ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հունվարի 10-ին հանձնարարական էր տվել ՀՀ Շիրակի մարզի «Արփի լիճ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում սիրողական ձկնորսության արգելքի վերաբերյալ:
Թեմայի վերաբեյալ պարզաբանում ստանալու համար Vesti.am-ը ՀՀ բնապհպանության նախարար Արծվիկ Մինասյանին հարցում էր ուղարկել: Հարցերը ներկայացնում ենք ստորև.
Պարզաբանման վերաբերյալ հարցում
Հարգելի պարոն նախարար, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սիրողական որսի և ձկնորսության վերաբերյալ Ձեր հանձնարարականի առնչությամբ ակնկալում ենք մի շարք պարզաբանումներ հետևյալ հարցադրումների կապակցութամբ:
- Խնդրում ենք պարզաբանել. հանձնարարականի տեքստից պարզ չէ, խոսքը վերաբերում է ձկնորսությանն ընդհանրապե՞ս, թե՞ միայն սիրողական ձկնորսությանը կամ միայն արդյունագործական ձկնորսությանը:
- Եթե խոսքը միայն սիրողական ձկնորսության մասին է, ապա ինչո՞ւ այն չի վերաբերում նաև արդյունագործական ձկնորսությանը:
- Ո՞ր գերատեսչությունն է Հայաստանում սիրողական ձկնորսության համար պայմանագիր կնքում քաղաքացիների հետ և ի՞նչ իրավական հիմունքներով:
- Ի՞նչ վտանգված ձկնատեսակներ, կենդանատեսակներ ու թռչնատեսակներ կան «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, որոնց պահպանության համար նման աննախադեպ քայլեր են ձեռնարկվում:
- Որո՞նք են «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում սահմանափակումների հիմնական պատճառները, արդյո՞ք դրանք ընդհանրական չեն հանրապետության մյուս ջրային ավազանների՝ Ազատի, Քուչակի, Սպանդարյանի, Ախուրյանի, Կեչուտի, այլ ջրամբարների և Սևանա լճի համար: Հնարավո՞ր է, որ նմանատիպ հանձնարարականներ տրվեն այլ ջրային ավազանների համար:
- Արդյոք մինչ այժմ ազգային պարկի տարածքում թույլատրվա՞ծ էր սիրողական որսը և «…ներկայացնել զեկուցագիր՝ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրային տարածքներում որս և ձկնորսություն իրականացնելու հետագա հնարավորության և դրա գիտական հիմավորումների վերաբերյալ» հանձնարարականի կետը ենթադրո՞ւմ է հետագայում ՊՈԱԿ-ի տարածքում սիրողական որսի և սիրողական ձկնորսության արգելումն ընդհանրապես:
Ի պատասխան մեր հարցմանը Բնապահպանության նախարարությունից հայտնել են.
«Ի պատասխան Ձեր 2018 թվականի հունվարի 10-ի գրության հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար պայմանագիրը կնքում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը /հիմք` ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N884-Ն որոշում/:
2018 թվականի ընթացքում «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման, ինչպես նաև վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագիր չի կնքվել: «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հանդիպող կենդանատեսակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» N 1854-Ա որոշմամբ հաստատված հավելվածում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N448-Ա հրամանով Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացվել է վերահսկողությունը միայն Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում սիրողական ձկնորսության սահմանափակումը պայմանավորված է լճի վրա ձևավորված սառույցի շերտի բարակ լինելու հանգամանքով, ինչը վտանգ է ներկայացնում սիրողական ձկնորսությամբ զբաղվողների համար։ ՀՀ ազգային պարկերի տարածքներում արգելված է որսը (բացի սիրողական ձկնորսությունից)։
Հանձնարարականում հիշատակված է որսը, քանի որ տեղացած ձյան պատճառով որսորդների համար գործնականում դժվարացել է կողմնորոշվել և հավանականությունը մեծ է, որ նրանք կհայտնվեին ազգային պարկի տարածքում՝ մասնավորապես լճի սառույցի վրա։ Հանձնարարականի վերջին կետը նպատակ ունի կանոնակարգել ձկնորսությունն ազգային պարկի տարածքում՝ հաշվի առնելով նաև եղանակային պայմանները»: