Մարդականցից շատերին թվում է, թե մրգերը «դիետիկ» մթերք են, սակայն իրականում բոլոր մրգերում մեծ թվով ածխաջրեր են պարունակվում, ուստի նիհարող մարդկանց, ինչպես նաեւ դիաբետով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում մրգեր օգտագործելիս զգուշավոր լինել, հատկապես ստորեւ թվարկվածներն օգտագործելիս:
Չամիչ
Չամիչի կալորիականությունը 100 գրամում 264 կկալ է: Չամիչի նույն 100 գրամում 66 գրամ ածխաջրեր են պարունակվում: Չամիչի բաղադրության մեջ կան նաեւ В, Н եւ РР խմբերի վիտամիններ, կալիում, կալցիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր եւ նատրիում: Եվ, իհարկե, բջջանյութ:
Բանան
Բանանի 100 գրամում պարունակվում են 95 կալորիա եւ 21.8 գրամ ածխաջրեր: Այս մթերքը պարունակում է նաեւ բետա կարոտին, В1, В2, В6, С, РР խմբերի վիտամիններ, կալիում, կալցիում, մագնիում, երկաթ, ֆտոր, ֆոսֆոր եւ նատրիում:
Կարծիք կա, որ բանանն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար, նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը եւ լավացնում աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Համարվում է նաեւ, որ բանանը բարձրացնում է տրամադրությունը եւ վերացնում սթրեսը, ուստի բանանից հրաժարվել չարժի, ուղղակի խորհուրդ է տրվում այն չափավոր օգտագործել:
Խաղող
Խաղողը, որը Հայաստանում առավել տարածված մթերքներից է, նույնպես մեծ քանակությամբ ածխաջրեր է պարունակում՝ 100 գրամում 16.8 գրամ, իսկ կալորիաներ՝ 65: Դիաբետիկներին սովորաբար խորհուրդ են տալիս սննդաբաժնում սահմանափակել խաղողի քանակությունը, չնայած այս մրգի մեջ մեծ թվով օգտակար վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ կան:
Մանգո
Մանգոյի 100 գրամում պարունակվում է մոտ 67 կալորիա եւ 11.5 գրամ ածխաջրեր: Իսկ մեկ միջին չափի մանգոյում պարունակվում է գրեթե 50 գրամ ածխաջրեր: Չնայած դրան, մանգոն օգտակար մթերք է համարվում, քանի որ մեծ քանակությամբ բետա կարոտին եւ А, С, D խմբերի վիտամիններ է պարունակում, ինչպես նաեւ հանքանյութեր, այդ թվում՝ կալիում, կալցիում, ցինկ, մանգան, երկաթ, ֆոսֆոր: Մանգոն հարուստ է նաեւ բջջանյութով:
Արքայախնձոր
Արքայախնձորի կալորիականությունը 100 գրամում 49 կկալ է: 100 գրամում ածխաջրերը կազմում են 10.6 գրամ: Քանի որ արքայախնձորը նաեւ շատ է պարունակում սննդային կոպիտ մանրաթելեր, համարվում է, որ դրա օգտագործումը բարենպաստ է ազդում աղեստամոքսային համակարգի աշխատանքի վրա:
med.news.am