Էդ ի՞նչ հիվանդ վիճակ ա. խաչի տեսքով շենքի նախագծի հեղինակը՝ քննադատողներին. armtimes.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էդ ի՞նչ հիվանդ վիճակ ա. խաչի տեսքով շենքի նախագծի հեղինակը՝ քննադատողներին. armtimes.com

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկում է ծավալվել Երևանի Երիտասարդության պալատի (Կուկուռուզնիկ) նախագծերից մեկի վերաբերյալ: Սոցցանցում տարածված լուսանկարներում բարձրահարկ շենքը խաչի տեսքով է պատկերված: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նախագծի հեղինակը «Ասք մետ դիզայն» նախագծող և շինարարական ընկերություն տնօրեն, ճարտարապետ Հայկ Կարապետյան է:

Երբ կայքի թղթակիցը փորձել է Կարապետյանից տեղեկանալ՝ իսկապես ի՞նքն է նախագծի հեղինակը, ճարտարապետը զայրացած պատասխանեց. «Այ մարդ, էդի նկար չի, էտի սթից նկար ա, ի՞նչ եք խառնվել իրար սաղդ, չեմ հասկանում ես: Նկար ա քցած ընդե, ի՞նչ եք խառնվել իրար սաղ աշխարհով: Անջատել, քցել եմ էն կողմ, էդ ի՞նչ հիվանդ վիճակա, չեմ հասկանում»: Հայկ Կարապետյանի հետ մեր զրույցն այսքանով ավարտվեց, քանի որ նա անջատեց հեռախոսն ու մեր հետագա զանգերն անպատասխան թողեց:

Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ դեռևս 2010 թվականին այս նախագիծն ուշացումով ներկայացվել է Երիտասարդության պալատի շենքի տեղում կառուցվելիք շենքի համար հայտարարված մրցույթին: Խաչի տեսքով նախագիծը հաջողություն չի ունեցել, մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնական «Arai Architects» ընկերության ներկայացրած նախագիծը:

Երիտասարդական պալատի տեղում պետք է կառուցվեր երկու մասնաշենք, որոնցից մեկի բարձրությունը մոտ 150 մետր էր նախատեսված, մյուսինը՝ 90 մետր: Սակայն քաղաքապետարանը սահմանել էր, որ առաջին մասնաշենքի բարձրությունը պետք է լինի 122մ, երկրորդինը` 70մ: Մինչդեռ նախագծի հեղինակները սեփականատիրոջից պահանջում են հաղթած նախագծի չափորոշիչները պահպանել, բայց քաղաքապետարանը հիմք չունի այդ շենքերի բարձրությունը ավելացնելու համար: Դրանից հետո հաղթած նախագիծը շենք չի դարձել:

Սարալանջի փողոց 1 հասցեում գտնվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը: Ընկերությունը մոտ տասը տարի առաջ քանդել է Երիտասարական պալատն ու մինչ օրս տեղում որևէ կառուցապատում չի իրականացրել: Տարածքում այժմ բազալտի խճաքար է մշակվում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, նախկինում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախորդ տարի խոսելով այս խնդրի մասին երկու լուծում էր առաջարկել: Լուծումներն այն են, որ եթե կառուցապատում չի իրականացվում, ապա տարածքը կամ պետք է ճանաչել հանրային գերակա շահ կամ սահմանել հողի բարձր հարկ, որպեսզի սեփականատերը կամ կառուցապատումն արագացնի կամ էլ արագ և էժան գնով ձերբազատվի տարածքից:

Վերևի երկու լուսանկարում պատկերված են Հայկ Կարապետյանի հեղինակած աշխատանքները

Ճապոնական «Arai Architects» ընկերության ներկայացրած նախագիծը

armtimes.com