«Դեպի նպատակը տանող ճանապարհն անցնում է պայքարի միջով». ապրիլյանի տղաների կյանքն ու կռիվն այսօր. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դեպի նպատակը տանող ճանապարհն անցնում է պայքարի միջով». ապրիլյանի տղաների կյանքն ու կռիվն այսօր. tert.am

Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերն արդեն 26 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին, մեր բանակը հպարտանալու արժանի պատմություն ունի, որի վկայությունը մերօրյա հերոսներն են … Հերոսներ, որոնցից շատերը շարունակում են իրենց պայքարը ռազմի դաշտից դուրս՝ սովորելով, աշխատելով, կերտելով իրենց ապագան: Հայաստանյան կազմակերպությունները հնարավորություն են տալիս այդ երիտասարդներին կայանալու, հմտանալու, առաջ են մղում և աջակցում հասնելու իրենց երազանքներին:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության շատ աշխատակիցներ իրենց ներդրումն են ունեցել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին։ Նրանց՝ Ռոմա Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Կարեն Առաքելյանին, Դավիթ Սարգսյանին, Հակոբ Հարությունյանին, Գևորգ Նահապետյանին, Արթուր Ուլումյանին, Գրիգոր Ֆրանկյանին, Դավիթ Անդրեսյանին, Արթուր Հովհաննիսյանին, Հրայր Ստեփանյանին, Արթուր Շալջյանին, Հակոբ Մարտիրոսյանին, Գևորգ Առաքելյանին, Վլադիմիր Այդինյանին, Արթուր Զաքարյանին, հատուկ մոտեցում ցուցաբերվեց ընկերության տարեվերջյան ժողովի ժամանակ:

«Մեր կազմակերպության համար մեծ պատիվ է թիմում ունենալ այսքան հերոսամարտիկներ:  Տղանե´ր,  ձեր կռիվը դեռևս չի ավարտվել, պայքարն այսօր էլ շարունակվում է. պայքար մեր քաղաքի, մեր երկրի համբավը բարձր պահելու համար, պայքար որակի և զարգացման համար: Մենք համոզված ենք՝ այնպես, ինչպես պաշտպանել եք հայրենիքի սահմանները, նույն նվիրումով բարձր կպահեք նաև մեր կազմակերպության անունը»,- հերոս տղաներին պարգևներ հանձնելիս ասաց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Tert.am–ը Բանակի օրվան ընդառաջ զրուցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ուշադրությանն ու գնահատանքին արժանացած տղաներից մի քանիսի հետ։

«Դեպի նպատակը տանող ճանապարհն անցնում է պայքարի միջով, կարևորը չհուսալքվել, լինել ուժեղ և շարժվել առաջ: Կյանքը պատերազմ է ու կռիվ»,- շեշտում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի Ամիրյան մասնաճյուղի խոհարար 21-ամյա Գևորգ Նահապետյանը՝ հաստատելով կյանքի նկատմամբ իր լուրջ և պատասխանատու  մոտեցումները։

Որպես ավագ սերժանտ, նա կարողացել է իր առջև դրված մարտական խնդիրը պատվով կատարել՝ հետ մղելով հակառակորդին Ասկերանի հայկական պաշտպանական դիրքերից: Երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար՝ Գևորգ Նահապետյանն արժանացել է «Մայրական երախտագիտություն» մեդալի, «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» և այլ պատվավոր շքանշանների:

Քառօրյա պատերազմի մասնակից, «Շերեփ» ռեստորանի խոհարար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելում է՝ տղամարդու համար իրական դժվարություններն առաջանում են ոչ այնքան ծառայության ընթացքում, որքան զորացրվելուց հետո։  «Ինձ պարզապես բախտ է վիճակվել զորացրվելուց կարճ ժամանակ անց ունենալ լավ աշխատանք, լինել ֆինանսապես կայուն և ապագայի հետ կապված պլաններ մշակել»,–ասում է նա:

Տանկի մեխանիկ-վարորդ Վլադիմիր Այդինյանն ապրիլյան այն օրերին իր ռազմընկերների հետ միասին հակառակորդի տանկն էր հերոսաբար խոցել, իսկ այսօր նա «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի առաքիչներից է. «Այստեղ ես ինձ աշխատասեր եմ զգում: Ու ինձ շատ է դուր գալիս, որ այստեղ յուրաքանչյուրին անհատական վերաբերմունք են ցույց տալիս»։

Տղաներն ասում են, որ «Երեմյան Փրոջեքթսում» թիմային աշխատանքն իրենց շատ է փոխել: Սկսել են իրերն ու երևույթներն ավելի խորն ընկալել, գնահատել մարդկանց արժանիքներն ու իրենց ընձեռված հնարավորությունները: «Երբ դու չգիտես, քեզ սովորեցնում են: Եթե պատերազմի մասնակից ես, քո ավանդը գնահատում են»,-հպարտությամբ շեշտում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի Տերյան մասնաճյուղի հյուրընկալ Գրիգոր Ֆրանկյանը:

«Բեմում կանգնած, տեսնելով դահլիճում նստածների արցունքները և լսելով ծափահարությունները, ես ինձ գնահատված զգացի: Ես զգացի, որ այդ ծափերն ուղղված են իմ հետևում կանգնած ամբողջ վաշտին, դասակին»,- հուզված պատմում է «Լավաշ» ռեստորանի մատուցող Հրայր Ստեփանյանը՝ ժպիտով հայացք նետելով ձեռքի ժամացույցին, որը որպես պարգև ստացել է պարոն Երեմյանի կողմից: Հրայրն իր առջև մի նպատակ է դրել՝ գործի մեջ այնքան վարպետանալ, որ հետագայում կարողանալ հիմնել սեփական ռեստորանը՝ որպես չափանիշ-օրինակ ընդունելով «Երեմյան Փրոջեքթսը»:

««Երեմյան Փրոջեքթսն» իր գործունեությամբ լուրջ խթան է հանդիսանում, որ արտագաղթելու փոխարեն շարունակենք ապրել և արարել մեր հայրենի հողում, դնենք նպատակներ և տեսնենք դրանց հասնելու ճանապարհը»,- սա է տղաների դիրքորոշումը:

Այս տղաները դժվարությամբ են պատկերացնում կյանքն առանց հայրենի երկրի ու սիրելի աշխատանքի: Նրանց խոսքով՝ իրենց աշխատանքը  սովորելու, զարգանալու, տարբեր մարդկանց հետ շփվելու, գնահատված լինելու և կայանալու մեծ հնարավորություններ է տալիս:

«Երեմյան Փրոջեքթսը» մի մեծ ընտանիք է, իսկ նրանք այդ ընտանիքի ամենակրտսեր որդիներն են: Նրանք բոլորն էլ աշխատում են մեկ ընդհանուր նպատակի համար՝ հայրենիքին պիտանի լինելու՝ գործին ամբողջությամբ նվիրվելով և վարպետությունը զարգացնելով: «Կարևոր չէ դու մատուցող ես, խոհարար, բանվոր, թե պատգամավոր: Երբ դու քո գործը կատարում ես նվիրումով և սիրով,  դու դրանով նպաստում ես երկրի զարգացմանը: Դու դա անում ես քո ընտանիքի, քո հայրենակցի, քո երկրի բարեկեցության և զարգացման համար»,- ընդգծում է Հրայր Ստեփանյանը: