Այն, որ պաշտպանության նախարարութունը փակ հիմնարկ է և այնտեղ կատարվող ամեն ինչ, այդ թվում՝ գնումները փակ են, ոչ թափանցիկ, դա փաստ է։ Եվ ամեն բան, որը փակ է, ենթակա չէ հրապարակման, այնտեղ մշտապես կոռուպցիոն ռիսկեր և չարաշահման դրսևորումներ կան։
ՊՆ-ի գնումների մտահոգիչ լինելու մասին շատ է խոսվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մշտապես անդրադառնում է պաշտպանության նախարարության գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերին, մեկ անձից կատարվող գնումներին։ ՊՆ-ն շատ հաճախ 100% բաժնեմասն հենց իրեն պատկանող մեկ անձից գնումներ է կատարում, այսինքն՝ իր ենթակայության տակ գտնվող ընկերություններից։ Այդպիսի մի շարք փաստեր էլ«Ժամանակ» թերթին են հայտնի դարձել։
Մասնավորապես, թերթին հասած տեղեկություններով և իրենց ձեռքի տակ եղած փաստերից պարզ է դառնում, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում է 3-4 ընկերություն, որոնք բոլորն էլ պատկանում են Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացված է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։
Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող այս գնումները բյուջեի վրա եռակի-քառակի թանկ է արժենում։ Մասնավորապես, այս ընկերությունը Ռոստով քաղաքում գործող «Սպեցտորգ» ընկերությունից ձեռք է բերում ՊՆ կարիքների համար ափսեներ, այլումինից և չժանգոտող պողպատից դույլեր, կաթսաներ, դանակ-պատառաքաղներ, թեյնիկներ՝ շատ մեծ խմբաքանակներով։ Եվ խնդիրը ոչ թե ռուսական ընկերության առաջարկած ապրանքների գինն է, այլ այն, թե վերջին հաշվով ինչ գնով է ՀՀ ՊՆ-ն դրանք ձեռք բերում։
Մեզ պատմեցին, որ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում։ Անգամ «Սպեցտորգ» ընկերության ներկայացուցիչներն են ապշած, որ Մովսես Հակոբյանն իրենցից շատ գումար է աշխատում իրենց արտադրանքի ձեռքբերման ժամանակ։ Մեզ ձեռքի տակ եղած փաստերից պարզ է դառնում, որ մեկ տարվա մեջ Հակոբյանի ընկերությունների գնումները գերազանցել են 32 միլիոն ռուբլին, որը մոտ 530 հազար դոլար է։
Ուշագրավ է, որ գնումների ցանկում եղած ապրանքները այնպիսի ապրանքներ են, որ հանգիստ կարելի է ձեռք բերել տեղական արտադրողից, մի քանի անգամ մատչելի գնով, բայց դա չի արվել և չի արվում։
Նշենք, որ 2014 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են մոտ 190 միլիարդ դրամ, սա բյուջեի 15.4%-ն է: 2015 թվականին ՊՆ կարիքների համար ծախսվել 199 միլիարդ դրամ: Պետական բյուջեի 19.2%-ը կամ 237 միլիարդ 402 միլիոն դրամն ուղղված է գնումների իրականացմանը: Վերջին տարիներին, հատկապես 2016 թվականի Քառօրյա պատերազմից հետո գնումների գումարն ավելի է աճել։