Հունվարի 8-ին Չինական ավիաուղիներին պատկանող Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը, որում եղել է ազգությամբ հինգ հայ, որից երեքը՝ ՀՀ քաղաքացի, վայրէջք է կատարել Բաքվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց օդանավի ուղևոր Իդա Մնացականյանը՝ ավելացնելով, որ հայերից մեկը 5-ամյա երեխա է եղել:
«Երեք օր առաջ Պեկին-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավը մի քանի պտույտ տվեց, և ըստ օդանավի անձնակազմի բացատրության՝ չկարողացավ վայրէջք կատարել մառախուղի պատճառով: Մենք օդանավի անձնակազմին հայտնեցինք, որ չենք ցանկանում, որ օդանավը վայրէջք կատարի Բաքվի օդանավակայանում, որովհետև օդանավում հայեր կան և պետք է գտնել այլ այլընտրանքային տարբերակ: Սակայն մեզ չլսեցին և օդանավը վայրէջք կատարեց Բաքվում»,- ասաց Մնացականյանը:
Նա հայտնեց, որ բացի այն, որ օդանավը վայրէջք է կատարել Բաքվում, անձնակազմից իրենց չեն մոտեցել և արգելել են նրանց մնալ օդանավի մեջ:
«Մեզ մոտեցավ Բաքվի օդանավակայանի մեկ աշխատակից, ասաց, որ տեղյակ է, որ ազգությամբ հայեր ենք, հորդորեց ինքնաթիռում թողնել անձնագրերը և դուրս գալ չեզոք գոտի: Մենք այդպես էլ արեցինք, ամուսնուս և երեխայիս անձնագիրը թողեցինք օդանավակայանում, ես վերցրեցի իմ անձնագիրը, որովհետև ես և երեխաս ԱՄՆ քաղաքացիներ ենք, ամուսինս՝ Հայաստանի: 12 ժամ մնացինք Բաքվի օդանավակայանում։ Այն հատվածը, որը տրամադրել էին մեզ, միայն հայերով էինք գտնվում»,- ասաց Մնացականյանը:
Նա հայտնեց, որ այդ ընթացքում Չինական ավիաուղիների (գրասենյակ ունի Բաքվի օդանավակայանում) որևէ ներկայացուցիչ իրենց չի մոտեցել, իսկ մառախուղի պատճառով այդ օրը Թբիլիսի ժամանող ինքնաթիռները վայրէջք չեն կատարել Թբիլիսում, սակայն Բաքու ևս չեն ժամանել:
Մնացականյանը հայտնեց, որ Բաքվից անմիջապես կապ է հաստատել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիների մասին միանգամից տեղեկացրել է Վաշինգտոնին:
«Չգիտեմ զուգադիպություն էր, թե ոչ, սակայն դրանից հետո Բաքվում մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, սակայն չգիտեմ տրամադրվածությունից է, թե ոչ, նրանց տված հացն ու ջուրը կասկածելի էր»,- ասաց ուղևորը:
Նա պատմեց, որ կերակուրից ու ջրից ամուսինն ու երեխան օգտվել են և քնել, իսկ քանի որ նրանք քնել են, որոշել է ինքը ևս մի փոքր օգտվել, ինչից հետո գլխացավ է ունեցել:
Բաքվից Թբիլիսի տեղափոխվել են վայրէջքից 12 ժամ անց.«Նախքան այդ, երեք ադրբեջանցու ուղեկցությամբ չեզոք գոտուց գնացել ենք մինչև ինքնաթիռ երեխայիս ու ամուսնուս անձնագիրը վերցնելու: Ես գնացի, որովհետև միայն ես անձնագիր ունեի, իսկ դա էլ իր հերթին մեկ այլ վախ ու սթրես էր: Մյուս հայ զույգին այդքան ուշադրություն չէին դարձնում, որովհետև Բաքվում մտածեցին, որ մենք մի ամբողջ ընտանիք ենք»:
Իդա Մարտիրոսյանն ասաց, որ Բաքվում գտնվելուց հետո մինչև Թբիլիսի վերադարձը ՀՀ-ից իրենց հետ կապի մեջ են եղել և ուղղորդել են, խորհուրդներ են տվել: «Այժմ ես բողոքելու եմ Չինական ավիաուղիների դեմ իրենց անմարդկային վերաբերմունքի, մեզնով չհետաքրքրվելու և մեր իրավունքները չպաշտպանելու համար: Ավիաընկերությունը պետք է պատասխան տա դրա համար»: