«Մեդիալաբի» զրուցակիցն է ճարտարապետ Միսակ Խոստիկյանը։
– Ձեր «Ճարտարապետության ժամանակը» հանրային զեկույցում խոսում էիք այն անհրաժեշտ ժամանակահատվածի մասին, որի ընթացքում պետք է եփվի որևէ նախագիծ: Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում, դատելով ներկայացված ցուցադրական նյութից, կառուցվում է մի հսկայածավալ շինություն, որինախագիծը դեռ անավարտ է, բայց շինարարությունն արդեն ընթանում է: Որքանո՞վ է դա նորմալ:
– Գործընկերներս ինձ բացատրեցին, որ երբ պատվիրատուն պետական օղակ չէ, նախագծի մրցույթը պարտադիր չէ` հայտարարվում է միայն պատվիրատուի կամքով: Տվյալ դեպքում պատվիրատուն խոշոր օլիգարխ է և, սկզբունքորեն` այդպիսով, պետական օղակ: Ճիշտ կլիներ, որ պատվիրատուն անձամբ նախաձեռներ մրցույթ:
Առհասարակ, կարծում եմ, որ կախված օբյեկտիվ բնույթից և տեղադիրքից, պետք է պահանջվեր մրցույթ` անկախ պատվիրատուի կարգավիճակից, էլ չեմ ասում` շինարարությունից առաջ ամենատարբեր հանրային քննարկումների փուլեր անցած և վերամշակված նախագիծ: Սրանք վերաբերում են գործի ընթացակարգին և իրավական կողմերին: Ես կուզեի խոսել ավելի ընդհանուր սկզբունքային ասպեկտների մասին` չխորանալով դետեկտիվ հանգույցների մեջ:
Վերջերս ԿԳ նախարարը ասել է` «Լավ գիտնականը կարող է իր ֆինանսավորման խնդիրները լուծել»: Ասել է նաև, որ պակասում է ինդիվիդումը: Ինձ համար շատ տխուր է նման բան լսել նախարարից: Ճիշտ հակառակը` «ինդիվիդումը» տվյալ համատեքստում վկայում է, այսպես կոչված, սոցիալական տաղանդը, որը բուն մասնագիտականի հետ ուղղակի կապ չունի:
– Խոսքը ճարտարապետության ոլորտում «ինդիվիդումների» ինքնադրսևորման, կայացման մասի՞ն է:
– Ինչ վերաբերում է ճարտարապետական արտադրանքի կայացմանը, ուզում եմ դրա կառուցվածքային խնդրի մասին խոսել: Օրինակ` Բրիտանիայում իրավաբանության մեջ, որքան ինձ հայտնի է, բազմապիսի փաստաբանների մեջ կա երկու հետևյալ տեսակը` բարիսթրներ և սոլիսիթրներ, որոնցից առաջինն անմիջապես զբաղվում է հաճախորդի հետ, մյուսը նրա գործերը ներկայացնում է դատարաններում, իրավաբանական ատյաններում:
Առաջինը կարողանում է խոսել պատվիրատուի լեզվով, երկրորդի լեզուն զուտ մասնագիտական է: Կարծում եմ, որ մեր հանրության զարգացման ներկա փուլում ճարտարապետական մասնագիտությունների մեջ պետք է լրացուցիչ տարբերակում լինի: Խոսքը միայն շահերի հակասության մեջ չէ, երբ պաշտոնատար անձը չպետք է զբաղվի նախագծային աշխատանքներով ու դրանց հաստատմամբ միաժամանակ: Հաճախ լսում ենք արդարացումներ, որ այս կամ այն շենքի նախագծման փուլը չի համընկել նախագծողի պաշտոնավարման շրջանին:
Գտնում եմ, որ կազմակերպչական, դիվանագիտական տաղանդները առանձին հարգանքի են արժանի և կարիք չունեն հավակնելու նախագծային կոչումներին, և հակառակը: Կարիք չկա, որ նշված ճարպկությամբ օժտված մարդիկ իրենց շնորհքը նոսրացնեն գրաֆիկական արտահայտման վարժանքներով, ինչպես ստեղծագործող հեղինակը ապակողմնորոշվի պաշտոնավարման կազմակերպչական հոգսերով:
Ի վերջո, կոռուպցիան` ապականումը, տեղի է ունենում, երբ մի ասպարեզի վարքի սկզբունքներն ու կանոնները գործադրվում են բնույթով տարբեր մեկ այլ ոլորտում: Մասնագիտական խորացումը շատ մեծ ժամանակ է պահանջում, իսկ մուսան խանդոտ է` չի հանդուրժում այլասերում, թեև պարտադրում է մյուս քույրերի կենդանի ներկայությունը, այլ ոչ թե նրանց վաղեմի պատկերների կասկածելի կրկնօրինակները:
– Անկախ մասնագիտական բաժանումներից` բուն խնդիրը պատվիրատուի ճաշակն ու կա՞մքը չէ:
– Պատվիրատուի ճաշակն ու կամքը նորմալ դեպքում առերեսվում է հնարավորինս լավ մշակված օրենքների ու կանոնակարգերի հետ և, վերջիվերջո, պետք է արտահայտվի ներդրման և նրա կողմից հեղինակի ընտրության մեջ կամ, հավակնոտ նախագծերի դեպքում, ժյուրիի փորձագետ անդամների կազմում իր նախընտրության առաջադրմամբ:
