newmag-ն ու աշխարհահռչակ MATTEL կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Մարլի ընկերությունը բացառիկ մի նախագիծ են իրականացնում, որը հայ աղջնակներին ու նրանց ծնողներին առաջարկում է իրագործել երազանքները Barbie-ի հետ:
Հիմնական գաղափարն ուղղված է ոգևորելու և ներշնչելու երիտասարդ աղջիկներին, որպեսզի վերջիններս հետևեն իրենց երազանքներին: Չէ՞ որ իրականում Barbie-ն պարզապես տիկնիկ չէ, նրա առաքելությունը աղջիկներին օգնելն ու քաջալերելն է, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց անսահմանափակ հնարավորություններն ու սովորել, որ յուրաքանչյուր երազանք կարելի է իրականացնել, եթե իսպապես հավատում ես այդ երազանքի ուժին։
Նախագծի համար ընտրվել են իրենց մասնագիտություններում հաջողության հասած կանայք, որոնք իրենց փորձով օրինակ են ծառայում դեռահաս աղջիկների համար և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է։
Նախագծին մասնակցում են նաև մեծ երազանքներով փոքրիկ աղջիկներ: Այս անգամ մեր հերոսուհին 8-ամյա Իզաբելլա Բոյախչյանն է, որը երազում է դերասանուհի դառնալ և շատ մեծ հետաքրքրությամբ եկել է՝ խորհուրդներ հարցնելու այս մասնագիտության մեջ կայացած՝ ՀՀ վաստակավոր արտիստ, կանացիության և նրբագեղության խորհրդանիշ Լուիզա Ղամբարյանից։
– Տիկնիկների հրաշքների աշխարհում քանի՞ տարեկանից եք հայտնվել:
– Ինչ ինձ հիշում եմ, տիկնիկների աշխարհում էի։ 2 տարեկանից այդ աշխարհում ունեի իմ տեղը։ Առաջին տիկնիկներս մայրիկիս և հայրիկիս ծածկոցի վրա պատկերված ծաղիկներն էին։ Որոշների վրա ջղայնանում էի, որոշներին՝ սիրում։ Հետո այդ ծաղիկները դարձան իսկական տիկնիկներ, որոնցով խաղում էի։ Մինչև հիմա էլ տիկնիկներս մնացել են, բայց դրանցով հիմա աղջիկս է խաղում՝ Գաբին։
– Barbie տիկնիկ ունեցե՞լ եք. եթե այո, այն ունե՞ր «մասնագիտություն»:
– Երբ փոքրի էի, Barbie տիկնիկներ չունեի, ընդհանրապես չկար տիկնիկների մեծ տեսականի։ Կային գերմանական կոչվող տիկնիկները։ Հայրս գնացել էր արտասահման և այնտեղից մեծ տիկնիկ էր բերել ինձ համար։ Հետո այն պատռվեց և չհասցրեց մասնագիտություն ձեռք բերել։
– Barbie-ն կարո՞ղ է ազդել երեխաների երազանքների վրա, կարո՞ղ է օգնել կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում։
– Կարծում եմ, որ կարող է ազդել փոքրերի վրա, նույնիսկ նրանց մասնագիտության ընտրության վրա։ Եթե երեխան շատ է սիրում իր տիկնիկներին, սկսում է նրանց հետ ընկերություն անել, նրանց հետ ապրել։ Իր երևակայական աշխարհում Barbie տիկնիկի հետ խոսելով՝ կարող է նրանից խորհուրդներ ստանալ՝ ինչ հագնի, ինչ գիրք կարդա և, իհարկե, ինչ մասնագիտություն ընտրի։
– Ձեր դստերը Barbie նվիրե՞լ եք:
– Շատ անգամներ եմ նվիրել Barbie։ Հիմա 7-րդ դասարանում է սովորում, հետաքրքրությունների մեծ շրջանակ ունի, բայց նաև պահում է իր տիկնիկներին։ Որոշները պատռվել են, բայց կան այնպիսի տիկնիկներ, որոնք նույնիսկ անուն-ազգանուն ունեն։ Նա շարունակում է պահել դրանք և չի պատրաստվում որևէ մեկին նվիրել։
– Barbie-ն իդեալ է: Գեղեցիկ ու հաջողակ կնոջ կերպար, որին նմանվել երազում են միլիոնավոր աղջնակներ ամբողջ աշխարհում: Դուք հասե՞լ եք նրան, ինչ երազում էիք փոքր տարիքում:
– Barbie տիկնիկը չի կարող վատը լինել։ Նա ասես արքայադուստր լինի։ Քո ձեռքի տիկնիկը հենց քո իդեալն է, որը կարող է օգնել հասնել քո երազանքին։ Կարծում եմ՝ նաև իմ մանկության տիկնիկներն են օգնել, որ հասնեմ իմ երազանքին։