Պարզվել է, որ «պլաստիկե բրինձը», որի դեմ բողոքել են հայ սպառողները, ամենևին էլ պլաստիկից չի պատրաստված, այլ ցածրորակ կոտրատված բրինձ է: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ սպառողներից բողոքներ ստանալով՝ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը այցելել է այն խանութ, որտեղ գնվել էր «պլաստիկե» բրինձը, և որն անհնար էր եղել եփել: Խանութում վերցվել են այդ բրիձի նմուշներ, իսկ վաճառողը ցույց է տվել համապատասխանության հավաստագիրը, որի համաձայն՝ մթերքն արտադրվել էր Ռուսաստանի Դաշնությունում և նշվել էր որպես առաջին տեսակի բրինձ: Բրինձի նմուշներ են վերցվել նաև ներմուծող «Արմեն-Հասմիկ» ընկերության պահեստում: Փորձագետները նմուշներ են վերցրել մեր խանութներում վաճառվող բրինձի ևս 10 այլ տեսակներից:
Այս բոլոր նմուշները ստուգվել են լաբորատորիայում, կատարվել են նաև մի քանի թեստ փորձարկումներ: Պարզվել է, որ այս կասկածելի բրինձն, այնուամենայնիվ, բրինձ է, այլ ոչ թե սինթետիկ արտադրանք, բայց ոչ մի դեպքում՝ առաջին տեսակի: Հետաքրքիր էր նաև այն, որ ենթադրյալ ներմուծողի պահեստից վերցրած բրինձի նմուշը լիովին համապատասխանում էր իր հավաստագրին և տարբերվում էր խանութում վերցված «պլաստիկե» բրինձից: Մասնագետների կարծիքով՝ խանութը «պլաստիկե» բրինձի համար հավաստագիր չուներ, և փորձագետներին ներկայացրեց այլ ներմուծման հավաստագիրը: Այնպես որ, «պլաստիկե» բրինձի ծագումը դեռևս չի հաջողվել պարզել:
Վահե Դանիելյանի կարծիքով՝ «պլաստիկե բրինձի» հոտը կարող էր պայմանավորված լինել պահելու պայմաններով. հնարավոր է՝ բրինձը պահել են հոտավետ մթերքների կողքին, և այն իր մեջ է ներծծել դրանց հոտը:
Հիշեցնենք, որ լրագրող Նարինե Կիրակոսյանը դիմել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ բողոքելով բրինձի վատ հոտից: Այս բրինձը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էր ներմուծել «Արմեն-Հասմիկ» ընկերությունը, որի պահեստներում մասնագետները հայտնաբերել են 130 կգ բրինձ:
med.news.am