Գլամուրը` որպես ապականման տեսակ, բնութագրվում է փողի և դիրքի չարաշահմամբ` ստեղծագործական գործընթացին հեղինակի կողմից չհայցված միջամտությամբ: Պատվիրատուն մատիտը ձեռքը չի վերցնում կամ, ինչպես վերն ասացինք` չի մտնում ստեղծագործական արտահայտման ասպարեզ, և նրա կամքի իրականացումը կարող է շատ տարբեր որակ և ուղղվածություն ունենալ` կախված մատիտ շարժողից:
– Իսկ միգուցե նախագծողի ու պատվիրատուի ճաշակները մի առվո՞վ են գնում: Այդպես հեշտ է` ամեն ինչ գցել օլիգարխ պատվիրատուների ճաշակի, նրանց ճնշման, որոշակի լծակների վրա և հարցը փակել: Գուցե ճարտարապետներն իրենք համաձա՞յն են առաջարկվող «գեղագիտությանը»:
– Նման արդարացումները հազվադեպ չէ, որ հնչում են ճարտարապետների կողմից, որոնք այնուամենայնիվ, չեն հրաժարվում նախագծերից և, որպես կանոն, հրաժարական չեն տալիս իրենց զբաղեցրած պաշտոններից, իրենց բերանով հայտարարելով, որ այս կամ այն շենքը, համալիրը աղճատվել են:
Ցավոք, դա ընկալվում է ըմբռնումով: Դուք, կարծեմ, նկատի ունեք գեղագիտական, գաղափարաբանական ասպեկտները: Դրանցից բացի, առաջնահերթ են կենսապահովման հրամայականները` օդափոխության, անվտանգության, երթևեկության, էկոլոգիական, սեյսմիկ, սանիտարական, սոցիալական և այլն, որոնք բծախնդիր և հետևողական մշակում ու օրինակարգում են կարոտում: Տվյալ նախագծում այս ամենը ավելի քան խնդրահարույց է, և դա նկատելու համար անպայման չէ մասնագետ լինել: Եթե այսպես շարունակվի, քաղաքաշինական ճգնաժամը շատ ավելի ցայտուն ցույց կտա իրեն:
Ինչ վերաբերում է ոճական կողմին, կենտրոնի ներկայացուցչական հավակնություն ներկայացնող կառույցներում գերակշռում է նեո-նեո-նեո-պսևդո-նեո-նեո կլասիցիզմի իշխանությունը: Սա բնորոշ է հետխորհրդային, մասնավորապես` միջինասիական տարածքին: Կլասիցիզմը ծնվել է բացարձակ միապետության հետ և ժամանակ առ ժամանակ վերադառնում է`քիչ թե շատ համապատասխան սոցիալ-քաղաքական հող գտնելով:
Դա նախօրոք հայտնի ճարտարապետական ձևերի և սկզբունքների կիրառման, մեկնաբանման գեղագիտություն է, երբ ձևն արդեն դարձել է նշան: Հետաքրքիր է, որ քաղաքաշինական ալեկոծումներում, գոյացումների անկանոնության և ներկայացուցչական շենքերի մեջ գերակշռում են կարգ հաստատելու ձգտումները` շարքերը, շարասյուները, որոնք հայելու պես անդրադարձնում են ուժային քաղաքականության կարգը:
– Ստացվում է` ներկայիս ճարտարապետության նշանները ուժային քաղաքականության երևակումն են: Բայց ինչո՞ւ այդքան ուղիղ և անմիջական:
– Ճարտարապետությունը շատ աշխատատար և ժամանակատար գործունեություն է: Արհեստի մասը մեծ է: Հեղինակների մի մասը բավական ռեսուրս չունի քիթն իր կենցաղապահովման խնդիրներից բարձրացնելու համար, մյուսը` բավական սադրանք չի ստանում կտրվելու, այսպես կոչված, նեոլիբերալիզմի պայմաններում տեղական քաղաքական մթնոլորտից:
Ընդ որում, ցավոք, տարածված է «ես չանեմ` ուրիշը կանի» հոռի բանաձևը. կարծես մարդն իր արածի համար չի պատասխանատու, այլ` եղած-չեղածի` ընդհանրապես: Այդ տրամաբանության հետևանքով էլ մեղքը լղոզվում է բոլորի վրա: Դրանից բացի, մեծ դեր ունի մշակութային, առաջին հերթին` հումանիտար միջավայրի ակտիվության, ինտենսիվության աստիճանը:
Սադրանքը, որ նշեցի, պետք է գար արմատական արվեստի և նույնպիսի ճարտարապետության պոռթկումներից: Ցավով պիտի արձանագրել, որ դրանք նկատելի չեն: Լավագույն դեպքում առկա է, ըստ էության, արհեստավոր լինելու փափագը, որը ներկայանում է իբրև արվեստագետ: Արմատական արվեստի, այսինքն` քաղաքականապես հանձնառու գործունեության ինստիտուցիոնալացումն անուղղակիորեն կփոխեր կարծրացած պատկերացումները, ինքնատիրաժավորմանը լծված «ինդիվիդումների» մոտ հարցեր կառաջանային, կկասկածեին սեփական բարորակ առաքելության պատրանքներին:
Վերջին հաշվով, ոչինչ չի կարող փոխել մարդկանց համոզմունքները, եթե իրենք չուզենան: Իսկ հայեցակետի փոփոխության ներքին պահանջ առաջացնելը, որի շնորհիվ փոխվում են համոզմունքներն ու պատկերացումները, կրթական քաղաքականության խնդիր է:
էմմա Մանուկյան