50-ամյա Գարինե (Պոպլավոկ) Պետրոսյանը 12 տարեկանից տրակտորի ղեկին է: Ասում է՝ ինչ տեսակի տեխնիկա ասես որ չի քշել՝ «ԿԱՄԱԶ», «ԿՌԱԶ», կռան, էսկավատոր… Ամենահարազատը, սակայն, բոլոր ժամանակներում նրա համար եղել և մնում է տրակտորը: Ծնունդով Բաքվից Գարինեն՝ Արցախյան պատերազմը սկսվելուն պես ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Տեխնիկա վարելու իր բացառիկ ունակություններով Գարինեն նախ պայքարել է Սպիտակի երկրաշարժի ավերածությունների դեմ, հետո մեկնել Արցախ՝ հայրենիքի սահմանը ոչ թե խոսքով, այլ գործով պահելու համար: Այսօր էլ Գարինեն առաջնագծում է՝ գիշեր թե ցերեկ, տաք թե ցուրտ եղանակին հարազատ տրակտորի հետ ծառայելով հայրենիքին:
– Մեր երեխաներից փոքրը ես եմ: Քույրս ու ախպերս ավելի մեծ են: Հերս տեխնիկա էր քշում. 10-15 տեսակի տեխնիկա կար մեր բակում կանգնած: Մի օր հերս տրակտոր էր սարքում, կանչեց, ասեց՝ օգնի: Տենց 12 տարեկանից սկսեցի տրակտոր քշել: Հետո գնացի Ուզբեկստան՝ կին տրակտորիստների մրցում էր: 90 հատ աղջիկ կար: Նրանց մեջ մենակ ես էի հայ: «Պերվի» տեղը բռնեցի որպես բաքվեցի: Բաքվում բամբակ էինք հավաքում: Որպես լավ աշխատող տարել էին Գերմանիա: Հետ եկա, տեսա՝ կռիվը սկսվել է: Մորս, քրոջս, ախպորս հետ եկանք Հայաստան:Դեկտեմբերի 7-ին երկրաշարժը եղավ: Ասին՝ տրակտորիստ, կռանովշիկ չկա… Գնացի Լեննական… «ԿԱՄԱԶ», կռան, տրակտոր՝ ամեն ինչ էլ քշում եմ: Ես ինքս իմ տեխնիկան սարքում եմ, ինքս էլ քշում եմ, ինքս էլ պահում եմ: Պետք լինի, տանկ էլ կքշենք, ի՞նչ կա որ:
– Արցախյան պատերազմ է՞լ նույն «պատրվակով» մեկնեցիք:
-Հայաստան էինք ապրում: Գնացի ասի՝ ուզում եմ կամավոր գնամ: Չվերցրին: Տանն ասի՝ ես գնում եմ պատերազմ: Քույրս ասեց՝ «մամա, հանաք է անում, գնալու է էսա Սևանի մոտ նկարներ անի, գա տուն»: Եկա Արցախ: Ասի՝ եկել եմ կամավոր: Ասին՝ չենք վերցնում: Մի անգամ էլ ասի՝ եկել եմ կամավոր: Ասին՝ ի՞նչ ես կարում անես, որ ուզում ես գնաս պոստեր: Ասի՝ տրակտոր եմ քշում: Ասին՝ «տրակտո՞ր: Ուրեմն գնացիր»: Իմ անունը Գարինե է, բայց սաղ Պոպլավոկ են ասում: Տրակտորով ընկել եմ ջուրն ու չեմ խորտակվել: Նաչալնիկս ասել ա՝ որտեղ գցում են, էնտեղ պոպլավոկի պես դուրս ա գալիս… 90 թվից մինչև էսօր ես իմ ախպերների հետ եմ: Ապրիլի 2-ին պատերազմը սկսել ա, ապրիլի 3-ին ես պոստերում էի: Էն ժամանակ ուրիշ հիմնարկությունում էի աշխատում: Առանց հարցնելու գնացի տրակտորը վերցրի, բարձրացա պոստեր… Հետո մի քիչ խոսակցություն եղավ, գործից դուրս եկա… Բայց հո երեխեքին «պերվի» գիծ մենակ չէի՞ թողնելու: Արդեն մի տարի ա՝ պոստերում եմ աշխատում՝ խրամատ եմ փորում, «սվյազի» գիծ եմ փորում… Ոչ մի կոչում չունեմ, չեմ էլ ուզում: Ուղարկել են սովորելու, չեմ գնացել: Իմ զինվորների հետ պետք ա ծառայեմ, ուրիշ բան ինձ պետք չի:
– Պոստերում դժվար չի՞ աշխատելը:
– Դժվարը քաղաքում ա: Պոստերում հեշտ ա՝ սաղ զինվորները առյուծի պես կանգնած են: Մի փոքր գլխիցս բռնում եմ՝ կողքս շարվում են: Երեխանց հետ ծառայում եմ, երեխանց հետ՝ հանգստանում: Որ թուրքերին մոտիկ ենք աշխատում, նկատում են, սկսում են կրակել: Բայց որ նկատում են, տեղս փոխում եմ… 50-50 ա՝ կարող ա էսօր գնամ, վաղը չգամ: Իրանց էլ եմ ասել, որ հանկարծ ինձ խփեն, մոտ չգաք, կմնաք ձեր պոստին: Որ երեխեքի հետ եմ լինում՝ անընդհատ ասում եմ՝ գլուխներդ չհանեք, ուշադիր եղեք… Զենքին տիրապետում եմ: Որ տրակտորս խփեցին ու հարձակվեցին, ի՞նչ պետք ա անեմ՝ պետք ա զենքով կռվեմ: Իմ միակ հետաքրքրությունն իմ զինվորներն են: Էս մեկ, էն մեկ չկա՝ լոխ մերն են: «Պրիսյագի» ժամանակ որ մեկի ծնողը չի գալիս, ես «վառոտի» մոտ կանգնում եմ, էդ երեխուն վերցնում, գնում ենք մի տեղ նստում, մի կտոր հաց ենք ուտում… Ամեն ծնող չի կարում գա, խի՞ էդ երեխան իրան վատ զգա: Եղել է՝ ճանապարհ դնելիս՝ շոր էլ եմ առել տվել, կոշիկ էլ եմ առել տվել… Բոլորն իմ ախպերներն են:
– Չե՞ք նեղվում, որ միակ կին տրակտորիստը Դուք եք:
– Գիտե՞ք քանի անգամ եմ կոչ արել՝ եկեք, կսովորեցնեմ, ինչով կարենամ՝ կօգնեմ: Խուսափում են, չեն գալիս: Բայց մի բան էլ կա՝ որ օրը մի կինարմատ սկսեց տրակտոր քշել, ես էդ օրը «վեռտալյոտ» եմ քշելու: 100.000 դրամ եմ ստանում: «Պերվի» գիծ եմ, բայց կյանքում չեմ ասել՝ քիչ եմ ստանում: Հիմա աղջկեք կան՝ «ՋԻՊ» են քշում, «Մերսեդես» են քշում… Իսկ իմ էս ավտոն ապրիլյան պատերազմին 8 զինվոր ա փրկել: Սա իմ սուրբն ա, իմ երեխեն ա, իմ ամեն ինչն ա…