Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հետ:
–Դուք «Ծառուկյան» խմբակցության այն պատգամավորներից եք, ում համար խորհրդարանական աշխատանքը նոր է։ Ինտեգրվե՞լ եք արդեն խորհրդարանական միջավայրին։
-Այո, ինձ թվում է՝ արդեն ինտեգրվել եմ։ Իհարկե, աշխատանքը բարդ է, շատ պարտավորեցնող, բայց ջանում եմ։
–Ինչո՞վ է բարդ։
-Բարդ է, որովհետև պատասխանատվություն է ժողովրդի առջև՝ իր բոլոր խնդիրներով։
–Տիկին Սարգսյան, ճի՞շտ է, որ Դուք խորհրդարան եք եկել`Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրը լինելու շնորհիվ։
-Իմ հայրը եղել է Գագիկ Ծառուկյանի մարզիչը դեռ սրանից քսան տարի առաջ, երբ պարոն Ծառուկյանը զբաղվում էր բազկամարտով։ Բայց կարծում եմ, որ այս պահին մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի։ Ես չեմ ժխտում, որ իմ հայրն ու պարոն Ծառուկյանը ճանաչել են միմյանց ևմարզաշխարհում ունեցել են միասնական ձեռքբերումներ։
–Այսինքն, այդ կապը դեր խաղացե՞լ է Ձեր՝ խորհրդարան գալու վրա։
-Գիտեք, իմ հայրը, արդեն տասնչորս տարի, ողջ չէ։ Եթե Դուք հիմա այդտեղ ինչ-որ կապ տեսնում եք.., ես կարծում եմ, որ այս պահին «Ծառուկյան» խմբակցությունում ներգրավվել եմ, և ինձ առաջարկել են դառնալ պատգամավոր երևի արդեն իմ որոշակի գործողությունների, ինչ-որ արժանիքների համար.թող սա անհամեստ չհնչի։
–Լավ, տիկին Սարգսյան, խորհրդարանում Ձեր աշխատանքի մասին. Parliamentmonitoring-ի տվյալներով Դուք, լինելով ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, 109 անգամ կողմ եք քվեարկել, մինչդեռ գիտենք, որ ԱԺ–ում հիմնականում ներկայացվել ու քվեարկվել են կառավարության նախագծերը։ Ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցությունը, քննադատելով կառավարությանը, կողմ է քվեարկում նրա նախագծերին։
-Հարգելիս, գիտեք ինչ, ես էսպես եմ դիտարկում. բոլոր այն նախագծերը, օրենքները, որոնք բերվում են խորհրդարան …ես գտնում եմ, որ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ չի նշանակումմիշտ դեմ խոսել այն օրենքներին, որոնք ներկայացնում է կառավարությունը կամ իշխող կուսակցությունը։ Անպայման պետք է նշեմ, որ կառավարության բերած օրենքների մեջ կան շատ լավերը, որոնք կարող են շատ կարևոր ու կենսական ուժ ունենալ ժողովրդի կյանքի համար։ Հարցի մյուս կողմն այն է, որ շատ օրենքներ ուղղակի մնում են թղթի վրա և չեն իրագործվում։ Այդ խնդիրը մենք ունենք Հայաստանում։ Իսկապես ընդդիմադիր լինելը բավականին բարդ է այս երկրում, որովհետև եթե նույնիսկ լավ օրենքին դու կողմ ես քվեարկում, հետո քո գործունեության ընթացքում պետք է անպայման հետամուտ լինես՝ արդյո՞ք այդ օրենքը կիրառվում։ Պետք է ասեմ, որ բազմաթիվ օրենքներ մնում են ուղղակի թղթի վրա։
–Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ խորհրդարանը դարձել է օրենք սղացնող մարմին, և ընդհանրապես, կա ընդունված տեսակետ, որ կառավարությունը ներկայացնում է նախագծեր, իսկ ԱԺ–ն դակում է դրանք։ Դուք համամի՞տ եք։
-Ոչ միշտ է այդպես։ Ես համաձայն չեմ դրա հետ, որովհետև կա հնարավորություն տեսակետ հայտնելու, և մենք հայտնում ենք այդ տեսակետը։ Այլ բան, որ ընդդիմությունը, կոպիտ մաթեմատիկական հաշվարկով, խորհրդարանում կազմում է մի թիվ, որ այսպես թե այնպես բոլոր քվեարկությունների դեպքում ստացվում է տանուլ տված։ Ըստ մաթեմատիկական հաշվարկի, գիտեք, որ ՀՀԿ-ն է խորհրդարանում կազմում մեծամասնություն։
–Այսինքն՝ Դուք, որպես ընդդիմության ներկայացուցիչ, Ձեզ տանուլ տվա՞ծ եք համարում։
-Տանուլ տված չեմ համարում, ես ասում եմ քվեարկությունների ընթացքի մասին։ Իսկ ընդդիմության առաջին գործը հանրությանը իր կարծիքը հայտնելն է ու պայքար մղելը, ինչը շարունակվում է։ Ուղղակի կան զուտ մաթեմատիկական թվեր, որոնք քվեարկության ժամանակ խոսում են իրենց մասին։ Բայց մեր ակտիվությունը դրանից չի նվազում, մեր ելույթները, մեր պայքարը չի նվազում։
–Օրինակ՝ ինչպե՞ս է այդ պայքարն արտահայտվում։
-Ես այսպես եմ պատկերացնում. եթե կա մի խնդիր, մի հիվանդություն, որի մասին դու բարձրաձայնում ես ու փորձում ես հետամուտ լինել այդ հիվանդության բուժմանը, այդ խնդրի լուծմանը, դա արդեն պայքար է։ Եթե մենք ուղղակի այդ մաթեմատիկական հաշվարկը վերցնենք, ասենք, թե կա թվային գերակշռություն, ուրեմն, ի՞նչ, ընկնե՞նք ընկճախտի մեջ, նստե՞նք։ Ես գտնում եմ, որ այստեղ ամեն պատգամավոր ինքն իր գործունեությունը ծավալում է։
–Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ցուցանիշներ, որոնց համաձայն, Հայաստանում 29.4 % աղքատություն կա. սա, Ձեր կարծիքով, մտահոգի՞չ թիվ է։
-Դա, իհարկե, վատ ցուցանիշ է։ Մենք խոսում ենք 4 մլն-անոց Հայաստանի մասին, մեզ իշխանությունն ասում է, թե գերակա խնդիրներից մեկը Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավումն է, բայց մեր երկրում մեծ արտագաղթ կա։ Հենց այս իշխանության օրոք Հայաստանը 250 հազարից ավելի մարդ մշտապես լքել է, և այս պահին ես չեմ տեսնում 4 մլն բնակչություն ունենալու իրական հիմքեր։