լի Ֆեյֆեյը: Google-ի պեկինյան կենտրոնի բացման պլաններն ընդհանուր առմամբ համապատասխանում են ազգային զարգացման գերակա խնդիրներին, որոնք դրվել են Չինաստանի ղեկավարության կողմից: Հուլիսին ՉԺՀ-ի իշխանությունները երկրի կարևոր ռազմավարական նպատակն են համարել մինչև 2025 թվականը
լիարժեք ինդուստրիայի ստեղծումը արհեստական ինտելեկտի կիրառմամբ:
Պաշտոնական կանխատեսումների համաձայն, մինչև 2025 թվականը Չինաստանի «խելացի» շուկայի մասշտաբները կգերազանցեն 150 մլրդ յուանը (մոտավորապես 23 մլրդ դոլար):
Սպասվում է, որ մինչև 2030 թվականն արհեստական ինտելեկտի ոլորտից ազգային տնտեսության տարեկան եկամուտը կկազմի շուրջ 400 մլրդ յուան (60 մլրդ դոլար):