Քրեական հեղինակություն Սերգեյ Ասատրյանը (Սերյոգա Բենթլի) ժամանել է Նիժեգորոդյան մարզի գաղութներից մեկը: Նա առայժմ պետք է պատիժ կրի որպես մարդ, ում «օրենքով գողի» կոչումն առկախված է: Սերգեյի հայրը՝ «քրեական գեներալ» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), փորձում է լուծել որդու խնդիրները, սակայն առանձնակի հաջողություն առայժմ չունի:
Ինչպես պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Սերգեյ Ասատրյանը, ժամանել է Նիժեգորոդյան մարզի թիվ 1 ուղղիչ գաղութ, սակայն գաղութի մյուս բնակիչները նրան որպես «օրենքով գող» չեն ընկալում: Ընդ որում՝ սկզբնապես Սերյոգա Բենթլիի բանտային ուղին իրադարձությունների նման զարգացում չէր կանխատեսել: Շորթման համար կալանավորումից հետո Ասատրյանը մոսկովյան քննչական մեկուսարաններում բուռն գործունեություն էր ծավալել:
2017 թ. «Բուտիրկա» քննչական մեկուսարան էր ժամանել օրենքով գող Ահմեդ Եվլոևը (Ահմեդ Սուտուլի): Նրա գողական տիտղոսն արդեն վաղուց դրվել էր կասկածի տակ մի շարք ազդեցիկ «քրեական գեներալների», այդ թվում՝ Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կողմից: Հայտնի է, որ նախորդ բանտարկության ժամանակ Սուտուլին որպես «օրենքով գող» չէր ներկայանում: Սակայն այս անգամ օգնությունն եկել էր միանգամայն անսպասելի կողմից: Այն ժամանակ «Բուտիրկայում» գտնվող «օրինական» Սերգեյ Ասատրյանը (Սերյոգա Բենթլի) գրություն էր տարածել առ այն, որ մեկուսարան է ժամանել Ահմեդը, ում պետք է «օրենքով գող» համարել: Արդյունքում Սուտուլին «քրեական գեներալի» կարգավիճակում ծեծի էր ենթարկել դրածո Դաթոյին: Սկսվել էին հաջորդական ռազբորկաներ, Սերգեյ Ասատրյանին ուղղված էլ հարցեր էին ծագել: Նա շտապել էր հայտարարել, որ իբրև գրությունը ստորագրելիս չի իմացել, որ Սուտուլին շատ «մեղքեր» ունի և որ նրա տիտղոսը հարցականի տակ է:
Հետո Օսետրինա Կրտսերին տեղափոխել էին «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ նա մի շարք ռազբորկաներ էր սարքել այնտեղ գտնվող այլ «օրենքով գողերի», մասնավորապես, Տալեխ Դագլիևի (Տոլիկ Նոգինսկի) հետ: Արդյունքում նրան ուղարկել էին «Վլադիմիրսկի ցենտրալ»:
Այն բանից հետո, երբ Ասատրյանը ստացել էր 9 տարվա ազատազրկում գաղութում, նրան ուղարկել էին Նիժնի Նովգորոդի քննչական մեկուսարան: Շուտով հասել էր գրություն, որ Ասատրյան կրտսերին հարկ չկա «օրենքով գող» համարել: Ուղերձը ստորագրել էին այնպիսի «օրինականներ», ինչպիսիք են Վասյա Վոսկրեսը (Վասիլի Խրիստոֆորով), Ցեզարը, Գելան, Վալերա Տբիլիսսկին, Գոգի Պիտերսկին, Մացին, Շալվովիչը, Միրոնը (Դմիտրի Չանտուրիա): Այդ ուղերձը բոլոր կալանավորներին հնչեցրել էր «նայող» Լեխան:
Վերջերս Ասատրյանը վերադարձել է Նիժեգորոդյան մարզ, այդպես էլ չլուծելով «օրինականի» կարգավիճակի հետ կապված իր խնդիրները: Եվ հաշվի առնելով, որ բոլոր նիժեգորոդյան գաղութները գտնվում են Վոսկրեսի ու Ցեզարի պինդ խնամակալության տակ, Բենթլիի շանսերը լուծել իր խնդիրները՝ շրջանցելով այդ երկու «օրինականներին», հավասար են զրոյի:
Սակայն Էդուարդ Ասատրյանը չի հանձնվում: Վերջին ժամանակներս նա առավելապես Դոնբասում է, սակայն վերջերս վերադարձել է Մոսկվա և միջնորդների միջոցով Վոսկրեսի հետ բանակցությունների նոր ռաունդ է մտել՝ վերադարձնելու համար որդու տիտղոսը: