ՀՀ քաղաքացու և օտարերկրացու երեխան, ով բնակվում է Հայաստանում, կարող է քաղաքացիություն ձեռք բերել արդեն ծնողներից միայն մեկի համաձայնությամբ։ Facebook-յան իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ վկայակոչելով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2018թ. հունվարի 6-ին։
«Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալուվերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը:
Այս դեպքում նշանակությունչունի՝ որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին»,-ասված է Մնացական Բիչախչյանի գրառման մեջ։
Պաշտոնյան նշել է, որ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ: Բիչախչյանի խոսքով, սակայն, պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկրյա կամ ՀՀ քաղաքացի), գտնվելով այլ պետությունում, տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է լինում, ինչի հետևանքով խախտվում են երեխայի մի շարք իրավունքներ: