Արծրուն Չոբանյանը BRAVO.am-ին պատմել է կյանքը փոխած հանդիպումների, մարմնավորած կերպարի մասին, որն ամենամոտն է իրեն, նաև պատասխանել է շատերին հետաքրքրող հարցի՝ արդյո՞ք ինքն ու դերասան Բաբկեն Չոբանյանը հարազատ եղբայրներ են:):
–Լիրիկական կատակերգության մեջ մարմնավորելով մի կերպար, որը պատմում է, թե ինչպես կարող է պատահական կամ ոչ պատահական հանդիպումը մարդու կյանքում մեծ փոփոխություններ մտցնել, այ, իրական կյանքում եղե՞լ են այդպիսի հանդիպումներ։
– Կարծում եմ` յուրաքանչյուրի կյանքում լինում են պատահական հանդիպումներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում և կարող են փոխել մարդուն և նրա կյանքը։ Ինձ հետ պատահել են նման հանդիպումներ. ես ունեցել եմ այնպիսի դասախոսներ, ինչպիսիք են՝ Նիկոլայ Ծատուրյանը, Նարինե Գրիգորյանը, Աննա Հեքեքյանն ու Սոֆիկ Սարգսյանը: Իսկ դրանից հետո իմ կյանքում մեծ փոփոխություն եղավ, երբ հանդիպեցի Մհեր Մկրտչյանին՝ աշխատելով թատրոնում և նկարահանվելով վերջինիս հեղինակած ֆիլմերում։
–Միմյանց հաջորդող երեք համագործակցություն մի ռեժիսորի հետ, ում հետ աշխատելը ոչ միայն պատվաբեր է ցանկացած դերասանի համար, այլ նաև շատ պարտավորեցնող: Բա՞րդ չէ։
-Իհարկե, դժվար է, բայց հաճույքով եմ փորձում հաղթահարել այդ դժվարությունները, իսկ ինչ վերաբերում է Մհեր Մկրտչյանի պահանջկոտ լինելուն, ես միայն ուրախ եմ, որովհետև դրանից լավ արդյունք կարելի է սպասել:
– Դեպք, իրադարձություն, որը չեք մոռանա։
– Գյումրիում մեր ավարտական ներկայացումը («Ես միայն զանգահարելու եմ եկել»), խաղալիս մահից հազիվ պրծա:
– Մարմնավորել եք տարբեր կերպարներ, որո՞նք են իրական կյանքին ավելի մոտ։
-Ցանկացած կերպարի մեջ դու դնում ես քո ներսից ինչ-որ բան, և ամբողջ կերպարը դառնում է քոնը, իհարկե, կան կերպարներ, որոնք մոտ են եղել ինչ-որ չափով, կան կերպարներ, որոնց հետ իրական կյանքում անգամ անհնարին կլիներ շփումը։ Ինձ համարելով ցինիկ մարդ՝ մոտ կերպար կառանձնացնեմ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմից Նարեկի կերպարը. երկուսս էլ այդ բնավորության գիծն ունենք (ժպիտում է-հեղ.):
– Ներկայացումներ, անդադար նկարահանումներ. անձնական կյանքին ժամանակ մնո՞ւմ է:
-Իհարկե, երբեմն խանգարում է անձնական հարցերով զբաղվելուն: Բայց դեռ ազատ եմ, շատ խիստ զբաղված չեմ, այնպես որ, չի խանգարում։
– Հե՞շտ է հուզել, ազդել, էմոցիա տալ ու վերցնել հանդիսատեսից։
– Առաջին հերթին կարևոր է թեման, այն պետք է հետաքրքրի հանդիսատեսին, երկրորդը սցենարն է, որ պետք է կեղծ չլինի. ե՛ւ սցենարում է պարտադիր սա, ե՛ւ դերասանական խաղում: Եթե ազնիվ է այն, ինչ անում ես, ապա կհուզի, տեղ կհասնի, եթե ոչ՝ ոչ։
Ամբողջությամբ՝ bravo.am