Բոլորս սովոր ենք կարծել, թե կրթությունը հաջողության հասնելու գլխավոր բանալին է և հարստության հասնելու առաջին աստիճանը։ Սակայն երբեմն պրակտիկ կարողություններ ձեռք բերելու և ժամանակին կողմնորոշվելու կարողությունները շատ ավելի կարևոր են, քան դիպլոմը։ Adme.ru-ն ներկայացրել է 10 մարդու պատմություն, ում կրթության բացակայությունը չի խանգարել միլիոնավոր դոլարներ աշխատել։
Ռիչարդ Բրենսոն։ Կրթությունը՝ չի ավարտել միջնակարգ դպրոցը։ Virgin ընկերության ապագա հիմնադիրը խոստովանում է, որ դպրոցում դժվարությամբ է սովորել, այդ պատճառով էլ 16 տարեկան հասակում թողել է ուսումն ու տեղափոխվել Լոնդոն։ Նրա առաջին բիզնես-ծրագիրն ամսագիր էր. 17 տարեկանում Բրենսոնն արդեն հիմնեց սեփական բարեգործական ընկերությունը։ Այսօր արդեն Բրենսոնը սեփական ավիաընկերություն ունի։ Ունեցվածքը գնահատվում է 5.1 մլրդ դոլար։
Ինգվար Կամպրադ։ Կրթությունը՝ միջնակարգ դպրոց։ Այսօր ամբողջ աշխարհում հայտնի IKEA ընկերությունը Կամպրադը հիմնել է 17 տարեկան հասակում։ Նրա համար սովորելը դժվար էր դիսլեքսիայի հետևանքով։ Այդ պատճառով էլ նա չի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Ունեցվածքը գնահատվում է 3.4 մլրդ դոլար։
Հենրի Ֆորդ։ Կրթությունը՝ միջնակարգ դպրոց։ Հենրի Ֆորդին այնքան էլ չէր գրավում ուսումը եկեղեցական դպրոցում. նրա միակ կիրքը մեխանիզմներն էին։ 16 տարեկանում նա փախավ տանից և տեղափոխվեց Դեթրոյդ, որտեղ սկսեց աշխատել՝ որպես մեխանիկի օգնական։ Ունեցվածքը գնահատվում է 188 մլրդ դոլար։
Մայքլ Դել։ Կրթությունը՝ համալսարանի 1-ին կուրս։ Dell ընկերության հիմնադիրն իր առաջին գումարը վաստակել է 12 տարեկան հասակում՝ տեղական ամսագրին բաժանորդագրություն վաճառելով։ Սովորելու տարիներին նա հիմնեց իր առաջին՝ PC’s Limited համակարգչային ընկերությունը և 19 տարեկան հասակում թողեց համալսարանը։ Ունեցվածքը գնահատվում է 21 մլրդ դոլար։
Լի Կաշին։ Կրթությունը՝ չի ավարտել միջնակարգ դպրոցը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Լի Կաշինը, 12 տարեկան հասակում ստիպված էր թողնել ուսումը և աշխատանքի ընդունվել գործարանում, որտեղ պլաստմասսե ծաղիկներ էին պատրաստում։ 22 տարեկան հասակում նա հիմնել է Cheung Kong ընկերությունը, որն այսօր զբաղվում է ոչ միայն առևտրով, այլև անշարժ գույքով, հյուրանոցային գործով և այլն։ Ունեցվածքը գնահատվում է 29.6 մլրդ դոլար։
Բիլ Գեյթս։ Կրթությունը՝ համալսարանի 2-րդ կուրս։ Բիլ Գեյթսը Հարվարդի համալսարանի դիպլոմ ունի, սակայն միլիարդատիրոջն այն տրվել է 2007թ.՝ բուհի ադմինիստրացիայի որոշման համաձայն։ Հարվարդի համալասարանում նա սովորել է 2 տարի, ապա հեռացվել է։ Ունեցվածքը գնահատվում է 87.4 մլրդ դոլար։
Լարի Էլիսոն։ Կրթությունը՝ համալսարանի 2-րդ կուրս։ Լարի Էլիսոնը Oracle ընկերության հիմնադիրներից է, որը 2-րդ տեղն է զբաղեցնում ծրագրային ապահովման արտադրության մեջ։ Նա երկու անգամ փորձել է բարձրագույն կրթություն ստանալ, սակայն երկու փորձերն էլ անհաջողությամբ են ավարտվել. Իլինոյսի համալսարանում նա սովորել է 2 տարի, Չիկագոյի համալսարանում՝ 1 կիսամյակ։ Ունեցվածքը գնահատվում է 41.5 մլրդ դոլար։
Ջոն Ռոքֆելլեր։ Կրթությունը՝ 3 ամսվա հաշվապահական կուրսեր։ Մարդկության պատմության ընթացքում ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջոն Ռոքֆելլերը, առաջին դոլարները վաստակել է 7 տարեկան հասակում, իսկ արդեն 13 տարեկանում սկսել է տոկոսով գումար տալ ծանոթներին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, սակայն կարճ ժամանակ անց թողել է այն։ Ունեցվածքը գնահատվում է 392 մլրդ դոլար։
Ամանսիո Օրտեգա։ Կրթությունը՝ չի ավարտել միջնակարգ դպրոցը: Zara բրենդի հիմնադիր Ամանսիո Օրտեգան 13 տարեկան հասակում թողել է դպրոցը և սկսել աշխատել հագուստի խանութում։ Իր առաջին խանութն Օրտեգան բացել է 1975թ.։ Այսօր արդեն Inditex ընկերությունը, որին պատկանում է նաև Zara-ն, աշխատում է ամբողջ աշխարհում, իսկ նրա հիմնադիրը մի քանի անգամ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը։ Ունեցվածքը գնահատվում է 83.4 մլրդ դոլար։
Մարկ Ցուկերբերգ։ Կրթությունը՝ համալսարանի 2-րդ կուրս։ Մարկ Ցուկերբերգն այս ցանկում ամենաերիտասարդն է։ Թեև նա սովորել է Հարվարդի համալսարանում, սակայն այդպես էլ դիպլոմ չի ստացել՝ տարվելով սոցիալական ցանցի ստեղծմամբ։ Ի դեպ, Ցուկերբերգը ցանկացել է հոգեբույժի մասնագիտություն ստանալ։ Ունեցվածքը գնահատվում է 61.7 մլրդ դոլար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը