11-րդ դասարանցին վաստակում է ավելի շատ, քան բազմաթիվ մեծահասակներ
Advertisement 1000 x 90

11-րդ դասարանցին վաստակում է ավելի շատ, քան բազմաթիվ մեծահասակներ

16-ամյա Արմեն Հակոբյանի համար ամենակարևորը ֆինանսական անկախությունն է ու իր ժամանակն ինքնուրույն տնօրինելը:

«Միշտ մտածել եմ, որ պետք է բիզնես ունենամ, որովհետև երբեք չեմ ուզել ինչ-որ մեկի մոտ աշխատել: Օրինակ՝ չեմ պատկերացնում, որ պետք է առավոտյան զարթնեմ ու 8-ից գնամ աշխատանքի, երեկոյան էլ 6-ին տուն գամ:

Այդ վիճակն ինձ երբեք դուր չի եկել: Ես ուզում եմ միշտ և՛ ֆինանսապես անկախ լինել, և՛ ժամանակի առումով, ինչ-որ մեկն ինձ հրահանգներ չտա, այլ եթե հնարավոր է, ես հրահանգներ տամ: Հենց դա ինձ ստիպեց, որ իմ գործին, իմ ժամանակին ինքս տեր լինեմ»,- «Անկախի» հետ զրույցում ժպտալով ասում է Արմեն Հակոբյանը: Դիտարկմանն էլ, թե միգուցե բիզնեսում գլխացավանքը շատ է, արագ արձագանքում է.

«Բայց հաճելի գլխացվանք է, որովհետև շատ ավելի տհաճ է այն գիտակցումը, որ քեզ կարող են ցանկացած պահի հեռացնել աշխատանքից»: Այդպես 2016 թվականի հունիս-հուլիսից, երբ դեռ 15 տարեկան էր, սկսեց սեփական բիզնեսը: Նա տարբեր աքսեսուարներ է պատվիրում արտերկրից, ստանում ու վաճառում է դրանք առաքմամբ: Հիմնականում վաճառում է IPhone-ների պատյաններ, լիցքավորիչներ, ժամացույցներ, ականջակալներ: Վաճառքն անում է օնլայն խանութի սկզբունքով, սակայն քիչ, խիստ պահանջված տեսականիով:

«Այդ ամենն անում եմ անվճար առաքմամբ, հենց դա էլ իմ առավելությունն է, որ ամբողջ Հայաստանում անվճար առաքում եմ իրականացնում, և մարդիկ նախընտրում են իմ ծառայությունից օգտվել: Երևանից դուրս առաքումն իրականացնում եմ «Հայփոստի» միջոցով, իսկ Երևանում ունեմ առաքիչներ, նաև մի ընկերություն կա, որ զբաղվում է առաքմամբ, նրանց ծառայություններից էլ եմ օգտվում»,- պատմում է Արմեն Հակոբյանը: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու հենց օնլայն խանութ որոշեց հիմնել, Արմեն Հակոբյանը բացատրեց՝ առաջին հերթին այն պատճառով, որ կարող էր տնից աշխատել, ինչն իրեն նույնպես շատ դուր է գալիս. «Ես սիրում եմ գործը կառավարել ու դա անել ոչ թե ինչ-որ գրասենյակի աշխատասենյակից, այլ այն տեղերից, որտեղ այդ պահին գտնվում եմ, թեկուզ այլ երկրից:

Իսկ թե ինչու օնլայն խանութ, որովհետև ես դեռ 15 տարեկան էի, գումար էլ չունեի, որ տարածք վարձակալեի, այլ ծախսեր հոգայի, այդ ի՞նչ պետք է անեի, որ տարածքի վարձը կարողանայի աշխատել: Այդպես որոշեցի, որ կարելի է օնլայն տիրույթում վաճառել, ինչը նույնն է, թե անվճար տարածք ունես ու ավելի շատ մարդկանց ես հասանելի»: Իր բիզնես մտածելակերպի ձևավորման վրա, նշում է նա, շատ մեծ դերակատարություն է ունեցել ընտանիքը, որը միշտ բիզնեսով է զբաղվել:

