Հենրիխ Մխիթարյանը այսօր կարող է իր նորամուտը նշել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Շատ է խոսվում այն մասին, որ Մխիթարյանը շատ հարմար ֆուտբոլիստ է լոնդոնյան թիմի համար: 168.am-ն առաջարկում է հասկանալ, թե որքանով են իրար հարմար Մխիթարյանն ու «Արսենալը»:
«Արսենալը» վերադառնում է իր նախընտրած ոճին
Վերջին տարիներին լոնդոնյան ակումբը մի փոքր երես է թեքել իրեն բնորոշ ֆուտբոլից:
2009 թվականին Արսեն Վենգերը ներկայացրել էր իրենց խաղային պլանը. «Մեկ կրեատիվ ֆուտբոլիստ՝ հարձակման կենտրոնում, ևս երկուսը՝ եզրերում և կենտրոնում տեղափոխությունների համար: Որքան շատ են ֆուտբոլիստները, ովքեր կարող են լավ փոխանցում անել, այնքան լավն ու կրեատիվ է թիմի խաղը»:
Թիմում անցկացրած 21 տարիների ընթացքում Վենգերը շատ է փոփոխել խաղաոճը, սակայն կրեատիվ ֆուտբոլը միշտ եղել է առաջնայինը: Ալեքսիս Սանչեսի ժամանակներում այս ֆուտբոլը շատ տուժեց, սակայն Սանչեսին փոխարինող Մխիթարյանն ամբողջությամբ համապատասխանում է Վենգերի ֆուտբոլային փիլիսոփայությանը:
Առանց Մխիթարյանի տուժում է նաև թիմի առաջատարներից Մեզութ Օզիլը: Մխիթարյանը Օզիլին ևս կօգնի՝ խաղալու իրեն բնորոշ ֆուտբոլը:
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը Մխիթարյանի մեջ տեսնում էր խաղացողի, ով որոշում էր թիմի ցուցադրած խաղի ոճը: Կլոպը անվանում էր Հենրիխին մտածող ֆուտբոլիստ և նշում էր, որ Մխիթարյանի հետ ծանոթությունից հետո չէր զարմանում, թե ինչպես է Հայաստանը տալիս այդքան ուժեղ շախմատիստներ:
«Մխիթարյանն ու Օզիլը կարող են խաղալ միասին: Մխիթարյանն ունի բոլոր հատկանիշները, որպեսզի ինտեգրվի մեր թիմ: Նա կավելացնի մեր կրեատիվությունը, տեխնիկական կայունությունն ու փորձը»,- ասում է Վենգերը:
«Արսենալի» ֆուտբոլը կկենդանացնի Մխիթարյանին
Մխիթարյանը շատ կախված է այն ֆուտբոլից, որը ցուցադրում է իր թիմը: Սա շատ լավ երևում էր դորտմունդյան ակումբում՝ Տուխելի և Կլոպի ժամանակահատվածներում:
«Նա խելագար է, ով մտածում է միայն պրեսինգի և հակագրոհների մասին (Կլոպի մասին,- Ս.Ա.): Տուխելի գալու հետ ամեն ինչ փոխվեց: Մենք սկսեցինք վերահսկել հարձակվողական խաղը և մեծ ազատություն ստանալ առջևում: Նրա շնորհիվ մենք ավելի օգտակար էինք խաղում»,- նշել էր Մխիթարյանը Տուխելի տեղափոխությունից հետո:
Տուխելը համոզված էր, որ իր պատկերացրած թիմում Մխիթարյանը հիանալի արդյունքներ կունենա: Նա մի քանի անգամ հանդիպել է Մխիթարյանի հետ, երկար զրուցել է և անգամ խնդրել է նրան չմտածել հեռանալու մասին: Մխիթարյանը դրանից հետո սկսեց փայլուն արդյունքներ ցուցադրել գոլ+փոխանցում համակարգում:
Հետո սկսվեց Մոուրինիոյի ժամանակաշրջանը: Մանչեսթերյան ակումբում Մխիթարյանն ապացուցում էր, որ կարող է փայլել, երբ կողքին են ճիշտ դասավորված ֆուտբոլիստներ՝ գնդակ մատակարարող Պոգբան, կազմակերպիչ Մատան և եզրերով բացվող Ռեշֆորդը և Լուկակուն:
Անգլիական մամուլում նշվում է, որ Մխիթարյանի և Մոուրինիոյի տարաձայնությունները սկսվեցին այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ նրանք շատ տարբեր պատկերացումներ ունեն ֆուտբոլի մասին: Մխիթարյանին դուր չէր եկել, թե ինչպես է Մոուրինիոն տեսակրկնությունները դիտելիս նկատողություններ անում իրեն:
Ճիշտ թիմում Մխիթարյանը անկասելի է: Լոնդոնյան ակումբում խաղում են այնպես, ինչպես սիրում է Մխիթարյանը: Վենգերը ֆուտբոլիստներին տալիս է շատ ազատություն հարձակման ժամանակ և հիմնական է համարում մրցակցի տուգանային հրապարակը, որտեղ Միթարյանը շատ լավ է գործում:
Նման խաղի մասին Մխիթարյանը երկար ժամանակ է երազում: Վերջապես հայ ֆուտբոլիստը կստանա ստեղծարար գործելու հնարավորություն:
Վենգերի փիլիսոփայությունն ավելի է համապատասխնում Մխիթարյանին
Մխիթարյանը այն ֆուտբոլիստներից է, որ չափից շատ է մտածում իր սխալների մասին. «Տուխելը ինձ խորհուրդ տվեց մի գիրք կարդալ՝ «Ներքին խաղը թենիսում»: Այն պատմում էր թե՛ անձնական կյանքում, թե՛ կարիերայում կատարելության հասնելու մասին: Այն կարծես ինձ համար գրված լիներ: Առաջ ես շատ էի մտածում բաց թողած պահերի մասին: Այդ գիրքը ինձ շատ բան սովորեցրեց: Ես հիմա ավելի հեշտ եմ ընդունում նման պահերը, դա ինձ շատ է օգնում»,- պատմել է Հենրիխը:
Մխիթարյանը շատ է նշել, թե ինչ կարևոր էր իր համար մարզչի հետ խոսելը: Այդ խոսակցությունից հետո Մխիթարյանը անցկացրեց իր կարիերայի լավագույն ժամանակահատվածը:
Կլոպը լավ չէր հասկանում Մխիթարյանի բնավորությունը, բայց ևս ընդգծում էր, որ Մխիթարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է:
Տարիների ընթացքում Մխիթարյանի բնավորությունը չի փոխվել: Նա մինչև օրս էլ ունի մարզչի աջակցության կարիքը: Մանչեսթերյան ակումբ տեղափոխությունից առաջ Մխիթարյանը նշել էր, որ ոչինչ չի խոստանում, քանի որ խոստումներ տալու ժամանակ միշտ հայտնվում ես ավելորդ ճնշման տակ: Մխիթարյանը դեռ չէր հասկանում, թե ինչպես էին զարգանալու հարաբերությունները մարզչի հետ:
Մխիթարյանը կրկին փայլելու համար պետք է տղամարդու նման հաղթի մենամարտը ճնշման դեմ: «Երբ դու տխուր ես, քո բախտը խաղադաշտում չի բերում: Ես սովորել եմ դա բրազիլական մշակույթից: Պետք է վայելել ամեն պահը դաշտում»,- տարիներ առաջ նշել է Հենրիխը:
Սիրարփի Աղաբաբյան