2016 թ. հունվարին Լևոն Ստեփանյանն ընդամենը 12 հազար դրամ ուներ, որով մտադիր էր բիզնես սկսել: Բայց ճակատագրի հեգնանքով այդ 12 հազարից 9 հազարը տրանսպորտում գրպանից գողացան, ու նրա ձեռքին մնաց միայն 3000 դրամ: Շատ-շատերը դա կհամարեին վատ նախանշան ու կհրաժարվեին իրենց գաղափարից, բայց նա չհանձնվեց ու որոշեց իր գաղափարը կյանքի կոչել թեկուզ 3 հազար դրամով:
Այդպես էլ հիմնադրվեց Mybookstore օնլայն գրախանութը, որը գործում է հիմնականում Ինստագրամ ու Ֆեյսբուք սոցիալական ցանցերում և հեռախոսազանգերի միջոցով պատվերներ իրականացնելու սկզբունքով: Այս գրախանութից հնարավոր է պատվիրել ցանկացած գիրք, որը Mybookstore-ն գտնում ու առաքում է պատվիրատուին անվճար ամբողջ Հայաստանի տարածքում, երբեմն էլ՝ նաև արտասահման: Ուշագրավ է, որ Լևոն Ստեփանյանը, երբ որոշում է օնլայն բիզնես սկսել, ո՛չ համակարգիչ ուներ, ո՛չ նոութբուք, ո՛չ պլանշետ, ո՛չ անգամ սմարթֆոն, ո՛չ էլ ֆեյսբուքյան էջ էր երբևիցե ղեկավարել: Չէր էլ պատկերացնում, թե դա ինչ է: Այսինքն՝ չուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր օնլայն բիզնես վարելու համար:
«Նախնական ծրագրեր չեն եղել, գաղափար չի եղել: Ինձ պետքական մի գիրք էի ուզում, որ ինձ առաքեին, փնտրեցի ու տեսա, որ Հայաստանում չկա նման ծառայություն: Զանգեցինք բոլոր գրախանութները, հետաքրքրվեցինք, թե որոնք ունեն նման ծառայություն, ու բոլորն ասացին, որ չունեն: Այդպես մտածեցի, որ կարելի է գրքերի օնլայն վաճառք իրականացնել: Եվ տեսնելով, որ ընթերցողների թիվը Հայաստանում շատանում է, մտածեցի, որ պահանջարկն էլ կմեծանա: Այդ պայմաններում ինչո՞ւ չունենալ սեփական «գրախանութ»,- «Անկախին» պատմել է Mybookstore-ի հիմնադիր Լևոն Ստեփանյանը:
Ամբողջությամբ՝ ankakh.com