Սկզբնական ներդրումի հարցում էլ՝ մոտ 100 հազար դրամ, օգնել է հայրը, որ իմանալով որդու մտադրության մասին՝ ոչ թե պնդել է, թե ավելի լավ է դասերով զբաղվել, այլ խրախուսել է այդ գաղափարն ու աջակցել նրան: Փաստորեն բիզնեսմեն ծնողն է նպաստել, որ այդ կերպարը ձևավորվի, այն գաղափարն արմատավորվի, որ պետք է անպայման բիզնեսով զբաղվի:

Արմեն Հակոբյանը պատմում է, որ այդ սկզբնական 100 հազար դրամով էլ մի քանի փուլով, ամեն անգամ 20-30 հազար դրամի սահմաններում էր ապրանք պատվիրել, իսկ գոյացած եկամուտը նորից դրել է շրջանառության մեջ: Դա օգնեց, որ պատանու նախաձեռնությունը կայանա, սկսի նորմալ աշխատել:

Ծնողներն էլ պարզապես վստահում էին իրենց որդուն, ոչ միայն ողջունում էին նրա բիզնես նախաձեռնությունը, այլև օգնում առաջին ներդրման հարցում: Դրանից հետո նա ծնողներից այլևս գումար չի խնդրում, ֆեյսբուք սոցիալական կայքում բացում է Luxury Accessories էջը, որի միջոցով սկսում է վաճառել ապրանքները: Հիմա արդեն կարողանում է ամսական աշխատել 60-100 հազար դրամ գումար, որը լիուլի բավական է 11-րդ դասարանի աշակերտի համար: Մի մասը վերադարձնում է իր բիզնեսին, նորից դնում է շրջանառոււթյան մեջ, մի մասը ծախսում է անձնական, առօրյա կարիքների համար, իսկ հիմնական մասը պահում է. մտածում է ավտոմեքենա գնել իր վաստակած գումարով, հաշվարկել է, որ 1-2 տարուց դա լիովին հնարավոր կլինի:

«Ես շատ եմ սիրում իմ գործն ու հաճույքով եմ անում: Օրինակ՝ մարդիկ կան, որոնց այդ ծանրաբեռնվածությունը կարող է դուր չգալ: Օրեր են լինում, որ անգամ հաց ուտելու ժամանակ չի լինում, լինում են նաև թեթև օրեր: Այդ թեթև օրերն ինձ դուր չեն գալիս: Միգուցե դեռ այն իսկական ծանրաբեռնվածությունը չեմ զգացել, չգիտեմ, ես հաճույք եմ ստանում գործ անելուց ու արդյունք ստանալուց»,- խոստովանում է ավագ դպրոցի աշակերտը:

Դպրոցում ուսուցիչների մեծ մասը դրական է վերաբերվում տղայի գործունեությանը և ոգևորում է նրան, ոմանք էլ վատ են վերաբերվում: Դա էլ պայմանավորված է տվյալ ուսուցչի պատկերացումներով, աշխարհայացքով, մտածելակերպի տարբերություններով: Համենայն դեպս նա օրական միջինը 3-4 ժամ է տրամադրում իր բիզնեսին, իսկ գերծանրաբեռնված օրերին պատահում է, որ 10-12 ժամ է տրամադրում: Եղել են նաև դժվարություններ, բայց դրանք երբեք չեն հիասթափեցրել նրան, երբեք չի եղել դեպք, որ հիասթափվի ու որոշի դադարեցնել իր գործը: Ինչպես ինքն է նշում, դա ավելի շատ պայմանավորված է նրանով, որ ամեն ինչ անում է հաճույքով, ուստի անգամ դժվարությունն էլ դժվարություն չի թվում:

