Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան և սցենարիստ Մհեր Մխիթարյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Ոսկե դպրոց» սիթքոմում, ինչպես նաև մասնակցում սիթքոմի սցենարական աշխատանքներին: Մեզ հետ զրույցում Մհերը պատմեց, թե ինչպես է ընդգրկվել այս նախագծում:
«Առաջարկը ստացա «Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր Վաչե Թովմասյանից, ում ծանոթ եմ դեռ «Վիտամին ակումբ»-ից: Հետո Վաչեի հետ նկարահանվել եմ նաև «Քարե դարդ»-ում, որտեղ նա կրկին հանդես էր գալիս որպես դերասան, սցենարիստ և պրոդյուսեր: Ի ուրախություն ինձ` «Ոսկե դպրոց»-ում մասնակցում եմ սցենարական աշխատանքներին ևս, հեղինակները չորսս ենք` ես, Գրիգ Գևորգյանը, Վահե Բեգլարյանն ու Վաչե Թովմասյանը»,- պատմեց մեր զրուցակիցը, իսկ հարցին, թե սցենարիստ լինելու հանգամանքը կերպար կերտելիս արդյոք օգնո՞ւմ է, պատասխանեց:
«Միանշանակ, օգնում է: Այս պարագայում սցենարը գրվելիս արդեն պատկերացնում եմ կերպարիս հետ կապված յուրաքանչյուր մանրուք»:
Մհերը խոստովանեց, որ սցենարական աշխատանքն ու դերասանի մասնագիտությունն իր համար հավասար հարթության վրա են, և երկու ոլորտներում էլ իրեն լավ է զգում: Ավելին` նա նշեց նաև, որ հետաքրքրությամբ կներկայանար նաև դրամատիկ ֆիլմերում:
Մհերի կերպարը «Ոսկե դպրոց»-ում ամենասիրելիներից է: Իր հերոսի մասին խոսելիս` դերասանը նշեց.
«Կարծում եմ` հերոսիս նման դեմքեր շատ կան դպրոցներում, քոլեջներում, բուհերում, դրա համար էլ շատերը նրան իրենց շրջապատից ինչ-որ մեկին նմանացնելով են սիրում: Հերոսս շոպլիկ տղա է, նա որտեղ իրեն հարմարավետ է զգում, այնտեղ էլ փորձում է հաստատվել: Ընկերներին էլ ձեռք է բերում` ըստ իր հարմարության ու շահի: Նա իրեն պետք եղած մարդկանց անընդհատ հաճելի խոսքեր է ասում, որոնք սիթքոմի հետևորդների համար թևավոր խոսքեր են դարձել. Գիտեմ, որ շատերն իրենց առօրյայում օգտագործում են հերոսիս` Պրոյի հայտնի խոսքերը»:
Մհեր Մխիթարյանը նշեց, որ թե սիթքոմի, թե իր կերպարի մասին հաճախ է դրական արձագանքներ լսում, ինչը միայն ոգևորում է իրեն և թիմին: Իր խոսքով` արձագանքներից հասկացել է, որ այն դիտում են նաև արտերկրում:
Հարցին, թե իր կարծիքով գործող հայկական սիթքոմների շարքում, ո՞րն է «Ոսկե դպրոց»-ի առավելությունը, նշեց.
«Մենք աշխատում ենք երեք տարիքային խմբերի համար. Մեզ դիտում են երեխաները, որովհետև նրանց հետաքրքիր է դպրոցական կյանքը, դիտում են նաև պատանիները, քանի որ ունենք սիրուն դերասաններ և դերասանուհիներ, ու նաև դիտում են մեծահասակները, որովհետև դերասանական կազմում ևս կան ավագ սերնդի ներկայացուցիչներ` ի դեմս Լալա Մնացականյանի, Գևոյի, Աշոտ Մելոյանի և այլոց: Տարիքային այդ երեք խմբին ի վերջո միավորում է լավ հումորը, որը կա սիթքոմում, և սա թող պաթետիկ և անհամեստ չհնչի»:
«Ոսկե դպրոց»-ի առաջին եթերաշրջանը հեռարձակվեց հոկտեմբերից մինչև հունվարի սկիզբ: Հետարքրվելով, թե երկրորդ եթերաշրջան սպասվո՞ւմ է, պատասխանեց.
«Իհարկե, երկրորդ եթերաշրջան կլինի, բայց ժամկետներ նշել չեմ ցանկանա: Արդեն իսկ մտածում ենք այդ ուղղությամբ, այնպես որ, երկար սպասեցնել չենք տա»:
Մհեր Մխիթարյանը զբաղվում է նաև Stand up ներկայացումներով:
«Մենք թիմ ունենք, որը կոչվում է «Stand up Yerevam»: Մեր խմբով տարբեր ակումբներում պարբերաբար ելույթ ենք ունենում: Սա հետաքրքիր ժանր է, որն ինձ շատ է դուր գալիս»,- նշեց նա, իսկ հարցին, թե իր կարծիքով մեր երկրում որակապես ի՞նչ հարթության վրա է գտնվում այդ ժանրը, պատասխանեց.
«Այս ժանրը այնքան էլ նորություն չէ մեր երկրի համար: Ժամանակին նույն Վարդան Պետրոսյանը, Աշոտ Ղազարյանը, Գևոն բեմից տեքստերով հումորներ են արել, մոնոլոգներով են հանդես եկել, որը, կարելի է ասել, նման է Stand up ժանրին: Կարծում եմ` յուրքանչյուր պարագայում պետք է փորձել, գործել ու ձգտել լավագույնին»: