Life.panorama.am-ի հետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն ամփոփել է տարին և խոսել սեփական անձին հաշվետվություն տալու մասին:
«Թե 2017-ն ի՞նչ տվեց, դժվար է ասել, որովհետև ամեն մարդ յուրովի ունի այս պատասխանը: Անցնող տարին ոմանց տվեց հարստություն, ոմանց` սնանկություն, որի պատճառով մարդիկ փողոցում հայտնվեցին: Ոմանց տվեց ընտանիքի համալրում, ամուսնություն, ոմանք էլ բաժանվեցին: Կյանքի բնականոն հունին համապատասխան` բազում ծնունդներ ունեցանք, բայց միաժամանակ շատերի հարազատները կյանքից հեռացան: Բոլոր տարիներն էլ նման են նախորդին, պարզապես դեպքերն ու իրադարձությունները տարբեր հերթականությամբ են զարգանում: Եթե գլոբալ իմաստով խոսենք, կարձանագրենք, որ, ցավոք, Հայաստանում ավելի վատթարացավ ժողովրդի վիճակը: Որքան էլ բարձրաձայն ասեն, որ ունենք տնտեսական աճ, միևնույն է, գոնե մենք` քահանաներս, շփվելով ժողովրդի հետ, կարող ենք ասել, որ մարդկանց վիճակը գնալով ավելի է վատանում: Ցավոք, շատերը հեռանում են մեր երկրից, նրանք իրենց գործերը տեղափոխում են դրսում, որտեղ ավելի ապահով է: Այս ամենը միշտ էլ եղել է, պարզապես անցնող տարում դրա ծավալն ավելի է մեծացել: Հիմա միայն մնում է հույս տածել, որ գալիք տարում այդ ամենը կպակասի, հույս ունենք, որ գալիք տարին խաղաղ կլինի, որը մեր երկրում շատ արդիական խնդիր է: Մարդիկ ծնվում են, այդ խնդիրը կա, մահանում են, այդ խնդիրը շարունակում է լինել, իսկ անորոշությունը մարդկանց վրա շատ է ազդում»,- նշեց Տեր Շմավոնը:
Շատերի համար Նոր տարին նոր կյանքի սկիզբ է համարվում, նրանք փորձում են վանել իրենց միջից վատ սովորույթներն ու ավելի բարեպաշտ լինել: Այս մասին խոսելիս` մեր զրուցակիցը նշեց.
«Յուրաքանչյուր օր մենք կարող ենք համարել նոր տարվա սկիզբ, բայց քանի որ տարվա սկիզբը տոմարով համարվում է հունվարի 1-ը, շատ շատերը փորձում են առանցքային օր դա ընդունել: Իսկ ինչ մնում է մարդու անձի փոփոխմանը, վատ սովորույթներից հրաժարվելուն և դեպի բարին ու գեղեցիկը դառնալուն, պարտադիր չէ 364 օր սպասել, նոր 365-րդ օրը որոշել փոխվել: Աստծուն մոտիկ, բարի, լուսավոր արարքներով լեցուն մարդ կարելի է ամեն օր դառնալ, որովհետև քրիստոնական կյանքի ուսմունքն ասում է` «Յուրաքանչյուր օր համարիր, որ քո վերջին օրն է»: Այսինքն` հոգու գործերդ անավարտ չպետք է լինեն, եթե մեկին նեղացնում ես, մի սպասիր հաջորդ առավոտյան ներողություն խնդրել, դա արա այսօր, չէ որ չգիտես, թե առավոտյան ինչ կլինի, գուցե դու չմահանաս, բայց նա մահանա: Պետք է ընդունել, որ կյանքի գորշ կողմը գոյություն ունի»:
Ըստ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի` հայերս Նոր տարին առավել ցնծությամբ ենք նշում, քան Սուրբ Ծնունդը: Իսկ այս հարցին պետք է եկեղեցին և պետությունը համատեղ լուծում տան:
