«Ես երբեք մեղավոր չեմ լինում, չեմ ու չեմ լինելու». Պավել Մանուկյան
Advertisement 1000 x 90

«Ես երբեք մեղավոր չեմ լինում, չեմ ու չեմ լինելու». Պավել Մանուկյան

Դատավորին վիրավորելով՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին Պավել Մանուկյանի վերաբերյալ գործով երեկվա դատական նիստում սկսվել է դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող Սասնա ծռերի գործով հուլիսի 26-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքում կայացած դատական նիստի ժամանակ Պավել Մանուկյանը, չենթարկվելով նիստը նախագահող դատավորի օրինական կարգադրություններին, շարունակել է առանց վերջինիս թույլտվության խոսել:

Նիստը նախագահող դատավոր Գաբրիելյանի կողմից նիստերի դահլիճից իրեն 10 ժամով հեռացնելու վերաբերյալ դատական սանկցիա կիրառելուց հետո «ոտնձգելով արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններին՝ Պավել Մանուկյանը դատավորի պատվի ու արժանապատվության դեմ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել՝ նիստը նախագահող դատավորին անվանելով «ցռան մոզի»»:

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Մեղադրանքն ընդունելու-չընդունելու վերաբերյալ դատարանի հարցին ի պատասխան Պ.Մանուկյանը հայտարարեց. «Ես երբեք մեղավոր չեմ լինում, չեմ ու չեմ լինելու»:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման հաջորդականության կարգի համաձայն, նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործի նյութերը, վերջում ցանկության դեպքում ցուցմունք տալու իր իրավունքից կարող է օգտվել Պ.Մանուկյանը: Ընդ որում, դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, ընդգծեց, որ ցանկացած պահի ցուցմունք տալը ամբաստանյալի բացառիկ իրավունքն է: Դուք այդ հարցում իմունիտետ ունեք, ասաց նախագահող դատավորը:

Մինչ դատաքննությունը սկսելը դատարանը հետաձգեց Պ.Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի երկու միջնորդություններին լուծում տալը:

Պաշտպանը միջնորդում էր կարճել քրեական գործի վարույթը և դատակոչի ցանկը լրացնել ու ընդգրկել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, նրան հրավիրել դատարան ու հարցաքննել:

Ըստ Ի.Պետրոսյանի, թեև մեղադրանքում խոսվում է դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մասին, սակայն նա երբևէ չի հարցաքննվել, «մենք չգիտենք դատավորը վիրավորվե՞լ է», հավելեց Ինեսսա Պետրոսյանը: Արդյունքում խախտվել է նաև Պավել Մանուկյանի հակընդդեմ հարցման իրավունքը՝ նա իրավունք ունի հարցեր ուղղել դատավորին: Գործում առկա են, ըստ պաշտպանի, «մի քանի կարգադրիչների ուղղորդված ցուցմունքները» միայն, նման պայմաններում գործի վարույթը պետք է կարճվի: Ի.Պետրոսյանի պաշտպանյալն իր հերթին արձագանքեց՝ ես գործ չեմ տեսնում, իսկ դատավորին դատակոչի ցուցակում ընդգրկելու հարցի վերաբերյալ Պ.Մանուկյանն ընդգծեց՝ անհրաժեշտ է դատարան հրավիրել:

Պավել Մանուկյանի մյուս պաշտպանը՝ Հարություն Բաղդասարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, ավելի ուշ պաշտպանը միջնորդեց հետաձգել նիստը Պավել Մանուկյանի առողջական վիճակով՝ ոտքի ցավերով, պայմանավորված: Դատարանը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից, Պ. Մանուկյանի դիրքորոշումը պարզելուց ու ապացույցների հետազոտման կարգը սահմանելուց հետո հետաձգեց դատական նիստը:

Փաստինֆո