Արա լեռան լանջին տեղի ունեցած ողբերգությունն առիթ է տվել տարբեր մեկնաբանությունների, որոնք երբեմն հեռու են իրականությունից։ Sputnik Արմենիան պարզել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ չարաբաստիկ օրը։
Հայոց բանակի օրը Արա լեռը բարձրացած հայ ալպինիստների խումբը չի կասկածել, որ հաջող վերելքից հետո իջնելիս կարող են ձյան սահքի պատահել։
Բանակի օրն այդ սարը բարձրանալը յուրօրինակ ավանդույթ է դարձել։ Տրամադրությունը հիանալի է եղել` ինչպես միշտ լինում է Էգդար Նավասարդյանի հետ արշավների ժամանակ։ Բարձրանալիս ոչ մի խնդիր չի եղել։ Դադարներ անելով բարձրացել են։
Ականատեսի խոսքով` Էդգարը պրոֆեսիոնալ ալպինիստ է և որպես խմբի ղեկավար` նա անհրաժեշտ ցուցումներ է տվել ինչպես բարձրանալիս, այնպես էլ իջնելիս։
Նավասարդյանի կազմակերպած բազմաթիվ արշավների ժամանակ նույնիսկ չնչին պատահարներ չեն եղել, քանի որ անվտանգության կանոններին խստորեն հետևել են։
«Այդպես է եղել նաև այս անգամ։ Բայց միջամտել է տարերքը, որը կանխագուշակելն անհնար էր։ Ամեն ինչ ակնթարթորեն տեղի է ունեցել գագաթից իջնելու ժամանակ», – ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Նրա խոսքով` իջնելիս Էդգարը հերթական անգամ տեղեկացրել է, թե ինչպես պետք է հետևել անվտանգության կանոններին։ Խումբը շարքով է գնացել, ըստ ավանդույթի` առաջինը գնացել է ղեկավարը։
Եվ այստեղ անսպասելիորեն սկսվում է այն, ինչին ոչ ոք չէր սպասում` ձյան հզոր հոսք։ Հիմնական հարվածը կրել են առաջին շարքերում գնացող ալպինիստները։
Արշավի մասնակիցները միանգամից արձագանքել են պատահարին, պատմեց ականատեսը։ Խմբում բժիշկ է եղել, որն անհապաղ առաջին օգնություն է ցուցաբերել տուժածներին։
«Ցավոք, տուժածներից մեկին չի հաջողվել փրկել։ Նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել», – պատմեց նա։
Խմբի անդամները կապվել են ալպինիզմի և լեռնային զբոսաշրջության ֆեդերացիայի, ինչպես նաև փրկարարների հետ։ Պրոֆեսիոնալ ալպինիստները` ֆեդերացիայի անդամները, առաջինն են օգնության հասել տուժածներին։
Հիմա խմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը հիվանդանոցում է` բժիշկների հսկողության տակ։ Նա կոտրել է ոտքը, նրան մի քանի բարդ վիրահատություն է սպասվում։ Էդգարը նաև ուժեղ ցրտահարության է ենթարկվել։
Արշավի մասնակիցներից մեկը բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, նրան նույնպես կվիրահատեն։
Հայկական ալպինիզմի պատմության մեջ նման արտակարգ պատահարներ չեն եղել, հատկապես պրոֆեսիոնալ թիմերի շարքում։ Ռիսկի խմբում ավելի հաճախ հայտնվում են անհատ ալպինիստները։