«Իրականում ամանորյա հեքիաթային և հրաշքների գիշերը բացարձակապես կապ չունի Նոր տարվա հետ, այդ բոլոր երևույթները կապված են եղել շատ ավելի գեղեցիկ և լուսավոր տոնի` Սուրբ Ծնունդի հետ, որը, ցավոք, ավելի մոռացված է մեզանում: Դեռևս շարունակվում է Խորհրդային ժամանակաշրջանում մարդկանց մեջ մտցված գաղափարը, Սուրբ Ծնունդի` որպես երկրորդական տոն լինելը այդ ժամանակաշրջանից մնացած ժառանգությունն է: Մինչ Խորհրդային շրջանը, Ամանորն այսպիսի երևույթ չի եղել: Եթե ուսումնասիրեք պատմությունը, ապա կնկատեք, որ Ամանորի սեղանի չարազը, չիրը և պասուց տոլման Նոր տարվա կերակուրներ են մինչև Խորհրդային շրջանը, դրանք համարվում են պահոց ուտելիքներ, քանի որ այս ժամանակաշրջը Սուրբ Ծննդյանը նախորդող պահքն է: Տոնածառն էլ համարվում է Սուրբ Ծննդյան խորհուրդը, քանի որ բեթղեհեմյան ազգը զարդարում էր մշտադալար եղևնին Քրիստոսի բեթղեհեմյան աստղով` որպես կյանքի խորհուրդ, հետագայում այդ աստղը փոխվեց հնգանկյուն աստղով, որը Խորհրդային շրջանի խորհրդանիշն էր: Այս ամենի նպատակը մեկն էր` մարդկանց հեռվացնել Սուրբ Ծնունդից, և դա սերունդների փոփոխման շնորհիվ հաջողվեց նրանց: Սրան գումարվեց վերջին տարիների սեղանակռիվը, մրցավազքը, որը կործանում է մեր ժողովրդին: Այս ամենի մեջ կա նաև մարդկանց սխալը, որ թացը չորից, ճիշտը սխալից չեն տարբերում: Եթե Սուրբ Ծնունդին չես վերաբերվում նույնքան մեծ խանդավառությամբ, ինչպես Նոր տարվան, ուրեմն էլ ի՞նչ ես Աստծուց ակնկալում: Այս խնդիրը պետք է լուծվի եկեղեցու և պետության հետ համատեղ: Պետությունն էլ պետք է հասկանա, որն է կարևոր, որը` ոչ: Ու նաև ժամանակ է պետք սերնդափոխության համար, որը մեկ օրում չի լինում: Նոր տարվան բոլորը նստում, մի լավ հաց են ուտում, բայց չեն մտածում կարիքավոր երեխաների և տարեց մարդկանց մասին, ովքեր մանկատներում ու ծերանոցներում են: Դեկտեմբերի 31-ին բոլորը բաժակ բարձրացնելով ու փորերը տռզացնելով են անցկացնում, այնինչ կարելի է այդ գիշեր գնալ եկեղեցի և երկու մոմ տանել` մեկը սեփական ընտանիքի օրհնության համար, մյուսը թողել ինչ-որ մեկին, որը մոմ չունի: Այսինքն` պետք է մտածել ու հոգատար լինել դիմացինի նկատմամբ, որն իր արդյունքը հաստատ կտա»,- հավելեց նա:
Զրույցի վերջում Տեր Շմավոնն իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց. «Ես հույս ունեմ, որ տոնացույցային Նոր տարին մարդկանց ավելի կսթափեցնի, նրանք կհասկանան ինչն է կարևոր, ինչը` երկրորդական, և դեպի Աստծուն կդառնան: Շնորհավոր բոլորի Նոր տարին, ի վերջո, Աստծո պարգևած մեկ տարին էլ ապրեցինք: Դեկտեմբերի 31-ի գիշերը եկեղեցիներում րոպեների տարբերությամբ կարդում ենք տարվա վերջին և տարվա առաջին աղոթքը, և դրանով Աստծո առջև հաշվետվություն ենք տալիս: Թող Աստված տա, որ յուրաքանչյուր մարդու մեջ ներքին հաշվետվության լույսը ծագի, որ մարդը դիմացինի մեջ ոչ թե տեսնի մեկին, ումից կարելի է շահ կորզել, այլ անշահախնդիր մոտենալ ամեն մեկին, և հիշել, որ թե աղքատի, թե հարուստի մեջ Աստված է բնակվում: Եթե ամեն մեկս սովորենք դիմացինի մեջ Աստծո պատկերը տեսնել, չարությունը մեզնից շատ հեռու կգնա: Թող շնորհավոր լինի 2018թ-ը, թող մարդիկ մեկը մյուսին բարիք բերեն ու տարին գեղեցիկ կդառնա»: