Պրոդյուսերը պատմեց, որ այս օրերին սիթքոմի համար նախագծվում են նոր տաղավարներ.
««Ֆուլ հաուսի» կերպարները կմնան նույնը, սակայն պատմությունն ու խնդիրները հիմնովին կփոխվեն։ Կլինեն հիմնական կերպարները, հնարավոր է մեկ-երկու կերպար ավելանա, պակասի։ Կունենանք նաև նոր տաղավարներ, որոնք ամբողջապես կփոխեն «Ֆուլ հաուսի» միջավայրը»։
Մենչը դժվարացավ ասել դերասանական կազմում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, քանի որ այս պահին նախնական աշխատանքային փուլում են։ Նկարահանումները կսկսվեն ամռանը։ Այդ ժամանակ էլ կհստակեցնի դերասանական կազմը։
Մենչը նշեց, որ նման որոշում կայացնելու համար մեծ ազդեցություն է եղել լսարանի արձագանքը։
«Մարդիկ շատ էին գրում, որ սպասում են նախագծին, որոշեցինք դադարից հետո անել «Ֆուլ հաուս 2»։ Մի քիչ հանգստանալը պարտադիր էր, որպեսզի թարմ մտքերով վերադառնանք»,- ասաց նա։ Ըստ պրոդյուսերի` նախագծի հաջողությունը պայմանավորված էր թե՛ կերպարների սիրված լինելով, թե՛ սյուժեով, թե՛ թիմային աշխատանքով։
Դիտարկմանը, արդյոք ռիսկային չէ սիրված նախագծի վերադարձը, քանի որ ամեն հաջորդը պետք է գերազանցի նախորդին, Մենչն արձագանքեց, որ միջազգային պրակտիկայում սա ընդունված ձևաչափ է, Հայաստանում, գուցե, էքսպերիմենտալ է,սակայն իրենք չեն վախենում փորձարկումներից։
«Հայաստանում «Ֆուլ հաուսի» 7 սեզոնին էլ սովոր չէինք, որովհետև հայկական իրականության մեջ ոչ մի սիթքոմ այդքան երկար չէր եղել եթերում։ Թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան, թե՛ անգլիական սիթքոմերում կա նման պրակտիկա, երբ պահում են հերոսներին ու նրանց շուրջ ստեղծում նոր պատմություն։ Վստահ եմ, որ մեր մոտեցումը բերելու է հաջողության։ Մենք սահմանել ենք նշաձող, որից չպետք է ընկնենք։ Հեռուստադիտողը պահանջում էր, որ դադար չտանք, սակայն մենք հասկացանք, որ եթե հիմա այս սյուժեի շուրջ դադար չկտանք, մեզ համար կլինի պրոբլեմատիկ։ Մենք հասկանում էինք, որ նույն թեմայի շուրջ գրելը քիչ-քիր դժվարանում է»,- ասաց նա ու հավելեց, որ մանրակրկիտ աշխատանք են տանում։
Ինչ վերաբերում է «Ֆուլ հաուս» ներկայացումներին, այս ամիսների ընթացքում ներկայացումներ ևս չեն լինի։ Նոր սիթքոմի եթեր հեռարձակվելուց հետո ստեղծագործական թիմը կմտածի նաև նոր ներկայացումների մասին։