Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ շենքի սեփականատերը և կառուցապատողը շինության հետ վարվում են իրենց կարիքներից ու ցանկություններից ելնելով, իսկ հեղինակի իրավունքներն անտեսվում են: Այս մասին ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը՝ նկատելով, որ դրա օրինակները տեսնում ենք այսօր նույնպես:
«Շենքը ձեռք բերելուց հետո սեփականատիրոջ համար միևնույն է՝ հեղինակը կենդանի է, թե ոչ, միևնույն է հաշվի չեն նստում նրա կամ իրավահաջորդի կարծիքի հետ: Դիտարկենք այսօրվա եղած իրավիճակը. Երիտասարդական պալատը քանդեցին, հաշվի չնստեցին հեղինակի հետ, ցանկանում էին «Զվարթնոցի» հին շենքը քանդել՝ վարվելով նույն կերպ, հազար ու մի փոփոխություններ կատարեցին Հրազդանի մարզադաշտում՝ այդպես էլ հեղինակի հետ չհամաձայնեցնելով: Նույնն էլ այսօր կատարվում է «Ռոսիա» կինոթատրոնի շենքի հետ»,- ասաց Մուշեղյանը:
Ճարտարապետը նշեց, որ ցավալին այն է, որ շատ հաճախ սեփականատերերն անտեսում են նաև հասարակության կարծիքը, ինչպես եղավ Փակ շուկայի դեպքում: Եվ թեև հանրային մեծ դիմադրություն կար, այնուամենայնիվ, շինության հետ վարվեցին ինչպես ցանկանում էին:
Մեր այն դիտարկմանը, թե նման դեպքերում հեղինակ-ճարտարապետը կամ Ճարտարապետների միությունը չե՞ն փորձում օրենսդրական դաշտում լուծում տալ խնդրին, Գուրգեն Մուշեղյանը պատասխանեց.
«Միևնույն է, ոչ մի արդյունքի չի հասնի: Ասենք, ճարտարապետը պետք է դիմի իրավապահ մարմիններին, բայց օրենքը հտակեցված չի: Նախկինում ինչքան դիմել ենք, որևէ պատասխան չենք ստացել: Ճարտարապետին լսում են միայն այն ժամանակ, երբ վտանգն ակնհայտ է լինում: Օրինակ՝ ուզում էին առևտրի կենտրոն կառուցեին Հրազդան մարզադաշտում, և միայն, երբ ԱԻՆ-ը հայտարարեց, որ դա անթույլատրելի է, քանի որ չեն կարող ապահովել մարդկանց անվտանգ տարհանումը մարզադաշտից, ժամանակավորապես դադարեցրին ծրագիրը: Սակայն կարող է մի օր գալ, որ դա էլ անեն՝ առանց հաշվի առնելու զգուշացումը: Այդ հարցերը չունեն հստակ լուծում իրավական դաշտում, որ մարդ գնա և իմանա, որ մտավ իրավական դաշտ, կհասնի որևէ արդյունքի»:
Ճարտարապետը սխալ է համարում այն քաղաքաշինական ծրագրերը, որոնք ենթադրում են նոր շինությունների կառուցում՝ հինը քանդելով:
«Ես չեմ կարող ասել, դա պատվիրատուի թելադրանքով է, թե նրանք աջակցություն ունեն ղեկավար մարմիններին, բայց ականատեսն ենք լինում նրան, որ, իբրև թե ֆինանսական ներդրում կատարելու և օգուտ տալու պատրվակով, բայց առանց մտածելու ապագայի մասին, շինարարություն են նախաձեռնում: Դա է պատճառը, որ շատ են հանդիպում աղավաղված շինություններ, գլխավոր հատակագծին չհամապատասխանող կառույցներ, նույնիսկ փողոցներ: Ասենք, «Հին Երևանը» կառուցում ենք՝ քանդելով հին Երևանը: Ես՝ որպես ճարտարապետ, դա չեմ ողջունում, քանի որ եթե հին Երևան ենք ասում, դա միայն անունը չի, դա միջավայրն է և ֆունկցիաները: Եվ ի վերջո, յուրաքանչյուր շենք գնահատվում է ոչ միայն ինքն իրենով, այլ իր միջավայրով, նրանով, թե ինչպես է ներդաշնակում իր միջավայրին, իսկ հիմա քանդվում են հին շենքերը և կառուցվում նորերը, որոնք իրենց մասշտաբով ու միջավայրով չեն համապատասխանում հնին»,- ասաց Մուշեղյանը:
Ոլորտի կանոնակարգման համար նա անհրաժեշտ համարեց Ճարտարապետների պալատի տեղծումը, որը պատասխանատվություն կկրի այդ նախագծումների համար, քանի որ նախագծողներն էլ պատասխանատվություն կկրեն պալատի առաջ: Իսկ եթե նախագծողը չի ենթարկվի քաղաքաշինական օրենսդրությանը՝ նրան լիցենզիայից կզրկեն: