«Մենք Ամանորը մի քիչ շատ ենք կապում կերակուրների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հ/կ ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
Նրա խոսքով՝ հայերն Ամանորի տոնը վերածել են մրցակցության. «Իրականում ասում ենք՝ ընտանեկան տոն է, բայց շատ դեպքերում ընտանիքով երկրից դուրս ենք գալիս ու ընտանիքով նշում ենք, բայց ի՞նչ ընտանիք՝ առանց տան: Դա ընտանեկան տոն է հենց տան մեջ, մենք պետք է տոն նշենք, և Ամանորը չպետք է որկրամոլության մրցավազք լինի: Երբ ամսի 1-ին սկսում ենք զարդարել, լցնել սեղանը, հարց եմ տալիս՝ ձեզ չի՞ ճնշում այդ սեղանը: Օրինակ, ես 30 և ավելի տարվա խոհարար եմ և մի պարզ ճշմարտություն գիտեմ. մարդը սկսում է ճաշակել աչքով, և շատ ծանրաբեռնված սեղաններ տեսնելուց հետո՝ աչքի միջոցով վախի ինֆորմացիա է գնում մարդու ուղեղին, մենք դա չենք հասկանում շատ դեպքերում: Նույնիսկ հարսանիքների ժամանակ երբ հարսանիքից դուրս ենք գալիս, ասում են՝ սովածացանք, բայց ամեն ինչ առատ էր, դա նշանակում է՝ վախի զգացողությունը հաղորդված է, օրգանիզմը վախենում է՝ այսքանն ինչ պետք է անի, ոնց պետք է անի»:
Ս. Մամուլյանը նշեց, որ Ամանորը ոչ թե շատ ուտելու տոն է, այլ առատության. «Որ ասում ենք՝ գալիք տարին պետք է առատ լինի, այո, սեղանը պետք է առատ լինի, բայց ինչո՞վ պետք է առատ լինի, ոչ թե չտեսնված, չլսած, անհավանական կենդանիների մասերով, այլ դա եղել է մեր մառանի առատությամբ: Գոնե այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, պետք է հասկանան, որ իրենց այդ դրսևորումներով՝ վատ վիճակի մեջ են դնում այն մարդկանց, ովքեր չունեն հնարավորություններ»:
Անի Քեշիշյան