Հետագայի մասին պատանի գործարարն արդեն այսօր հստակ պատկերացումներ ունի: Ուրիշ բիզնես նախագծեր է մտմտում, որոնց մասին խոստացավ խոսել միայն այն ժամանակ, երբ արդեն կայացած կլինեն: Ամեն դեպքում Արմեն Հակոբյանն իրեն բիզնեսից դուրս չի պատկերացնում: Ասում է, որ պլանավորում է ավելի մեծ, ավելի լուրջ բիզնեսով զբաղվել, իսկ այս նախաձեռնությունն օգնում է իր գրպանի փողն աշխատել ու սովորել բիզնեսի նրբությունները, սովորել, սովորել ու սովորել մինչև հիմնական մեծ նպատակին հասնելը:

Նա որոշել է նաև դպրոցից հետո ուսումը շարունակել բիզնեսի կառավարման, մենեջմենթի մասնագիտություններով.

«Դա ինձ հետաքրքրում է ոչ թե նրա համար, որ ինչ-որ խոշոր ընկերությունում անցնեմ բարձր վարձատրվող աշխատանքի որպես կառավարիչ, այլ իմ սեփական բիզնեսը ճիշտ կառավարեմ»:

Նա արդեն որոշ հետևություններ արել է, ասում է՝ բիզնեսում շատ կարևոր է ճարպկությունը, իսկ ավելի ստույգ՝ «քթածակը», որ կարողանաս ճիշտ ու ժամանակին կողմնորոշվել, ճիշտ ու կշռադատված որոշումներ կայացնել: Իսկ եթե դրան գումարվի նաև որակյալ կրթությունը, լավ թիմ հավաքելու ունակությունները, կառավարչական հմտությունները, հաջողությունը չի ուշանա: Հետո մանրամասնում է, որ միայն ճարպկությամբ կկարողանաս գումար աշխատել ու սոված չմնալ, բայց շատ լուրջ հաջողությունների հասնելը շա՜տ դժվար կլինի:

Եվ շեշտում է, որ ճարպկություն երբեք չի նշանակում խաբել: Խաբելը կսպանի յուրաքանչյուր, անգամ ամենակատարյալ բիզնեսը: «Վերջերս մի շատ լավ միտք լսեցի, որը միանգամից դարձավ իմ սեփականը. և՛ հաղթանականերին, և՛ պարտություններին միշտ պետք է նույն ձևով նայես:

Այսինքն՝ կյանքի իմաստը հենց այն է, որ երջանիկ ապրես, ու եթե հաջողությունների ու հաղթանակների ժամանակ ոգևորովում ես, իսկ պարտությունների ժամանակ հիասթափվում, ապա դեպի հաղթանակ տանող ճանապարհին պարտություններն անհամեմատ ավելի շատ կլինեն: Ուզում եմ ասել՝ եթե ամեն մի պարտություն դարձնես ողբերգություն ու հիասթափվես, կնշանակի ավելի շատ տխրում ու նեղվում ես, քան ուրախանում»,- ասում է Արմեն Հակոբյանը:

Հարցնում ենք՝ լավ է սեփակա՞ն փորձով սովորելը:

Նա ժպիտով առարկում է՝ իհարկե լավ է սեփական փորձով սովորելը, բայց շատ ավելի լավ է, որ ուրիշների փորձով սովորես: Մեր դիտարկմանն էլ, թե իր հազարավոր հասակակիցներից քչերն են որոշում բիզնեսով զբաղվել, կա՞ն արդյոք որոշակի հատկանիշներ, որոնցով ինքը տարբերվում է, Արմեն Հակոբյանը պատասխանում է.

«Երբեք չհանձնվելու հատկանիշն ու միշտ ինչ-որ նոր բան սովորելու ձգտումը, նաև այն գիտակցումը, որ միջակությունը լավ բան չէ»:

Ankakh.com