Մեկ ամիս առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել անբացատրելի հիվանդությամբ տառապող մի կին, որին այլ կենտրոնների բժիշկներն ախտորոշել էին անբուժելի լյարդի զիռոզ: «Աստղիկ» ԲԿ–ում այդ ախտորոշումը հերքվել է, և ախտորոշվել է ցելիակիա՝ բավականին հեշտ վերահսկվող հիվանդություն։ Ցելիակիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է, և հենց դա է հավանաբար եղել պատճառը, որ շատ բժիշկներ այն չեն կասկածել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նանա Մալխասյանը:
«Սույն թվականի նոյեմբերի 7-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել բազմաթիվ գանգատներով մի կին: Նրա մոտ առկա է եղել մոտ 10 կիլոգրամ քաշի կորուստ, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, ստորին վերջույթների այտուց, գլխապտույտ, փորլուծություն և այդ ամենը վերջին 5-6 ամիսներին»,- հիվանդի վիճակը բնութագրեց գաստրոէնտերոլոգը:
Նրա խոսքով, նախքան «Աստղիկ» բժշկական կենտրոն դիմելը, հիվանդը բազմիցս հետազոտվել և հոսպիտալացվել էր մարզային ու քաղաքային տարբեր բժշկական կենտրոններում: «Հետազոտությունների արդյունքում նրա մոտ անբուժելի լյարդի զիռոզ էր ախտորոշվել: Հիվանդը համապատասխան դեղորայքային բուժում էր ստացել, թեև դրանից նրա վիճակը ոչ միայն չէր փոխվել, այլև այտուցներն ավելի էին շատացել, ավելի թույլ էր իրեն զգում և տեղաշարժվելն ավելի էր բարդացել»,- պատմեց Նանա Մալխասյանը։
«Աստղիկ» ԲԿ դիմելիս հիվանդն իր հետ ունեցել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, այդ թվում՝ որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, որի տվյալներով առկա է եղել լյարդի չափերի մեծացում, գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա, որոնց արդյունքում որևէ խնդիր չէր հայտնաբերվել: Հիվանդը գանգատվել էր նաև, որ ունի քրոնիկական փորլուծություն: «Հիվանդը երկարատև բուժում է ստացել աղիքային ինֆեկցիաների ու դիսբակտերիոզի դեմ, սակայն նրա ինքնազգացողության որևէ դրական տեղաշարժ չի նկատվել»,- պատմեց բժիշկը:
Համադրելով առկա հետազոտությունների բոլոր տվյալները, լաբորատոր գործիքային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև հիվանդի մոտ առկա կլինիկական բոլոր դրսևորումները, հանգել են այն եզրակացության, որ հիվանդի մոտ ոչ թե լյարդի զիռոզ է, այլ միանգամայն այլ հիվանդություն՝ ցելիակիա, որը ոչ միայն բուժելի է, այլև չի պահանջում դեղորայքային բուժում, այլ միայն սննդակարգի շտկում: Արյան մեջ համապատասխան հակամարմինների հետազոտություն է կատարվել, և պարզվել, որ դրանք ավելի քան 10 անգամ գերազանցել են նորման։ Դրանից հետո կատարվել է հիստոլոգիական քննություն, որը և հաստատել է ցելիակիա ախտորոշումը։
«Ցելիակիան կամ գլյուտենային էնտերոպաթիան հաճախ հանդիպող հիվանդություն չէ: Այն առաջանում է հացահատիկի մեջ պարունակվող գլյուտենի՝ մարդու օրգանիզմի կողմից անընդունելիությունից: Այդպիսի դեպքերում գլյուտենի ընդունումից հետո օրգանիզմում իմունային բորբոքում է առաջանում, որի կլինիկական առաջին դրսևորումը փորլուծությունն է: Դրա հետևանքով մարդը կորցնում է այն բոլոր օգտակար նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին»,- նշել է բժիշկը ու հավելել, որ այս հիվանդի մոտ առաջնային պլան են մղվել փորլուծության հետևանքով առաջացած երկրորդային դրսևորումները:
«Հետազոտության որոշ արդյունքներ բնորոշ են թե՛ փորլուծության, և թե՛ լյարդի ֆունկցիայի խանգարման դեպքում: Փորլուծության հետևանքով առկա անբավարարությունն էլ մինչ այդ մոլորության մեջ է գցել բժիշկներին, որոնք կարծել են, թե լյարդն իր սինթետիկ գործառույթը չի իրականացնում», – ասաց նա։
Բժիշկների ձեռնարկած միջոցների շնորհիվ արդեն հիվանդի աղիները կանոնավոր գործում են, անցել են ստորին վերջույթների այտուցները և հիվանդի առողջությունը հաջողությամբ վերականգնվում է:
Նանա Մալխասյանը նշում է, որ ցելիակիան կամ գլյուտենային էնտերոպաթիան բնածին հիվանդություն է, սակայն այն կարող է ի հայտ գալ տարբեր տարիքում: Վաղ տարիքում այն կարող է ավելի ծանր դրսևորում ունենալ և խոչընդոտել երեխայի բնական աճին: Ցելիակիա ախտորոշմամբ հիվանդներին անհրաժեշտ է ընդունել գլյուտեն չպարունակող սնունդ: Գլյուտենի նույնիսկ չնչին քանակը կարող է հիվանդին ծանր վիճակի մեջ գցել:
Շնորհիվ ախտորոշման արդի մեթոդների՝ կարելի է հեշտությամբ հայտնաբերել այս հիվանդությունն ու կանխարգելել այն՝ ընդամենը սննդակարգում գլյուտենի պարունակությունը բացառելով: Միայն բացառիկ դեպքերում կարող է դեղորայքային բուժման անհրաժեշտություն զգացվել, մյուս բոլոր դեպքերում այն հիմնականում կարգավորվում է՝ սննդակարգում շտկումներ անելով: