«Միռամ» ընկերությունը ցանկանում է Լոռու մարզի Արդվի գյուղում ոսկու հանք բացել։ Առայժմ ներկայացվել է երկրաբանական հետախուզման հայտ միայն, սակայն տեղի բնակիչները կարծում են, որ դա արդեն նշանակում է՝ ընկերությունն ունի հանք բացելու իշխանությունների թույլտվությունը․ հետախուզման համար 400-500 հազար դոլարի ներդրում հենց այնպես չի արվում։
Դեկտեմբերի 1-ին Արդվիի բնակիչները տապալել են հանքի վերաբերյալ հանրային լսումները, ծրագիրը հետ է ուղարկվել վերամշակման։ Արդվինցի Սուրեն Կիրակոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասաց, որ վերամշակման փուլում վերանայվելու է միայն ստորգետնյա ջրերի վրա հնարավոր ազդեցության գնահատումը, սակայն հանքի ծրագիրը նաև օդի, հողի որակի համար է վնասակար, ուստի գյուղը շարունակելու է դեմ լինել հանքի բացմանը։
Արդվիի հանքի ծրագիրը մեծ չէ․ համայնքի բնակիչների բողոքներից հետո հայտում նախնական 146 հեկտար տարածքի ուսումնասիրության չափն իջեցվել է 54 հա-ի։ Փոքր հանքի հետևանքները գյուղացիները տեսել են․ իրենց հարևան Մղարթ գյուղում ևս կա ոսկու հանք, որի պաշարը, ինչպես ասում են տեղացիները, բավարարում է միայն «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ոսկյա վզնոցներին։ Այդ հանքը գյուղին մեծ թվով աշխատատեղեր չի բերել, միայն վնասել է բնությանը, ասում են արդվիցիները։
«Այս տարածքն արդեն մանրազննին հետախուզված է։ Տվել են գնահատական, որ այս տարածքը ոչ արդյունաբերական նշանակություն ունի։ 2008-2010 թվերին «Մուլտի գրուպն» էլ է հետախուզում արել Արդվիում։ Ըստ հետազոտությունների՝ կան ցրոնային հանքամարմիններ, կա բազմամետաղ ոսկի, կապար, արսենիում։ Կա նաև ցրոնային ուրան։ Բացելու դեպքում ռադիացիա կլինի», — ասել է Սուրեն Կիրակոսյանը։
Արդվին իր խմելու ջուրը ստանում է հանքի համար ուսումնասիրվող լեռներից։ «Ասում են՝ մենք ձեր ջուրը կսարքենք։ Ո՞նց կսարքեք, եթե ակունքներն ուզում եք խաթարել։ Գիտե՞ք ինչն է ցավալին. ենթադրենք՝ ստեղ ոչ ոք ոչինչ չէր հասկանում, պիտի գային այս գյուղում ապրող ծերերին ոչնչացնեին։ Ինչի՞ պիտի ընդհանրապես տենց հարց առաջանար։ Սեղանի շուրջ «ոչ» ասելու իրավունքն ինչո՞ւ չկա, ինչո՞ւ պետք է մենք փողոց ընկնեինք», — ասել է Արդվիի բնակիչ Մարինե Քալանթարյանը։
60 ընտանիք ունեցող Արդվիում կարծում են, որ իրենց համայնքն այլ ուղղությամբ զարգանալու լուրջ ներուժ ունի՝ տուրիզմի օգնությամբ։ Այստեղ ասում են՝ Արդվին սովորական գյուղ չէ, այն նախ և առաջ Քալանթարյանների ազնվական տոհմի հայրենիքն է։ Մինչև հիմա գյուղում ապրող Քալանթարյանները, կարծես, այլ կարգավիճակ ունեն համայնքի այլ տոհմերի համեմատ։ Տոհմերն այս գյուղում ընդհանրապես ավելի սեգրեգացված են, քան այլուր․ Արդվիում մարդիկ նույնիսկ հուղարկավորվում են առանձին գերեզմանատներում՝ ըստ ազգի։ Գյուղում կա 4 առանձին գերեզմանոց՝ Քալանթարյանների, Կիրակոսյանների, Վահրամյանների, Հովվյանների։
Քալանթարյանների գերեզմանոցում հողավորված են այդ ազգի հայտնի ներկայացուցիչները: Օրինակ՝ Սոլոմոն Քալանթարյանը, որը եղել է ցարի ներկայացուցիչը Կովկասում։ Քալանթարյանների գերեզմանոցը Կառավարության 2002 թվականի որոշմամբ ներառվել է պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։
Ամբողջությամբ՝ epress.am