​Արվեստի մեջ քաոս է, իսկ երգարվեստ ընդհանրապես չկա. Հրանտ Մովսիսյան. ankakh.com
Advertisement 1000 x 90

​Արվեստի մեջ քաոս է, իսկ երգարվեստ ընդհանրապես չկա. Հրանտ Մովսիսյան. ankakh.com

«Անկախի» զրուցակիցն է ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, Կինեմատոգրաֆիստների միության և Հեռուստատեսության միջազգային ակադեմիայի անդամ Հրանտ Մովսիսյանը:

– Պարոն Մովսիսյան, նախ խոսենք կինոյի մասին: Հայաստանում կինոոլորտի արդիականացմանն ուղղված որոշակի քայլեր են արվում՝ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագծի մշակում, Ազգային կինոկենտրոնի թարմացում, նոր մեխանիզմների ներդրում և այլն: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Օրենքի նախագծի մասին դեռ չեմ ուզում խոսել, բայց այո, Ազգային կինոկենտրոնի թարմացումը շատ կարևոր էր, և ամենակարևորը՝ նշանակվել է մարդ, որը շատ լավ գիտի կինոն: Խոսքը Շուշանիկ Միրզախանյանի մասին է: Ինչ-որ մոտեցումներ կան կինոն զարգացնելու ուղղությամբ. Օրինակ՝ նախարարը՝ Արմեն Ամիրյանը, ուզում է Հայաստանը դարձնել 2-րդ կամ 3-րդ կարգի նկարահանման հրապարակ, ուր կգան և ֆիլմեր կնկարահանեն տարբեր երկրներից: Ասեմ, որ մեզ այսօր ավելի ձեռնտու է Իրանի հետ համագործակցել, որովհետև պարսկական կինոն շատ ավելի բարձր է, քան շատ եվրոպական երկրների կինոները. ամեն տարի պարսկական կինոն ստանում է լուրջ միջազգային մրցանակներ, բացի այդ, Իրանը մեր հարևանն է, և այլն:

Ինչ վերաբերում է մեր կինոյի խնդիրներին, ապա ազգային կինո, ըստ էության, մենք հիմա չունենք: Այսօր ժողովրդական կինոյի պահանջ կա: Մենք ունեինք այդպիսի ֆիլմեր՝ «Առաջին սիրո երգը», «Նվագախմբի տղաները» և այլն: Հիմա եկել է մի շրջան, երբ ավելի շատ զվարճալի ֆիլմեր են ստեղծում. այսօր նայեցիր՝ կես ժամից մոռանում ես: Բայց ամեն ինչ ունի իր անցման շրջանը: Երևի սա էլ է մի շրջան, կանցնի-կգնա, և ավելի լուրջ ֆիլմեր կստեղծվեն, իսկ լուրջ կինոն պահանջում է նաև լուրջ ֆինանսավորում և ամենակարևորը՝ լավ հեղինակներ. սցենարի մասին է խոսքը:

– Հայաստանի բոլոր ոլորտներում մենաշնորհներ գոյություն ունեն: Ձեր ոլորտում (կինո, հեռուստատեսություն, շոուբիզնես) կա՞ մենաշնորհ:

– Իհարկե կա, ո՞նց կարող է չլինել: Եվ մենաշնորհի ամենամեծ պրոբլեմն այն է, որ իրենք են որոշում և թելադրում ճաշակ: Դա ամենավատ բանն է: Իսկ շոուբիզնես բառն ասելիս միանգամից ուզում եմ տոմս առնել ու էս երկրից գնալ, ուղղակի ծիծաղս գալիս է, ի՞նչ շոուբիզնես: Մեզ մոտ շոուբիզնես չկա: Մի քանի երգիչ-երգչուհիներ, որոնք ռաբիս կամ կիսառաբիս բաներ են երգում, դա՞ է շոուբիզնեսը: Ես այդ մարդկանց կորպորատիվ երգողներ կասեմ, որովհետև մեծ բեմ, շոուներ չկան, նրանք պատրաստ չեն կենդանի երաժշտության: Կամ ինձ գոնե մի անուն տվեք, թե ով է այսօրվա երգի կոմպոզիտորը: Առաջ մենք գիտեինք՝ ով է երաժշտությունը գրում, օրինակ՝ Ռոբերտ Ամիրխանյանը, հիմա ո՞վ է գրում, ես չգիտեմ: Շոուբիզնեսն այսօր զրո է: Սա կոչվում է անցումային շրջան, երբ դեռ ոչ ոք իր տեղում չէ և չգիտի, թե ինքն ինչով պետք է զբաղվի: Այսօր արվեստի մեջ քաոս է, իսկ երգարվեստ ընդհանրապես չկա: Բայց օրինակ՝ օպերային արվեստը և բալետը փորձում են բարձրացնել, դա շատ լավ է: Նաև մոդայիկ է դարձել ջազային երաժշտությունը, դա էլ է լավ, որոշ ակումբներ հետաքրքիր մարդկանց են բերում, համերգներ են տալիս: Ես լավատես եմ և գիտեմ, որ մի օր ամեն ինչ իր տեղն է ընկնելու:

Ամբողջությամբ՝ ankakh.com



Նման նյութեր