Մեր տուն Ձմեռ պապիկ չի գալիս. ութ անչափահաս երեխաների միակ ուրախությունը զարդարանքն է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մեր տուն Ձմեռ պապիկ չի գալիս. ութ անչափահաս երեխաների միակ ուրախությունը զարդարանքն է

Նոր տարվա եռուզեռին անմասն է Գարեգին Պողոսյանի բազմանդամ ընտանիքը, տոնական զարդարանքին՝ ոչ այնքան։

Վարձած կիսակառույց շինությունը, որտեղ ապրում են ութ անչափահաս երեխայի հետ, մանրակրկիտ զարդարել են, տոնածառից երազանքների թղթիկներ կախել։ Ընտանիքի գլխավոր երազանքը՝ ութ երեխաների 33–ամյա մայրն է պահել. սեփական տանիք է ուզում։ Ստեղծելը իրենց ուժերից վեր է համարում։ Ասում է՝ ամուսինը առողջական խնդիրներ ունի, հիմնական աշխատանք չունի, ինքն էլ չի կարող աշխատել, քանի որ փոքրիկներին խնամող չկա։ Ամռանը երբեմն այգիներում աշխատում է, օրավարձով միրգ է հավաքում, ձմռանն է դժվար։ Ասում է՝ բախտը բերել է, երեխաները հասկացող են, պահանջներ չունեն։

Հպարտությամբ ներկայացնում է երեխաներին։ Գոհարիկը 17 տարեկան է, Մերին՝ 15, Ալեքսանը՝ 13, Աննան՝ 11, Լիանան՝10, Իսրայելը՝8, Աշոտը՝ 7, Երեմիան՝ 5։ Մեծ դուստրերը քոլեջում են սովորում, ուզում են լավ դերձակներ դառնալ, փոքրերը՝ խաղալիքներ են ակնկալում Ձմեռ պապիկից։ Մայրը լրացնում է՝ Ձմեռ պապիկ երբեք իրենց չի այցելում, ավելի շատ տոնական զարդարանքով են ուրախանում։ Սննդի հարցերը պարտքով են հոգում։ Խանութի աշխատակցի պարտքացուցակը մարում են մաս–մաս, երբ «Փարոսի» նպաստն են ստանում։ Նոր տարվա սեղանի մասին մտածելն անգամ շռայլություն են համարում։ Մարզպետարան, քաղաքապետարան են դիմել, հույս ունեն՝ չեն մերժի, գոնե քաղցրավենիքի գումար կհատկացնեն։

Նախորդ տարվա համեմատ այս տարի արդեն մի առավելություն ունեն՝ Նոր տարին լուսավոր են դիմավորելու։ Այս ամիս պարտքի փոխարեն էլեկտրաէներգիայի վարձն են վճարել, որ նախորդ տարվա պես Նոր տարվա գիշերը չանջատեն։ Մայրը ասում է՝ իրենց ընտանիքում ամենակարևոր բանը՝ հույսն է, իսկ հայրը շնորհակալ է, որ 78 հազար դրամն նպաստն էլ տալիս է կառավարությունը։

news.am