Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք. Սարգիս Գրիգորյան. life.panorama.am

«Ա Թի Վի» հեռուստաընկերությամբ մեկնարկած «Կարմիր բլուր» հեռուստասերիալի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Այսօր այս նախագծի մասին ենք խոսել գլխավոր հերոսի՝ Սարգիս Գրիգորյանի հետ, ով պատմել է ոչ միայն նկարահանումների, այլև 2018-ի ծրագրերի մասին:

– Սարգիս, մեր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էիք, թե չեք ուզում այլևս երկարատև սերիալներում նկարահանվել: Ինչո՞վ գրավեց «Կարմիր բլուրը», որ որշեցիք այս անգամ ևս ներկայանալ:

– Այո, ինչպես ասել եմ ժամանակին, նախընտրում եմ կարճաժամկետ սերիալներում նկարահանվել: Եթե անկեղծ լինեմ, ես նախընտրում եմ առհասարակ սերիալներում չնկարահանվել, բայց հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, հաշվի առնելով ֆիլմերի սակավությունը, հաշվի առնելով այն, որ նկարահանվող ֆիլմերն էլ կարծես երկարաշունչ սերիալների  առաջին սերիաները լինեն՝ հասկացա, որ սա իմ գործն է: Ցավոք, այն դարաշրջանում եմ ապրում, երբ ավելի ակտուալ են սերիալները և դերասանի մասնագիտության մեջ դա մեծ տեղ է գրավում: Արդյունքում, ուզես, թե ոչ, առանձնանալ չես կարող: Ի վերջո, մասնագիտությանդ մեջ անընդհատ պետք է գործես, արդյունքում փորձում ես գտնել լավագույնը, որտեղ կներկայանաս: Այս պարագայում սերիալային բազմազանության մեջ փորձեցի գտնել լավագույն խումբը և աշխատել: Իսկապես, Ելենա Արշակյանն ինձ համար հետաքրքիր տեսակ է, համատեղ աշխատանքից հետո հասկացա, որ նա կարողանում է եղած բյուջեի դիմած որակ ապահովել: Էլ չասեմ, որ վարկանիշային աղյուսակում այն առաջնային հորիզոնականում է:

– Գիտեմ, որ Ձեզ համար բացի մարդկային գործոններից, մեծ նշանակություն ոնի նաև սցենարը: Այս պարագայում ամեն բան Ձեր սրտո՞վ է:

– Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին ևս բավականին լավ եմ ճանաչում, գիտեմ նրա հնարավորությունները: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք շատ լավ գիտեն սերիալի կառուցվածքը կազմելու առանձնահատկությունները: Ըստ սցենարի՝ ես տան ավագ որդին եմ, ում ուսերին է ընկած տան հոգսը: Այստեղ նկարագրված է մարդկային փոխհարաբերություններ մոր և որդիների, հոր ու տղայի, երկու եղբայրների միջև: Հայի տեսակի մեջ այս գիծը, ցավոք, շատ տարածում ունի: Նման ճակատագրեր շատ են եղել 90-ակններին: Ես ու իմ սերնդակիցները հանգամանքների բերումով շուտ մեծացանք, ցուրտ ու մութ տարիներին մեծ դժվարությունների միջով ենք անցել: Սևակի մեջ շատերը իրենց կտեսնեն, հայկական ընտանիքներում հաճախ է պատահում, երբ մեծ եղբայրն իրեն զոհում է փոքրի համար: Այստեղ ցույց է տրվում նաև փոքր եղբոր անշնորհակալությունը, որը ևս մեծ տարածում գտած խնդիր է: Երկու սերունդներ ներկայացնող եղբայրների կյանքը իսկապես հետաքրքիր է:  Անձամբ ինձ սցենարը շատ է դուր գալիս, ես այստեղ պարզապես չեմ խաղում, այլև հետևում եմ:

– Բացի լավ սցենարից, շատ կարևոր է նաև դերասանական կազմի ընտրությունը: Ինչպե՞ս են ընթանում հարաբերությունները կադրից դուրս:

– Այս նախագծում խաղում են մեր օրերի լեգենդները՝ ի դեմս Արտաշես Ակեքսանյանի և Սամվել Սարգսյանի: Վերջինիս հետ խաղալը պարզապես մեծ պատիվ է ինձ համար: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, Սամվել Սարգսյանի հետ խաղալու համար պետք է 250 անգամ քասթինգ անցնեինք, որ կարողանայինք իր կողքին լռել: Բավականին լուրջ դերասան է նաև Արտաշես Ալեքսանյանը, ով հզոր էներգետիկ դաշտ ունի. նրանից շատ բան ունեմ սովորելու: Թող ինձնից ոչ մեկ չնեղանա, բայց մեր գիգանտ դերասաններից մի քանիսին են մնացել, որից երկուսը այստեղ են խաղում, ինչը արդեն խոսում է այն մասին, որ այս նախագիծը հաջողված է լինելու:

 Սարգիս, տարին նոր է մեկնարկել, ինչ է սպասվում 2018-ին:

– 2018-ն ինձ համար հայտարարել եմ մշակութային տարի: Փորձելու եմ զբաղվել ինքնամաքրմամբ, նշանակում է այս տարիների ընթացքում ինձ համար ոչ հաճելի նախագծերում հանդես գալու սխալներս ուղղելու եմ՝ նոր մարտահրավերներ ընդունելով:

Ամբողջությամբ՝ life.panorama.am

 



Նման նյութեր