Եթե հասարակական կարծիքը ծխելուն դեմ լինի, ապա կարող է ներգործել քաղաքական վերնախավի վրա, լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին, թե Հայաստանի քաղաքական վերնախավը կամք ունի՞ հակածխախոտային նոր օերնքն ընդունելու և կիրառելու համար:
Նա ասաց, որ այս օրինագծի նկատմամբ իր վերաբերմունքը դրական է, սակայն մի բան է օրենքն ընդունելը, մեկ այլ բան իրականացնելը, և այստեղ նա տեսնում է լրատվամիջոցների մեծ դերակատարումը: Նա հավաքված լրագրողներին առաջարկեց զբաղվել հետաքննությամբ, պարզել, թե քաղաքական գործիչներից ով է ծխում, լուսանկարել և համացանցում հրապարակել:
Այն դիտարկամը, որ ոչ մի բան հետաքննելու կարիք չկա, քանի որ ծխողները չեն էլ թաքցնում դա, Ահարոն Ադիբեկանը դարձյալ կրկնեց, որ այս հարցում վճռական նշանակություն կարող է ունենալ հասարակական կարծիքը: «Լրատվամիջոցները կարող են ստիպել, որ քաղաքական գործիչը գոնե իր աշխատավայրում չծխի կամ որևէ տեղ գաղտնի ծխի»,- ասաց նա
Ըստ որում՝ սոցիոլոգը համաձայնվեց լրագրողների հետ այն հարցում, որ գործող օրենքով տրանսպորտի վարորդներին ևս արգելված է ծխել, բայց ոչ մեկը չի հիշում դեպք, որ որևէ վարորդի դրա համար տուգանեին:
Նա հավելեց, որ ոստիկանության թվակազմը չի բավարարում, որ ծխելու արգելքը ստուգի բոլոր ձեռնարկություններում, և այս պատճառով կարծում է, որ հսկիչ գործառույթների մի մասը կարող է հասարակական կամակերպություններին օպատվիրակվել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը պատրաստել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար:
Օրենքի նախագիծը արգելք է նախատեսում բոլոր փակ հաստատություններում՝ ներառյալ գրասենյակներում, բարերում և ռեստորաններում, ինչպես նաև տրանսպորտի մեջ, կայարաններում, օդանավակայաններում և ավտոբուսի կանգառներում: Օրինագծով առաջարկվում է օրենքի խախտման համար բարձր տուգանքներ սահմանել՝ 50 հազարից 500 հազար դրամ չափով:
med.news.am-ը որոշեց հետևել սոցիոլոգի կոչին: